Ռուսաստանը հայ հասարակությանն իր կողմը գրավելու հնարավորությունը կորցրեց 2023 թ. սեպտեմբերի 19-ին

Ռուսաստանը հայ հասարակությանն իր կողմը գրավելու հնարավորությունը կորցրեց 2023 թ. սեպտեմբերի 19-ին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ կոնսուլտացիաների։ Իսկ մայիսի 26-ին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքը լուսաբանվեց մի շարք ռուսական լրատվամիջոցների կողմից եւ նշվեց հանրահավաքի մասնակիցների հստակ թիվ՝ 100 հազար մարդ։ Զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

- Ինչո՞ւ են ՌԴ դեսպանին կանչել Մոսկվա, ըստ Ձեզ։

- Պատճառները, կարծում եմ, Հայաստանի վարչապետի կողմից ՀԱՊԿ 2 անդամների նկատմամբ հնչեցված մեղադրանքներն էին, որոնք, ըստ վարչապետի, մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ծրագրված եւ իրականացված ռազմական գործողություններին։ Անունները չի տվել, բայց ռուսական կողմը դա ընդունել է որպես իրեն ուղղված մեղադրանք, որի համար դեսպանին կանչել է կոնսուլտացիաների։ Սա դիվանագիտության մեջ ընդունված երեւույթ է: Բայց հայկական կողմը դա մեկնաբանել է որպես զուտ աշխատանքային գործունեություն։ Այսինքն՝ իրենք դա չեն ընկալել որպես բողոք, այնինչ դա տրամաբանական է։

- Ստացվում է՝ ՌԴ իշխանությունը Հայաստանին դեղին քա՞րտ է ցույց տալիս։

- Կարելի է ասել՝ դեղին քարտ է ցույց տալիս, եթե ոչ` կարմիր քարտ, բայց քանի որ վրան գրված չէ՝ դեղին քարտ, ՀՀ իշխանությունները դա մեկնաբանում են որպես Ռուսաստանի արտգործնախարարության ներքին գործ։ Ռուսաստանը չի կարող ասել՝ ես բողոք եմ հայտնում քեզ այս խնդրի հետ կապված, բայց Մարիա Զախարովան ասաց, որ իրենք «Գուշակիր երաժշտությունը» հաղորդման նման չեն գուշակելու՝ թող Հայաստանի իշխանություններն ասեն, իրենց պետք էր հասկացնել, որ դա Ռուսաստանն է, իրենք իրենց գիծը փորձում են առաջ տանել։ Այդ Ռուսաստանի իշխանությունն է փորձում հետ կանչելով ինչ-որ բան հասկացնել՝ ոչ մի բան էլ չի հասկացվում, հատկապես որ այդ դեսպանը բացարձակ տապալված դեսպան է, որովհետեւ ինքն իր աշխատանքն ամբողջովին տապալել է։ Ինքը եկավ մի երկրից, որը Հայաստանի դաշնակիցն էր, հետ է կանչվում մի երկիր, որի հետ Ռուսաստանը, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ ունի։ Բացի այն, որ դեսպանը լրիվ ձախողել է իր աշխատանքը, հիմա թե ինքն է ձախողել, թե իր երկրի ղեկավարության մտածված քաղաքականության հետեւանքով է, թե իր անտաղանդության պատճառով է՝ դա ուրիշ հարց է, բայց ձախողել է։ Նշենք, որ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրամիության երկրների դեսպանները երկու անգամ փոխվել են ու բավականին արդյունավետ աշխատում են, ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի։

- Հնարավո՞ր է դեսպանը չվերադառնա, ու դրանով սկիզբ դրվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման։

- Չեմ կարծում, թե խզում կլինի, դիվանագետը գնացել է խորհրդակցության, հետո հետ կգա։ Ի դեպ, ընդհանրապես, երբ որեւէ երկիր հետ է կանչում իր դեսպանին, որպես պատասխան քայլ՝ այդ երկիրն էլ պիտի իր դեսպանին հետ կանչի, որ ցույց տա, որ ինչ-որ բան այնպես չէ, բայց քանի որ Հայաստանի իշխանությունները վարում են մի քաղաքականություն, որ քանի դեռ իրենց չեն ասել, որ սա դեղին քարտ է, ասում են՝ սա մեզ չի վերաբերում։ Ինչպես նկատեցիք, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հետ չկանչվեց։ Ռուսաստանն էլ չի կարողանում գտնել կամ չի ցանկանում գտնել հարմար ձեւեր՝ ՀՀ իշխանությունների հետ աշխատելու, որովհետեւ Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն նախկին ժամանակահատվածի, ուղղակի հաշվի չեն առնում Ռուսաստանի կարծիքը, իսկ Ռուսաստանը չգիտի ինչպես դրա դեմ պայքարել, ինչ մեթոդով գործել։ Փորձում են տարբեր մեթոդներով ինչ-որ PR կամպանիաներ իրականացնել։

- Մայիսի 26-ի հանրահավաքի լուսաբանումը որոշ ռուսական լրատվամիջոցների կողմից այդ PR կամպանիաների՞ց էր։

- Այո, ռուսական Առաջին ալիքի լուրերով ներկայացվեց հանրահավաքին եկած մարդկանց թիվը` 100 հազարից ավելի մարդ էր եկել, բայց 100 հազար չէր։

- Սա կարող ենք դիտարկել որպես շարժման նկատմամբ որոշակի դրակա՞ն վերաբերմունք։

- Ոչ, բացարձակ։ Կարող է իրենք ունեն սիմպատիա, համակրանք՝ դա ուրիշ հարց է, բայց սա կարող ենք դիտարկել որպես Հայաստանի իշխանությունների նկատմամբ երկրորդ դեղին քարտ, որը Հայաստանի իշխանությունները բացարձակ հաշվի չեն առնում, որովհետեւ իրենք ունեն մի սկզբունք՝ եթե դեղին քարտ ես ցույց տալիս, պիտի ասես՝ սա դեղին քարտ է։ Եթե դու չես ասում, իրենք ասում են՝ դա Ռուսաստանի ներքին գործն է կամ էլ ռուսական լրատվամիջոցների լրագրողների սխալ աչքաչափը։

- Նման լուսաբանմամբ վնասեցի՞ն շարժմանը։

- Գուցե, ու դա ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ է, քանի որ ռուսական կողմը հասկանում է, որ այս շարժման թիկունքում իրենք չեն կանգնած, բայց, ըստ իրենց, շարժման թիկունքում կանգնած է արտաքին քաղաքական կենտրոններից մեկը, որոնց հետ իրենք ունեն շատ բացասական հարաբերություն, ապա իրենց չի խանգարի, եթե այդ կողմը հաջողություն չունենա։ Դա չի նշանակում, որ իրենք պաշտպանում են գործող իշխանություններին, ուղղակի չեն ցանկանում, որ եւս մի անգամ 2018 թիվ լինի` մի քիչ այլ տարբերակով, որտեղ իրենք էլի տուժող են լինելու։ Այսինքն՝ երկու գործողություն կա այս քայլում` այս իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս եւ անուղղակի փորձում են այս շարժման դեմ գործողություն անել, PR անել, որպեսզի չշահի շարժմանն ուղղորդող կամ աջակցող կողմը, որի հետ ունեն ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիրներ։

- Кнут и пряник-ի մեթո՞դն է գործածում Ռուսաստանը։

- Չէ, Ռուսաստանը кнут и пряник չունի, չունի այլեւս Հայաստանի վրա ազդելու որեւէ գործիք, այսինքն՝ ինքն այդ թխվածքաբլիթի եւ մտրակի քաղաքականության մեջ միայն մտրակ ունի, որ կարող է շուկան փակել հայկական ապրանքների համար, բայց այլեւս չունի թխվածքաբլիթ` ոչինչ չի կարող առաջարկել, որը հասարակությանը իր կողմ գրավի, ինքն այդ հնարավորությունը կորցրեց 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում տեղակայված խաղաղապահները մի գիշերվա մեջ դարձան դիտորդներ, որի արդյունքում Արցախն ամբողջովին հայաթափվեց։