Ոչինչ չասող հաղթանակ՝ Պուերտո Ռիկոյի փրայմերիզում

Ոչինչ չասող հաղթանակ՝ Պուերտո Ռիկոյի փրայմերիզում

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը Պուերտո Ռիկոյի փրայմերիզում (նախնական ընտրություններում) ստացել է ձայների 99,5%-ը։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։

«Ջո Բայդենը առաջատար է Պուերտո Ռիկոյում դեմոկրատների փրայմերիզում: Նա ստացել է ձայների 99,5 տոկոսը։ Դին Ֆիլիպսը, ով դուրս է եկել մրցապայքարից, ստացել է 0,5 տոկոս ձայն»,- հայտնում է NBC-ն։

Associated Press-ի փոխանցմամբ՝ չնայած նահանգի բնակիչներն իրականում ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն նրանց արգելվում է քվեարկել նախագահական ընտրություններում։

Բանն այն է, որ  Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք է, որը «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը։ Այնտեղ ԱՄՆ Սահմանադրությունը գործում է սահմանափակ, գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ կոնգրեսին, սակայն տարածքն ունի իր ինքնավարության համակարգը։

Ի դեպ, News/Morning հարցման համաձայն՝ Բայդենը կորցրել է իր նախկին ժողովրդականությունը։ Նա պարտվում է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին յոթ առանցքային նահանգներից վեցում։ Թրամփն ավելի վաղ հաղթել էր Փենսիլվանիայի փրայմերիզներում։ Ամերիկացիները նախագահ կընտրեն նոյեմբերին։