Կուսակցական որոշում ենք կայացրել՝ մասնակցելու ենք առանց կուսակցական դրոշների․ Դավիթ Խաժակյան

Կուսակցական որոշում ենք կայացրել՝ մասնակցելու ենք առանց կուսակցական դրոշների․ Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Դավիթ Խաժակյանն անձամբ ներկա չէ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, քանի որ բացակայում է երկրից, սակայն մեզ ասաց, որ իր գործընկերներն արդեն միացել են երթին։ Հետաքրքրվեցինք, թե «Լուսավոր Հայաստան»-ը ի՞նչ ձևաչափով է մասնակցելու շարժմանը, ասաց, որ շարժումն իր բնույթով ոչ կուսակցական է։

«Մենք քննարկումներ ենք ունեցել մեր բոլոր թիմակիցների հետ և ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ յուրաքանչյուրն անհատապես իր մասնակցության, աջակցության ցանկությունն է հայտնել առանց կուսակցական դրոշների։ Եվ ըստ էության, մենք էլ համակարգելով այդ մասնակցությունը, այսօրվա երթին և հավաքին մեր մասնակցությունը կունենանք և բնականաբար նաև հետագա պրոցեսներին՝ կիսելով բոլոր այն մտահոգությունները, մտածումները, որոնք Սրբազանը բարձրացնում է»,-ասաց Խաժակյանը։

«Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամը նշեց, որ շարժումը ինքնին հռչակված է որպես ոչ կուսակցական, այսինքն, դրան պետք է վերաբերվել ոչ թե որովհետև իրենք չունեն քաղաքական որոշում՝ աջակցելու շարժմանը, այլ զուտ շարժման բնույթով է պայմանավորված նման գործելաոճը։