Հսկայական քանակությամբ մարդիկ են բերել տարբեր տեղերից․ այդ 100 հազարին հատ- հատ պետք է ստուգել

Հսկայական քանակությամբ մարդիկ են բերել տարբեր տեղերից․ այդ 100 հազարին հատ- հատ պետք է ստուգել

Ժամեր հետո Բագրատ սրբազանի գլխավորությամբ երթը կհասնի Երևան։ Նախքան երթի հասնելը զրուցեցինք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

- Պարոն Ասլանյան, քիչ հետո երթը կհասնի Երևան, ի՞նչ զգացողություններ ունեք՝ մարդիկ կգնա՞ն, թե՞ չեն գնա։

-  Ո՞ւր գնան։

- Հանրահավաքի, էլ ո՞ւր։

- Ինչո՞ւ։

- Որ ձեր կուսակցությանը՝ ՔՊ-ին հեռացնեն իշխանությունից։

- Ինչո՞ւ։

- Որովհետև ձեր կուսակցությունը օր օրի հանձնում է երկիրը։

- Իրենց ասելո՞վ է։ Ես էլ գտնում եմ, որ մեր կառավարությունն ու իշխանությունը մեր պետությունը կայացնում են վերջնականապես։ Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մեր երկիրն ու պետությունը կայանա, թող գնան հանրահավաքի։

- Ի՞նչ եք կարծում՝ ինչքա՞ն մարդ կմասնակցի ձեր իշխանության դեմ հանրահավաքին։

- Ես այդ կողմից ստատիստիկ չեմ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այնքան խելամիտ կլինի, կհասկանա, թե ինչ ուղղորդումներով է գալիս։ Չէ՞ որ այս շարժումը բոլորովին էլ ներսի շարժում չէ, այս շարժումը դրսից ուղղորդվող շարժում է, և իզուր տեղը նոր ցնցումներ են ուզում առաջացնել, որովհետև այդ ուժերին ձեռնտու չէ Հայաստանի կայացումը, այդ ուժերին ձեռնտու չէ, որ մենք անկախ պետություն ունենանք, ո՞ւմ համար դա ձեռնտու չէ, ամեն մի խելամիտ մարդ, եթե մի քիչ կարողանա վերլուծել, կհասկանա, որ սա ուղղակի ուղղված է հայոց պետականության դեմ։

- Եթե հրապարակում 100 հազար մարդ հավաքվի, ձեր իշխանությունը հրաժարական կտա՞, 2018-ին այդքան մարդ հազիվ լիներ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

- Ը՜, օրինակ ես ուրիշ բան կառաջարկեի։ Ես կառաջարկեի մեկ- մեկ ստուգել, թե այդ 100 հազար մարդուց քանի՞ հազարն են իսկապես հայ ժողովրդի․․․, ՀՀ քաղաքացի։ Մենք հո գիտե՞նք, թե ինչքան տասնյակ հազարներով տարբեր տեղերից ․․․․, ես կարծում եմ, որ մասսան դեռևս ոչինչ չի նշանակում, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ հսկայական քանակությամբ մարդիկ են բերել, որ մասսա ցույց տան։

- Որտեղի՞ց են բերել։

- Մեկը Ռուսաստանից։ Տարբեր տեղերից։ Ես օրինակ կուզենայի, որ մի հատ ստուգեին, թե մարդը, որը ՀՀ քաղաքացի չէ, ի՞նչ իրավունք ունի ասենք այդ երթին մասնակցելու։ Եթե ՀՀ քաղաքացի չէ, դա նշանակում է, որ նա իրավունք չունի պահանջելու որևէ մի բան ՀՀ իշխանություններից։

- Բա ԱՄՆ քաղաքացիներ Սերժ Թանկյանն ու Արսինե խանջյանը 2018-ին ինչպե՞ս էին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում հարթակից։

-  Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հատուկ մարդիկ են, հո ես չասացի․․․, այն մարդիկ, ովքեր իսկապես աշխարհահռչակ են, դա ուրիշ բան է, ուրիշ բան, որ մասսա են ավելացնում, երկու տարբեր բաներ մի ամանի մեջ մի դրեք։