Հիմնադրամ դարձած Ազգային կինոկենտրոնը նոր տնօրեն ունի 

Հիմնադրամ դարձած Ազգային կինոկենտրոնը նոր տնօրեն ունի 

Օրերս, կառավարության որոշմամբ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի դրույթների արդյունավետ կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ը, որի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը: 

Համաձայն կառավարության որոշման, Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը, ով մասնագիտությամբ ռեժիսոր է եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանի որդին։ Դավիթ Բանուչյանն այս պաշտոնում կփոխարինի Շուշանիկ Միրզախանյանին, ով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ԺՊ էր նշանակվել 2017թ-ին։ 

Հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը պետք է ներկայացվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որից հետո կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր փաշտոնի համար: 

Նշենք, որ նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաեւ վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոների հետ կապերի ստեղծման եւ կինոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման եւ մի շարք այլ ոլորտային գործառույթները։