«Հրապարակ». Առաջիկայում կարող են սողանքներն ակտիվանալ, քարաթափումներ լինել

«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին պետ Վրեժ Գաբրիելյանն է:
- Ալավերդիում տեղի ունեցած աղետալի դեպքերից հետո բողոքներ են հնչում տեղացիներից, որ, օրինակ, փրկարարներն ուշ են ժամանել Ալավերդի, եւ, ստիպված, առաջին օգնությունը տեղացի տղամարդիկ են ցուցաբերել մարդկանց: Տեսակետ կա, որ ԱԻ նախարարության լուծարումն է նաեւ սրան նպաստել:
- Փրկարարներն իրենց աշխատանքը լավ են կատարել: Այն, ինչ կախված է օպերատիվ արձագանքման հետ, ոչ մի կապ չունի նախարարության հետ: Դեպքը տեղի է ունենում` պետք է ժամանակին կարողանալ հասնել, եթե չեն կարողանում, նշանակում է դեպքը մեծ ծավալի է, չէ՞ որ դեպքի վայր հասնելու համար նույնպես հնարավորություններ են պետք: Բա ինչո՞վ հասնեին, եթե ճանապարհը փակվել է, քանդվել են կամուրջներ, մարդիկ պիտի կարողանային հասնել այնտեղ:
- Բայց 21-րդ դարում ենք ապրում, գերթանկարժեք ավտոմեքենաներ գնելու փոխարեն թող բարի լինեին ուղղաթիռներ գնել` նման դեպքերի համար:
- Կարծում եք այդքան ուղղաթիռ կա՞: Եվ հետո՝ ուղղաթիռը բոլոր պայմաններում չէ, որ աշխատում է: Եղանակային պայմաններ կան, որ չի կարող ուղղաթիռը գործել: Թող մարդիկ իզուր թեթեւամտորեն չբողոքեն: Եթե ջրհեղեղ է, անձրեւ է, ուղղաթիռը չի կարող գործել, անգամ Փաշինյանը, երբ գնում էր ուղղաթիռով, եղանակային պայմանների պատճառով Վանաձորում իջավ: Բա էլ ի՞նչ անեին փրկարարները:
- Ուզում եք ասել, որ գործնականում նախարարության առկայության եւ ինչ-որ մի նախարարության մաս լինելու միջեւ չկա՞ որեւէ տարբերություն: Այն ժամանակ հսկայական նախարարություն էր, իսկ այսօր մի բաժին է ՆԳՆ-ում:
- Փրկարար ծառայությունն իր ողջ ներուժը պահել է, թե ով կլինի նախարարը` Երիցյանը, թե Փիլիպոսյանը, որեւէ կապ չունի: Էական չէ: Այլ բան է, որ մենք պետք է ծառայությունն ավելի զարգացնենք, որ պետք է կանխարգելիչ միջոցառումների վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, որ գետերի հուների հետ կապված խնդիրներ կան, որ տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է թույլ տան՝ սանիտարական գոտում կառուցապատման աշխատանքներ իրականացնեն եւ այլն, եւ այլն: Ռիսկերի մեջ պետք է այս ամենը հաշվի առնել:
- Ավելի մանրամասն եկեք խնդիրների մասին խոսենք: Ի՞նչ փոփոխություններ են հարկավոր:
- Ամենակարեւորը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է: Պետք է ռիսկերը նվազեցնել: Իմանալով, որ Հայաստանը լեռնային երկիր է, որ կան արագահոս գետեր եւ այլն, դրանց համար որոշակի պայմաններ ու նախադրյալներ կան, որոնք պետք է հաշվի առնել: Գետերի հոսքերը պետք է անպայման դիտարկել ու հաշվի առնել ռիսկերը: Եթե տեսնում ենք, որ կա վտանգ, որ գետը հունից դուրս կարող է գալ, պետք է ափապաշտպանների հարց լուծենք: Հաշվարկներ կան, որոնք պետք է արվեն, պետք է կարողանանք բնակչությանն իրազեկելու, ազդարարելու խնդիրը լուծել, պետք է կարողանալ մարդկանց վտանգավոր գոտուց հեռացնել անվտանգ տարածք: Սրանք լրիվ ընդհանուր սոուսի մեջ պետք է դիտվեն:
