Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա կեղծ մեկնաբանությունը

Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա կեղծ մեկնաբանությունը

Հայաստանի պաշտոնական շրջանակներում եւ նրանց սպասարկող կեղծարար փորձագետների բրիգադներում էյֆորիա կա, որ Ադրբեջանն ինչ-որ ձեւաչափով ճանաչել է Ալմա-Աթայի հռչակագիրը, և դա բերելու է խաղաղություն և անվտանգություն, ինչպես նաև տարածքների վերադարձ: Փորձենք հասկանալ, թե դա ինչին կարող է պարտավորեցնել Ադրբեջանին: Հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը 1991 թվականից ի վեր երբեք չի հիշատակել այդ մասին Մինսկի խմբի բանակցություններում: Անգամ երբ Փաշինյանը, անդրադառնալով այդ Հռչակագրին, ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում: 

Իսկապես, տարօրինակ չէ՞, որ Ալիեւն այս ամենը չէր նկատում թե՛ Պրահայից առաջ, թե՛ հետո, բայց միայն Փաշինյանը դա ըմբռնեց եւ փաստացի Հայաստանը հռչակեց ագրեսոր, իսկ Արցախի բնակչությունը՝ անջատողականներ ու ահաբեկիչներ: Այժմ, հղում անելով նույն Հռչակագրին, Հայաստանը Փաշինյանի շուրթերով ճանաչում է, որ զավթել է Ադրբեջանի տարածքի մի մասը՝ ստեղծելով իրավական պատրվակ Ադրբեջանի նոր ագրեսիայի համար: Եվ եթե Փաշինյանի կառավարությունը չկարողանա կոտրել օտարերկրյա գործակալների դիմադրությունը, ապա Ադրբեջանի զինված ուժերն օգնության կգան եւ կվերականգնեն օրենքն ու կարգուկանոնը (իհարկե, ադրբեջանականը):

Իսկապես, ինչո՞ւ են մշտապես խոսում Ալմա-Աթայի հռչակագրի մասին Փաշինյանը եւ նրան ծառայողները, բայց ոչ Ադրբեջանը: Իսկ սկզբունքային վերապահումներով արած, այդ Հռչակագրի առաջին հիշատակումն ադրբեջանական փոխվարչապետի կողմից, Փաշինյանը ցանկանում է ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ: Եվ, ի դեպ, ինչո՞ւ այլ հետխորհրդային պետություններ (օրինակ՝ Ուկրաինան) չեն նշում այս Հռչակագիրն իր խնդիրների համատեքստում, և այսօր Փաշինյանից բացի ոչ մեկին այն չի հետաքրքրում (իսկ եթե երրորդ երկրները խոսում են այս հռչակագրի մասին, ապա դա միայն մեջբերելով Փաշինյանին):

Փաստն այն է, որ, ի տարբերություն հայկական գիքորների, ադրբեջանցիները շատ ավելի լավ են հասկանում իրավիճակը: Ժամանակին մի շարք պարզաբանումներ ներկայացրի` բացատրելով, թե ինչ է նշանակում այս Հռչակագիրը , որը նաև կարող էր հիմք դառնալ մինչեւ դրա փլուզումը ԽՍՀՄ-ից հեռացած՝ Արցախի պետական անկախությունը ճանաչելու համար (փաստարկների ամբողջական ցանկի համար տե՛ս «Ալմա-Աթայի հռչակագիրը կարող է դառնալ թակարդ Ադրբեջանի համար: Առավոտ, փետրվար 06, 2023): Նույն տեսակետն են արտահայտել առաջատար մասնագետները (Վ. Ոսկանյան, Շ. Քոչարյան, Վ. Պետրոսյան եւ այլք): Հայաստանի իշխանությունների կողմից առարկություններ չեն եղել, սակայն նույն բալագանը շարունակվում է։

Փաշինյանի առաջարկած Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությունը լիովին կամայական է եւ ներկայացնում է Հայաստանը որպես պատժին ենթակա ագրեսոր: Սակայն Հռչակագիրը միջազգային պայմանագիր է եւ պետք է մեկնաբանվի ոչ թե ընթերցողների ֆանտազիաներին, այլ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան (Վիեննայի կոնվենցիան` պայմանագրերի մասին, 1969 թ.): Ուստի հարկավոր է հաշվի առնել, որ 1991 թ․ Ադրբեջանը չեղարկել է այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի ստորագրությունը, եւ Հեյդար Ալիեւը ստիպված էր կրկին ստորագրել այն 1993 թ․ (տես համապատասխան գրառում պաշտոնական կայքում): Ուստի 1991 թ․ դրությամբ Ադրբեջանը պայմանագրի կողմ չէր, և նրա վրա չէին տարածվում դրա դրույթները։ Իսկ հետագայում պայմանագրին նրա միանալն իրավիճակ չի փոխում․ ինչպես նշվում է Վիեննայի կոնվենցիայի 28-րդ հոդվածում, «համաձայնագրերը չունեն հետադարձ ուժ»: 

