«Հրապարակ». Լավ են արել, որ ազատել են, բայց խոշտանգում էին 20 հոգով, իսկ դա ծանր հանցակազմ է

«Հրապարակ». Լավ են արել, որ ազատել են, բայց խոշտանգում էին 20 հոգով, իսկ դա ծանր հանցակազմ է

Մայիսի 27-ին ոստիկանությունը մոտ 300 մարդ է բերման ենթարկել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցող: Այդ օրը բերետավորները սովորականից ավելի դաժան էին ու, կարելի է ասել, սեռական առումով էլ տեսանելիորեն գրգռված․ աջուձախ սեռական բնույթի խայտառակ հայհոյանքներ էին տալիս ցուցարարներին, եւ անգամ տեսախցիկները նրանց չէին զսպում։ Կարմիր գլխարկներ հագած տղաներին անգամ չէր կաշկանդում հոգեւորականների՝ իրենցից ոչ պակաս հաղթանդամ արքեպիսկոպոսի ու քահանաների ներկայությունը, բերետավորները նրանց եւս քաշքշում էին, հետները ձեռնամարտի բռնվում՝ որոշ դեպքերում տանուլ տալով այդ ձեռնամարտը։

«5 իրավապաշտպանների» նախաձեռնությունը, որի կազմում են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Վահան Հովհաննիսյանը եւ Սերգեյ Հարությունյանը, ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների շահերի պաշտպանություն էին իրականացնում։ Երեկ մենք զրուցեցինք «5 իրավապաշտպաններից» մեկի` Վարազդատ Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ «Ես ազատության մեջ չգտնվող բերման ենթարկված անձանց մասին չգիտեմ, մենք այդպիսի տվյալ չունենք, եւ մեզ որեւէ մեկը չի ահազանգել, որ որեւէ մեկին բաց չեն թողել ու քրեականով են ձերբակալել»,- ասաց Հարությունյանը։ Հարցրինք՝ բոլորի դեպքում վարչական ձերբակալո՞ւմ է եղել, եւ արդյոք եղե՞լ են քաղաքացիներ, որոնք տուգանվել են։ «Այն հոդվածը, որով բերման են ենթարկում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածն է, այդ նորմով նախատեսված տուգանքը նշանակելու իրավասությունը դատարանին է պատկանում։ Այսինքն՝ երբ ոստիկանությունը տանում, արձանագրություն է կազմում, դրա հիման վրա էլ դեռ մի հատ հայցադիմում պիտի կազմի, ուղարկի վարչական դատարան, վարչական դատարանն էլ բավարարի, որպեսզի տուգանք նշանակվի»,- ասաց Հարությունյանը։

Ոստիկանները ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Աշոտ Սիմոնյանին, սակայն մինչեւ բերման ենթարկելը մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել ու ծեծի էին ենթարկել` խոշտանգելով նախկին մարզպետին: Առավել դաժան էր եղել բերետավորների վաշտի հրամանատարը, ով նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս պատգամավորին, որոնք ֆիքսված են տեսանյութերում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ այդ բերետավորի՝  Կարմիր բերետների գումարտակի վաշտի հրամանատար Գեւորգ Մկրտչյանի ծառայողական պարտականությունները դադարեցվել են` մինչեւ ծառայողական քննության ավարտը։ Դրանով ՆԳՆ-ն հարցը փակված համարեց, մինչդեռ տեղի ունեցածը քրեական հանցակազմ էր պարունակում, բացի այդ` վստահ ենք, որ ծառայողական քննությունն ավարտվելու է հօգուտ օրինախախտ ոստիկանի, եւ նա որոշ ժամանակից հետո վերադառնալու է իր գործին:

«ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր կարմիր բերետավորների խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում: Ո՞ւ..․ Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը եւ այլն: Նրանց՝ բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում, ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր»,- երեկ հայտարարել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը եւս ասում է. «Մոտ 20 հոգով ծեծում էին, ինչո՞ւ են նախ այդ մեկին ազատել ծառայությունից, դա՝ մեկ, երկրորդը՝ հանել են, այո, լավ են արել, բայց քրեական վարույթ պետք է նախաձեռնվի, մեղադրանք պիտի առաջադրվի, խափանման միջոց պիտի կիրառվի, այսինքն՝ այն, ինչ արվում է նման դեպքերում, ասենք, ընդդիմադիրների նկատմամբ, իսկ ակնհայտ է, որ խոշտանգման հանցակազմ է, որը շատ ավելի ծանր հանցակազմ է»։