Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանը

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շուտով Երևան կհասնի։ Այսօր բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ Սրբազանը հագել է ճերմակ սքեմ։ Հարցին, թե ինչ-որ խորհուրդ ունի ճերմակ սքեմ կրելը՝ Սրբազանն ասաց, որ ամեն ինչ իր խորհուրդն ունի։ Քանի որ Սրբազանը չբացեց փակագծերը, մենք դիմեցինք համացանցի օգնությանը։ Եվ այսպես. հայ մանրանկարչության և որմնանկարչության, ընդհանուր առմամբ պատկերագրության մեջ ամեն գույն իր նշանակությունն ունի։

Պատկերը ճանաչելու կամ տարբերելու հարցում կարևոր դերակատարություն ունի գույնը: Պատկերագրության մեջ կերպարները ներկայացվում են իրենց ուրույն խորհրդանշական գույներով: Օրինակ, ավետարանիչների խորհրդանշական գույները դրսևորված են իրենց թիկնոցների և կենդանապատկերների գույներով՝ Մատթեոսը պատկերվում է ծիրանագույն, Ղուկասը՝ սպիտակագույն, Մարկոսը՝ կարմրագույն թիկնոցով: 

Պատկերագրության մեջ ճերմակը համարվում է Քրիստոսի գույնը, խորհրդանշում է Քրիստոսի՝ մարդկությանը մեղքի խավարից լուսավորելը, դեպի լույս առաջնորդելը: Սպիտակը խորհրդանշում է հոգու լույսն ու անբիծ էությունը, մաքրության ու սրբության գույնը, ինչպես նաև հավիտենական կյանքը: Սպիտակը կամ ճերմակը խորհրդանշում են Աստծուն նվիրված լինելը։ Հատկանշական է, որ սպիտակով են պատկերվում հարուցյալ Քրիստոսի զգեստները, հրեշտակները: