«Հրապարակ». Ասում էր` ծառ տնկեք, որ թուրք չտեսնեք, ինքը ոստիկան է շարում, որ ժողովրդին չտեսնի

«Հրապարակ». Ասում էր` ծառ տնկեք, որ թուրք չտեսնեք, ինքը ոստիկան է շարում, որ ժողովրդին չտեսնի

Երեկ այս իշխանության կողմից ձեռնարկված հերթական խայտառակ փաստն արձանագրվեց` ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի` Գարեգին Բ-ի: Ամանորին արգելեցին, որ նրա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվի, իսկ երեկ ոստիկանները, շղթա կազմելով, խոչընդոտեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, ով պատահաբար նույն ժամին էր հայտնվել համալիրում, որ ժամին գաղտագողի որոշել էր այցելել Նիկոլ Փաշինյանը, առանց նախապես հայտարարելու իր այցի ժամը։

Սոցցանցերում տարածված կադրերից երեւում է, թե ինչպես է Վեհափառը մի խումբ հոգեւորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, եւ ինչպես են ոստիկանները նրան ու հոգեւորականներին «շղթայի» մեջ առնում։ Ընդ որում` սկզբում աստիճանների մոտ մեծ թվով սեւ բերետավորներ են կանգնեցնում, իսկ աստիճանների վերեւում երկրորդ խումբն է սպասում նրանց։ 

Նիկոլ Փաշինյանը, խուսափելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների եւ Բագրատ սրբազանի հետ առերեսվելուց, որոշել էր ոչ թե առավոտյան այցելել Սարդարապատ` ինչպես սովորաբար արվում է, այլ կեսօրից հետո` անսպասելի, երբ շարժումն արդեն եկել էր Երեւան, բայց անգամ այս պարագայում էքսցեսներից խուսափել չհաջողվեց: 
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ անգամ թուրք ժողովուրդը Հայ առաքելական եկեղեցու դեմ նման ատելություն չի տածում, որքան այս իշխանությունները։ «Եկեք վերհիշենք նախորդ վեց տարիներից փոքրիկ դրվագներ: Սրանք իշխանության եկան 2018 թվականին եւ անմիջապես հայտարարեցին` «Նոր Հայաստան, նոր հայրապետ»:

Քաշքշեցին Վեհափառին, նրա ճանապարհը փակեցին, ինչ ասես, որ չարեցին…. Այդ ստահակների խումբը հետո եկեղեցու վեհարանը գրավեց, թմրամոլների խմբակ էին կազմակերպել ու այնտեղ խնջույքներ էին անում: Եթե դրա ետեւում սրանք չլինեին կանգնած, ապա ինչ-որ քայլ անպայման կանեին, չէ՞, բայց ոչինչ չարվեց, հետեւաբար պարզ է, որ այդ ամենը խրախուսվել էր հենց այս իշխանության կողմից: Այս տարի էլ Ամանորի գիշերն անգամ թույլ չտվեցին, որ նույն Վեհափառի խոսքը Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվի: Պատճառաբանեցին, որ իբրեւ ժամի հետ է կապված խնդիրը, բայց ի՞նչ էր դա, եթե ոչ Վեհափառի դեմ ոտնձգություն: Այսօր իրավիճակն այն աստիճան ծայրահեղ է, որ սրբազանը Սարդարապատ է գնում ժողովրդի հետ, իսկ այս ազգակործան պատուհասը` ոստիկանական խմբերի հետ: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը Սարդարապատում էր, ինքը վախեցավ գնար այնտեղ, գեներալի կոչումներ էր շպրտում մի քանիսին, այդ թվում` Տավուշի դիրքերը հանձնած կորպուսի հրամանատարին: Հիմա այդ ամենից հետո որոշում է գնալ Սարդարապատ, Վեհափառի ճանապարհը փակելով: Որոշ ժամանակ առաջ էլ հայտարարեց, որպեսզի կիրանցեցեցի փոքրիկները թուրքերին չտեսնեն, թող ծառ տնկեն: Հիմա ինքը, որպեսզի ժողովրդին չտեսնի, իր առաջ ոստիկաններ է շարում: Վեհափառի դեմ արվածն անգամ թշնամություն չէ, անգամ թուրքը նման բան չէր անի, սա թշնամություն է մեր կրոնի դեմ: Այս ամենը լինելու է շարունակական, քանի դեռ չենք վռնդել այս ազգակործան պատուհասին: Անգամ տեղեկություն կա, որ նա ավելի ստոր քայլի է գնացել, քան կարող էինք պատկերացնել, հրամայել է Վեհափառի ծակեպսակը հուշահամալիրից դեն նետել: Սա իրոք վերջն է` մարդկային մանրախնդրության ու չարության: Այս օրով երկիր հանձնած հրամանատարներին տալ մեդալ՝ սա անբարոյականության գագաթնակետն է, ժամանակին միայն երկիրը փրկողին ու սահման պահողին էին մեդալ ու կոչում տալիս, հիմա՝ հակառակը․ երկիրը ծախող, սահմանը հանձնողներն են ստանում մեդալներ` կամակատարները: Ոստիկանությունում էլ կոչումներ են ստանում մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար, սա էլ կաշառելու նման մի բան է, պաշտոն ու պրեմիա տալու նման: Ես համոզված եմ, որ Բագրատ սրբազանը հասնելու է հաջողության: Մեր եկեղեցին միշտ էլ ժողովրդի հետ է եղել, ամեն ինչ լավ է լինելու: Դարեր շարունակ նույն եկեղեցին է մեր կողքին կանգնած եղել: Անգամ այս թշնամական խմբերի, ներքին թուրքերի առկայությամբ, ամեն ինչ լավ է լինելու: Բագրատ սրբազանն իր ինտելեկտով ու խոհեմությամբ հաղթելու է»,- եզրափակեց Պետրոսյանը: