Եթե շատ զինվորականներ միանան, չեն կարողանա բոլորի վրա քրեական գործեր կարել

Եթե շատ զինվորականներ միանան, չեն կարողանա բոլորի վրա քրեական գործեր կարել

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում դիրքերում ծառայություն իրականացնող 20 պայմանագրայիններ դիրքերից իջել էին գյուղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, երբ տեսել էին, թե ինչպես են ոստիկանները հաշվեհարդար տեսնում գյուղացիների հետ: Հաջորդ առավոտյան ՔԿ-ն տեսանյութ տարածեց, որտեղ զինվորականներից երկուսը զղջում էին ցուցարարներին միանալու համար, ոմանք էլ շեշտում, որ չեն իմացել, որ ցույց է եղել։

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պայմանագրային սպաների՝ «ինքնական մեղայականով» հանդես գալը, իբր` իրենք չգիտակցելով կամ պահի ազդեցության տակ են միացել ցուցարաներին՝ ճնշման արդյունք է, որովհետև նրանց հանդեպ քրեական գործ է ընթանում և դա որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվել՝ որպես ինքնախոստովանություն։ 

«Բնականաբար, նրանք պետք է, այսպես ասած, «փչացնելով» սեփական զինվորին, սեփական սպային, ցույց տային, որ դա պահի ազդեցության տակ է արվել։ Բնականաբար հասարակությունը հասկանում է, որ դա բացառապես կարող էր լինել քրեական գործ հարուցելու շրջանակներում, բնականաբար մարդկանց ճնշելով, որ ամենավտանգավոր, ամենացավալի իրականության տեսանկյունից գործառույթներն ու մեխանիզմները կկիրառեն իրենց հանդեպ։ Եվ այդպես էլ անելու են, ես Ձեզ վստահեցնում եմ, ավելին` անկախ ամեն ինչից, նույնիսկ երբ որ մեղանչական հայտարարությամբ հանդես եկան, միևնույն է` քրեական վարույթ ընթանալու է»,-ասաց Կարապետյանը։ Նա շեշտեց` որքան էլ իշխանությունները փորձեն հասարակությանը դա ներկայացնել, որ դա ճնշման արդյունք չէ, միևնույն է, ըստ օրենսգրքի և համապատասխան օրենքների, գոյություն ունի ընթացակարգ, որովհետև ՀՀ-ում օրենքն ասում է՝ զինվորականությունը չի զբաղվում քաղաքականությամբ և չպետք է մասնակցի քաղաքական որևիցե ակցիայի՝բանակը ձերբազատված պիտի լինի ցանացած քաղաքական պրոցեսի ու ակցիայի մասնակից լինելու։ 

Հարցին, որ 2018 թվականին, երբ խաղաղապահների բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ զինվորականները միացան հեղափոխություն անողներին, նրա պաշտոնը բարձրացրին, հիմա էլ մի յուղոտ ՊՈԱԿ-ի ղեկավար է աշխատում` որը տարեկան մեկ միլիարդ ՀՀ դրամ ստանում պետությունից, ինչո՞ւ այն ժամանակ դա խրախուսվեց, իսկ հիմա այսպես պատժվում է, ասաց. «Երբ համաժողովրդական ցասման արդյունքում խաղաղապահ բրիգադը միացավ ժողովրդին` դա ընդունելի էր, բայց հիմա, երբ զինվորականները միացան խաղաղ ակցիային՝ դա արդեն քրեական վարույթի շրջանակներում է։ Այստեղ կարող ենք ընդամենը ֆիքսել, որ երկակի ստանդարտներ են աշխատում։ Նույնը եղավ Մախսուդյանի տղային կալանավորելը՝ այդպիսով փորձելով նրան հեռու պահել պայքարից։ Այնպես որ մենք հիմա տեսնում ենք ոչ թե ժողովրդավարական բաստիոն կոչվածի դեմոկրատիան, որը իրենք բրենդ սարքած ներկայացնում են, այլ տեսնում ենք, որ դա բռնապետական համակարգին բնորոշ գործելաոճ է»,-ասաց քաղաքական վերլուծաբանը։

Կարապետյանը շեշտեց` նույնը կարող ենք ասել, երբ նայում են սև բերետավորների և ուժային կառույցների հայահալած գործելակերպին փողոցներում և առհասարակ․ «Բառացիորեն ջարդում են սեփական ժողովրդին»։ Իսկ զինվորականների զղջման տեքստով տեսանյութը կազդի՞ հետագայում զինվորականների մասսայական ներգրավվածության վրա` շարժմանը, Կարապետյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մարդիկ գիտակցում են պահի լրջությունը և հնարավոր է դա հակառակ էֆեկտը տա։

«Եթե զինվորականությունը, բարձր գիտակցությամբ հանդերձ, ժողովրդի կողքին կանգնի, եթե նման համատարած դիրքորոշմամբ հանդես գան սպաները՝ միանալով ժողովրդին, ապա չեն կարողանա բոլորի վրա քրեական գործեր կարել։ Սակայն, մենք դեռ դրա ականատեսը պետք է դառնանք։ Ես այն հույսն ունեմ, որ ոչ թե ռազմական հեղափոխության պատրվակով, այլ ուղղակի ժողովրդին որպես խաղաղ ակցիա, որպես մարդիկ, որոնք նաև քաղաքացի են, որոնք բացի այդ ֆորմայից այն կողմ` մտահոգ քաղաքացիներ են ու կանգնում են համերկրացիների կողքին։ Կարող եմ ասել, որ այդ տեսանյութը կարող է լրիվ այլ էֆեկտ ապահովել։ Հավանականություն կա, որ մի օր նման բանի ականատես դառնանք»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը։