Համախմբվեք հայ առաքելական եկեղեցու շուրջ․ Գյումրիում ավտոերթ է (լուսանկարներ)

Համախմբվեք հայ առաքելական եկեղեցու շուրջ․ Գյումրիում ավտոերթ է (լուսանկարներ)

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ վանկարկումներով․ «Ոտքի կանգնեք հանուն հայրենիքի, միացեք պայքարին, համախմբվեք հայ առաքելական եկեղեցու շուրջ, ոտքի հանուն Տավուշի, հանուն Սյունիքի, Գեղարքունիքի․․․․»։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ շարժումը քաղաքական չէ, որևէ կուսակցության պայքար չէ, համախմբվում են միայն եկեղեցու շուրջ՝ նպատակը հայրենիքը փրկելն է։ Նշենք, որ 6 տասնյակից ավել ավտոմեքենա է դուրս եկել Գյումրու փողոցներ, վարորդներն ազդանշաններով հրավիրում են քաղաքացիների ուշադրությունը, պայքարին միանալու կոչեր անում։ 

Ավտոերթի մեկնարկը տրվել է Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որի ընթացքում տասնյակ ավտոմեքենաներ են միացել երթի մասնակիցներին։

Նկատենք, որ այս ընթացքում ոստիկանները փորձել են միջոցներ ձեռնարկել, բացի ուժեղացված հսկողությունից, հատուկ հսկողություն են իրականացրել նաև այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր նախաձեռնում են ակցիան։ Մի քանի օր է՝ ոստիկանները հսկողության տակ են պահում գյումրեցի գործարար եղբայրներ Տիգրան և Գևորգ Ավագյանների տունը։
Տիգրան Ավագյանն անգամ տեսանյութ է ֆեյսբուքում հրապարակել՝ գրելով․ «Հարգելի ոստիկանություն և ոստիկանապետեր, մեր դուռը դարանակալելու փոխարեն,մեր հայրենիքը մաս-մաս թուրքին նվիրող դավաճանին բռնեք՝ իր թրքահպատակ հարեմով հանդերձ։ Վաղը կարող է և շատ ուշ լինել.. »։