Ֆեյսբուքը ատամներով պահում է Փաշինյանի իշխանությունը

Ֆեյսբուքը ատամներով պահում է Փաշինյանի իշխանությունը

Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենդրիսհեն մեղադրել է Facebook սոցիալական ցանցին՝ քաղաքական գրաքննության և ընտրություններին միջամտելու մեջ։ Խոսքը բովանդակության կողմնակալ զտման պրակտիկայի մասին է՝ այսպես կոչված «ստվերային արգելքի» միջոցով: Սա միակ մեղադրանքը չէ, տարբեր երկրներում տարբեր քաղաքական ուժեր պնդում են, որ ֆեյսբուքը գրաքննություն է իրականացնում, հատկապես նախընտրական փուլում, միջազգային մամուլում անգամ ֆեյսբուքի նախկին աշխատակիցներն են պատմում, թե ինչ մեխանիզմներով է աշխարհում ամենամեծ սոցիալական ցանցը՝ աջակցում, կամ հակառակը՝ խանգարում այս կամ այն քաղաքական ուժին ընտրությունների ժամանակ: 

Հիմա գանք Հայաստան․ այն, որ ընդդիմադիր ուժերի էջերը վաղուց հայտնվել են ֆեյսբուքի ստվերային հատվածում և նրանց տեղադրած տեղեկատվությունը հնարավորինս քիչ լսարան ունի․ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն վերջին մի քանի ամիսներին այս գրաքննությունը համատարած է, խոսքն արդեն քաղաքական գործիչների և կուսակցությունների էջերին չի վերաբերում, այլ երկրում տեղի ունեցող պրոցեսները լուսաբանող լրատվամիջոցների ու հասարակ անհատների: Երբ սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, առաջին օրերին Բագրատ սրբազանի նկարով գրառումներն էին անգամ ավտոմատ հեռացվում ֆեյսբուքի հարթակից՝ մի քանի վայրկյանի ընթացքում։ Պատճառաբանությունն անհեթեթ ու ծիծաղելի էր, ֆեյսբուքը որպես հեռացման հիմք նշում էր, թե գրառումը կատարել ես, որ մաքսիմալ քանակով լայքեր (հավանություններ) հավաքես: Ոչ բողոքարկումը, ոչ նկարի կամ տեքստի փոփոխությունը արդյունք չէի տալիս՝ հրապարակումը տեղադրելուց 10 վայրկյան հետո այն ջնջվում էր անվերադարձ: 
Բայց նկատվում էր այլ ֆենոմեն․ իշխանական լրատվամիջոցների նյութերը՝ Բագրատ սրբազանին ու շարժումը վարկաբեկող, շատ հանգիստ տեղ էին գտնում ՖԲ հարթակում՝ առանց որևէ առարկության: Ատելության խոսքի դեմ պայքարող ցանցը՝ շատ հանդուրժող էր ընդդիմության հանդեպ ատելության խոսքին։

Այն, որ ԱՄՆ դեսպանատունը քիթը խոթել է Հայասատանի ներքաղաքական կյանք ու բոլոր ոլորտներում որոշող դեր ունի, բոլորս գիտենք եւ բազում ապացույցներ կան՝ դա հավաստող, բայց նման կացնային մեթոդներով իշխանափոխությունը կանխելն արդեն անցնում է բոլոր սահմանները: Մամուլում այս մասին հրապարակումներից հետո՝ վերջին օրերին իրավիճակը կարծես փոխվել է, Ֆեյսբուքը սկսել է չջնջել Բագրատ սրբազանի հետ կապված նյութերը։ Մեր գործընկերները բողոքում են, որ միայն բողոքի ակցիաների մասին լայվերը (ուղիղ եթերներն) են հրաժարվում պահպանել, մնացած նյութերը ՖԲ-ն թույլ է տալիս տեղադրել: Բայց անգամ հիմա, երբ թույլ է տալիս տեղադրել, խիստ իջեցրել է անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր գործիչների էջերի տեսանելիությունը: Դուք կարող եք էքսպերիմենտ անել, բացել Ֆեյսբուքի լրահոսը ու հաշվել՝ քանի պրոիշխանական նյութ եք այնտեղ տեսնում և քանի՝ ընդդիմադիր դաշտին վերաբերվող հրապարակում, տարբերությունը ահռելի է, մոտավորապես մեկը տասին հարաբերակցությամբ:

Հիմա պատկերացրեք՝ ԱՄՆ-ում իր տանը նստած, Հայաստանի տեղն անգամ չիմացող Մարկ Ցուկերբերգը որոշում է, թե մենք ում պիտի կարդանք մեր երկրում, ով պիտի լինի իշխանություն Հայաստանում, կամ, ասենք՝ Հովսեփ Խուրշուդյանն ավելի արժանի է լսելի լինելու, քան Բագրատ սրբազանը: Ցանկացած քաղաքակիրթ երկրում քաղաքական պայքարի համար օրենքը պահանջում է հավասար հարթակներ տրամադրել բոլոր ուժերին, անգամ մեր երկրում է Ընտրական օրենսգիրքը նման պահանջներ պարունակում: Հիմա ստացվել է, որ հեռուստատեսությունը և մամուլը պիտի ենթարկվեն այդ պահանջներին, իսկ հսկայական տարածում ու ազդեցություն ունեցող ֆեյսբուքն ու յութուբը կարող են տակից գրաքննություն անելով՝ իշխանափոխություն անել կամ ազգի կողմից մերժված իշխանություններին սատարել: Ո՞վ է Մարկ Ցուկերբերգը կամ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որ մեր իսկ երկրում որոշի, թե ով է լինելու իշխանության։ Նիկոլ, բա ինքնիշխանությունից ես խոսում, անկախությունից ու սուվերենությունից, թե՞ քո սուվերենությունը միայն քո իսկ աթոռը պահելուն է վերաբերում։