Ինչի վրա եք այդքան երջանիկ

Ինչի վրա եք այդքան երջանիկ

Այսօր էլեկտրոնային փոստով լիքը նկարներ ստացանք, որոնցից իմացանք, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինչպես են անցկացրել իրենց ուիքէնդը: Մի տեսակ անհանգիստ էինք` մի քանի օր լուր չունեինք նրանցից: Հայաստանում էլ վիճակը լարված է` մտածում էինք մեր «փրկիչ-վարչապետն» ու իր սիրասուն տիկինը հո՞ ծանր չեն տանում Տավուշում հավաքվածների բողոքները, ճանապարհներ փակվելը, եկեղեցու սպասավորների պահվածքն ու նզովքը: Հո Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը չի ազդե՞լ առաջին տիկնոջ տրամադրության վրա: 

Լավ էր` լուսանկարներից հասկացանք, որ շատ հագեցած ու երջանիկ օրեր է ապրում թիվ 1 իշխանական ընտանիքը: Միջնեկ աղջկան` Շուշանին ուղարկել են Գերմանական հեղինակավոր քոլեջում սովորելու, Աշոտիկը իր համար նկարում է, ցուցահանդեսներ է բացում` որպես «ժամանակակից տաղանդավոր երիտասարդ արվեստագետ», Մարիամը ընկերական լավ շրջապատում տժժում է, դե ծնողներն էլ` չեն հասցնում բոլոր հրավերներն ընդունել` մարզից մարզ են գնում, սպորտային միջոցառումներ են անցկացնում: Բյուջեից փողեր են դուրս գրում «Վարչապետի գավաթի» համար ու ամեն անգամ մի մարզ «երջանկացնում»: 
Այս անգամ Գեղարքունիքն էին ընտրել` երեւի «սահմանազատման», ավելի շուտ` հող հանձնելու հաջորդ փուլը Գեղարքունիքում է լինելու: Մարդիկ ենթադրեցին, որ գնացել են «բարի լուրն» անձամբ հաղորդելու` շուտով ձեր մարզում էլ սյուներ կտնկվեն` մի նախանձեք տավուշցիներին:

Լուսանկարներում ժպտացող, գոհ, երջանիկ ամուսիններն են` Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, նրանց անձնական նախարարը` Ժաննա Անդրեասյանը, անգամ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանն է երջանիկ ծիծաղում` քանի փոխնախարար է հիմա նախանձում նրան, որ անձամբ ուղեկցում է իշխանական զույգին…

Ահա` խարույկի շուրջ զրուցում են երեխաների հետ, գյուղացիներով շրջապատված կանգնած են, երեխաների խնդրանքով լուսանկարվում են: Մի խոսքով` վայելում իրենց հպատակների սերն ու հոգատարությունը: Ի~նչ Տավուշ, ի~նչ սահման, ի~նչ պատերազմի վտանգ…

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նման երջանիկ դեմքեր Հայաստանի իշխանավորները կարող էին ունենալ, եթե թշնամուն մարտի դաշտում հաղթած լինեին` Արցախը հետ բերած: Կամ` դիվանագիտական ճանապարհով ստիպած լինեին ճանաչել Արցախի գոյությունը եւ արցախահայերին վերադարձնեին իրենց հայրենիք: 

Նման ժպիտներ կարող էին լինել իշխանավորների դեմքերին, եթե Տավուշի թեմայով թշնամուն հաղթած լինեին, մեր հողից նրա զորքը վռնդեին, մեծ քանակով զենք բերեին եւ վստահ լինեին, որ թշնամու ցանկացած ոտնձգություն մեր նկատմամբ պատժվելու է խստորեն: 
Լավ, գոնե` Բաքվում պահվող հայ գերիներին բերած լինեին: 
Մի բան արած լինեին այս երկրի ու ժողովրդի համար…

Արեգ Մարգարյան
 

.