- Իսկ ինչո՞ւ են բացերն այսքան շատ: Գուցե մարդիկ ճիշտ են, որ չկա նախարարություն, կան այսքան խնդիրներ:
- Նախարարություն ունենալու հարցը չէ, բայց պետք է կարողանալ հնարավորություններն օգտագործել` ինչքան հնարավոր է: Մենք առաջ ավելի վատ վիճակում ենք եղել, հետո էդքան ձեռք բերեցինք, արեցինք:
- Ի՞նչ եք ձեռք բերել:
- Հարցրեք այժմյան ղեկավարներին` կասեն, ես երեք տարի է՝ չեմ աշխատում:
- Դուք Ձեր շրջանի մասին խոսեք: Հեղափոխական իշխանության գալուց հետո ի՞նչ եք ձեռք բերել, որ առաջ չկար:
- Այդ ընթացքում կարողացանք որոշակի առումով կարգավորել գետերի, ավազանների ջրածածկման խնդիրները, քարտեզներով հստակ նայում էինք, թե որտեղ ինչ խնդիր կարող ենք ունենալ: Նույնիսկ ջրամբարների խնդիրն էր լուծված: Հստակ գիտեինք, որ բնակավայրերը կարող են ջրածածկման տակ հայտնվել, եւ ինչ միջոցառումներ են հարկավոր դրանք կանխարգելելու համար: Քարտեզներով դրված է ամեն ինչ` Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաեւ մարզային վարչություններում:
- Իսկ ինչո՞ւ դրանք չեն արվում: Մարդկանց բնակարանները թաղվել են տիղմի մեջ, ամեն ինչ կորցրել են:
- Դե հիմա հետեւանքների մասին են խոսում: Եթե չկարողանանք գետերի ավազանները` վտակներով կարգավորել ու կառավարել ջրերի հոսքը, կունենանք այն, ինչ հիմա ունենք:
- Ինչպե՞ս կառավարել: Ինչո՞ւ չեն կարողանում անել այսօրվա պատասխանատուները:
- Շատ երկար պատմություն է, այս հարցի պատասխանն այն է, որ մարդիկ օրերով, ամիսներով հաշվարկներ են արել, ու ամեն ինչ պատրաստ է:
- Հայաստանում գետերի պակաս չկա, այս գարունն էլ բավականին տեղումնառատ էր: Այսինքն` նման դեպքեր նորի՞ց կարող են կրկնվել:
- Ցանկացած տարածքում` գյուղ կլինի, թե քաղաք, բացի այդ վտանգը, կարող են սողանքներն ակտիվանալ, քարաթափումներ կարող են լինել եւ կլինեն: Գերհագեցած է վիճակը եւ կարող է դրան հանգեցնել: Թեթեւակի տատանումը կարող է լեռան մի մասն իջեցնել: Ճանապարհներում կարող են նոր հոսքեր լինել: Հաղարծինում կա սողանք, ինչը բնական երեւույթ է, սակայն մարդկային գործոնը պետք է հաշվի առնել, որպեսզի կանխարգելիչ աշխատանքներ լինեն: Հաղարծինի սողանքը չէր լինի, եթե Երեւան-Հրազդան-Իջեւան երկաթուղին ճիշտ կառուցապատվեր: Գիտնականներն առաջարկում էին ճիշտ տարբերակը, բայց կառուցողները ճիշտ համարեցին լեռը ճեղքել ու ճանապարհ բացել: Ամեն անգամ Հաղարծինի սողանքն ակտիվանում է, ես վախենում եմ, որ հարակից տարածքի սողանքներն էլ կարող են շատանալ:
- Իսկ Ալավերդու ջրհեղեղը կարո՞ղ է նոր սողանքների պատճառ դառնալ:
- Օձունում մեծ սողանքային գոտի կա, չի բացառվում, որ վաղը կարող է այն ակտիվանալ: Նոր ճանապարհներ կարող են կառուցել, հինը նորոգել, բայց պետք է դա անել շատ զգույշ, այս առումով կա վտանգ: Մեր ընդհանուր հայեցակարգում նախատեսված շատ այլ հարցեր էլ կան, մեր տարածքները պետք է անգիր իմանանք: Ամեն մի գետի ավազանի հետեւանքները պետք է անգիր անենք: Պետք է գետերին հարակից տարածքներում արգելեն կառուցապատման աշխատանքներ անելը: Հասկանում եմ, որ գետի ափին օբյեկտ սարքելը հաճելի, գեղեցիկ երեւույթ է, բայց չի կարելի, այն վտանգավոր կարող է լինել:
Կարծիքներ