Պարապ մարդը

Պարապ մարդը

Մարդ պարապ լիներ, շատ ժամանակ ու քիչ գործ ունենար, բացեր քաղաքագիտական աշխատություններ ու հանրագիտարաններ` ուսումնասիրեր «արդարություն» եւ «արդարադատություն» եզրույթները, մտածեր այդ երեւույթների իմաստի մասին: Հետո երկրի բոլոր դատախազներին հավաքեր մի դահլիճում ու երկար դասախոսություն կարդար այս եզրույթների մասին: Նիկոլ Փաշինյանի նման ասեր. «Ես, օրինակ, շատ եմ մտածում, թե որն է այն կետը կամ բանաձեւը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն եւ արդարադատություն»: Հետո էլի ժամանակ ունենար եւ իրեն ենթակա պարապ կառույցներին հանձնարարեր ուսումնասիրել «լեգիտիմություն» եւ «լեգալություն» տերմինները, իր համար տեղեկանքներ կազմել տար, գնար խորհրդարան, հավաքեր կիսագրագետ օրենսդիրներին եւ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի մակարդակով մի դասախոսություն էլ սրանց համար կարդար` լեգիտիմության եւ լեգալության նյուանսների մասին:

Հետո էլի ազատ ժամանակ ունենար, երկար մտածեր Հայաստանի ու նրա ճակատագրի մասին եւ Արքիմեդի նման բացականչեր. «Էվրիկա. ես գտել եմ մեր դժբախտությունների պատճառը` դա իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբերությունն է»: Հետո հավաքեր բոլոր ՔՊ-ականներին մի մեծ դահլիճում եւ երկար ելույթ ունենար, թե ինչով է իրական Հայաստանը տարբերվում պատմական Հայաստանից: Մեկ- մեկ, իհարկե, ժամանակը չի հերիքում նման «հայտնագործությունների» համար, եւ արդյունքում ասում է բաներ, որոնք հետո պարզվում է, որ ճիշտ կլիներ չասել: Օրինակ, Կիրանցում ոչ թե պետք է սկզբում ասեր` «եթե հողը չտանք, պատերազմ կլինի», այլ միանգամից խոսեր սահմանազատման` «որպես անվտանգության երաշխիքի» մասին: Բայց դե՝ անգամ Արքիմեդն ու Նյուտոնն են սխալներ թույլ տվել: