Սադրիչը, ում պատճառով ձերբակալվել է Վահագն Չախալյանը, 2023-ին մեղադրվել է կաշառքի համար

Սադրիչը, ում պատճառով  ձերբակալվել է Վահագն Չախալյանը, 2023-ին մեղադրվել է կաշառքի համար

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը՝ «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, «հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին»։ 
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Մինչդեռ տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին մի քաղաքացու սադրիչ գործողությունների արդյունքում։ Քաղաքացին, որը ներկայանում էր Արայիկ անունով եւ նշում էր, թե սահմանամերձի բնակիչ է, պահանջում էր, որ իրենց խնդիրներին ցուցարարները տեղում գնան ծանոթանան, եւ ոչ թե հրապարակում ցույց անեն։ Նրան դուր չեկավ նաև վարչապետի հասցեին հնչած արտահայտությունները, մատ թափ տալով ցուցարարներին, նա շեշտեց, թե Չախալյանինն է սպառնում։ Ուշագրավ է, որ առանց նրան դիպչելու, անմիջապես ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, իսկ երիտասարդն, իր առաքելությունն ավարտած համարելով` հեռացավ։ 

Պարզվում է, այս սադրիչն անհայտ անձ չէ` hraparak.am-ն այդ երիտասարդի գործունեությանն անդրադարձել է անցյալում. դեռ 2021-ի հունվարի 11-ին մենք հրապարակում ունեինք «Իշխանության համակիրներն Ամանորին այցելել են տներ եւ գումար հավաքել» վերնագրով: Ամանորին Քարահունջում իշխանության համակիրներ Վալերի Մանուչարյանը, Հայկ Ավետյանը և Հրայր Արզումանյանը տասնյակ ընտանիքներ էին այցելել և գումարներ հավաքել՝ պնդելով, որ երկրում ֆինանսական ճգնաժամ է սկսվում և պետք է գյուղացիները գումարներ փոխանցեն հիմնադրամին:

Իսկ ավելի ուշ՝ 2023թ․-ի մայիսին, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն տարածեց, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տեսչական մարմնի աշխատակիցներ Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2023 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս կշեռքի միջոցով պարզել են, որ նշված անցակետով անցնող ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների վարած մի շարք բեռնատարներ գերբեռնված են, այսինքն՝ գերազանցում են օրենքով թույլատրելի առավելագույն քաշը: Այնուհետև ՔՏՀԱ վերը նշված պաշտոնատար անձինք բեռնատարների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց Ն. Վ.-ի օժանդակությամբ վարորդներից որպես կաշառք պահանջել և ստացել են 20-60 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև դիզելային վառելիք: Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն, Վ. Մ.-ն և Ն. Վ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալը) և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալուն օժանդակելը)»:

Հաղորդագրությունում նշված Վ.Մ-ն հենց վերը նշված Վալերի Մանուչարյանն է, որի մասին «Հրապարակը» դեռ 2023-ի մայիսին էր ահազանգել եւ ով, փաստորեն, իշխող կուսակցության թեւի տակ երկու տարուց ավելի է հակաօրինական գործունեությամբ է զբաղվել եւ անգամ տաքուկ տեղավորվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Մեզ Սյունիքից պատմել էին, որ նրան ՔՊ-ականներն են հովանավորել եւ իրենց մատուցած ծառայությունների դիմաց առաջ քաշել եւ Քարահունջի մշակույթի տնից տեղափոխել Տեսչական մարմին, որ հանգիստ փող աշխատի: 

Այսօր, փաստորեն, նախկին մեղադրյալը, որ դարձել է իշխանության հովանավորյալ եւ ուղարկվել Հրապարակ` ընդդիմությանը սադրելու, ոչ միայն ազատության մեջ է, այլեւ համագործակցում է իշխանության հետ` կատարում նրա հրահանգները, ներկայանալով որպես սահմանամերձ տարածքի բնակիչ, անունն էլ Արայիկ:

ՀԳ․ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված սադրիչի պահը հստակ երեւում է. 
«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։  Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Որոշում է կայացվել՝ առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ» ։