Նույն դրույթը վերաբերում է հենց պայմանագրի տեքստին: Հետեւաբար, Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների եւ նրանց վարչական սահմանների մասին ցանկացած խոսակցություն անտեղի է: Այդ պահին այլեւս գոյություն չունեին այդպիսի հանրապետություններ, սակայն կային Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության անկախ պետություններ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որը նույնպես իրեն հռչակեց անկախ պետություն:
  Այսպիսով, այս Հռչակագրի ստորագրման պահին Արցախն այլեւս Ադրբեջանի կազմում չէր, չէր կարող մտնել իր վարչական սահմանների մեջ եւ այլն: Դե ֆակտո փոփոխվել էին նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանները։ Հետեւաբար, Ադրբեջանում ոչ ոք, այդ ժամանակ կամ մինչեւ վերջերս, այդպես էլ չհիշատակեց այս Հռչակագիրը, եւ խորհրդարանը ոչ միայն չվավերացրեց, այլեւ մինչև Հեյդար Ալիեւի իշխանության գալը չեղարկեց այն:  

Հռչակագրի տեքստն ընդհանրական բնույթ ունի: Ենթադրվում էր, որ վավերացումից հետո մասնակիցները կկատարեն համապատասխան փոփոխություններ, որոնք նույնպես, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, կդառնան համաձայնագրի անբաժանելի մաս և տեղ կգտնեն ԱՊՀ-իԿանոնադրությունում: Հռչակագրի վավերացման ժամանակ Հայաստանի խորհրդարանը մի շարք լրացումներ կատարեց, տես՝ այստեղ: Նախ, կատարվել է հստակ անդրադարձ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Հռչակագրում այն նշված էր անուղղակիորեն ՝ որպես հղում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Այս լրացումն ընդգրկվեց ԱՊՀ-ի կանոնադրությունում՝ ժողովուրդների ինքնորոշման անբաժան իրավունքի և առանց արտաքին միջամտության իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի նկատմամբ հարգանքը (Հոդված 3):

Գերագույն խորհուրդը հիմնական ուշադրությունը դարձրեց ԼՂՀ-ի ինքնորոշման փաստի արձանագրման և ԱՊՀ անդամ դառնալու իրավունքի հիմնավորմանը: Հայտարարության մեջ կար պարբերություն՝ 

Վերապահումները նախ սահմանում են մեկնաբանության համատեքստը (նույն հոդվածի 31-րդ մասը): Միեւնույն ժամանակ, դրանք կարող են համարվել նաեւ պայմանագրի մաս, քանի որ այլ կողմերից առարկություններ չէին ստացվել  (հոդվածներ 19, 20, 21)։
Խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել Ալմա-Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ. դա 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Արձանագրությունն է կից ԱՊՀ, Մինսկի դեկտեմբերի 8-ի համաձայնագրին: Արձանագրությունն Էականորեն լրացնում է վերարադրյալը: Առաջինը՝ դրանով պարզաբանվում է, թե ինչու ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ Մինսկի համաձայնագիրն էր ենթակա վավերացմանը: Երկրորդ. նշվում է, որ Համաձայնագիրը Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար ուժի մեջ է մտնում իր վավերացման պահից: Այսպիսով, ամբողջությամբ վերանում է Ադրբեջանի` Համաձայնագրին մասնակցությունը 1991 թ․, եւ դրա հետ կապված որեւէ հետեւանք: Երրորդ, ինչը եւ ամենակարեւորն է, այն եւս հաստատում է Հայաստանի վերապահումների իրավական ուժը:

ԱՊՀ հաստատելու մասին համաձայնագրի հիման վրա եւ հաշվի առնելով դրա վավերացման ժամանակ արված վերապահումները, կձեւավորվեն ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր: Սույն Արձանագրությունն ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի անբաժանելի մասն է:  

Արձանագրենք, որ ինքը` Ադրբեջանը, որևէ վերապահում չի արել, իսկ միանալով Հռչակագրին 1993, պարտավորված էր ընդունել նաև Հայաստանի կողմից ներկայացված վերապահումները:

Մնում է ափսոսանք hայտնել, որ 1993 թվականին Հայաստանի իշխանությունները չօգտվեցին Ադրբեջանի` ԱՊՀ-ին անդամագրմանը վետոյի իրավունքից եւ չդարձրին այն ԱՊՀ-ի ճանաչման հետ կապակցված հարց:

Ինչպես տեսնում ենք, Պրահայի Հայտարարության տեքստում ներառելով Ալմա-Աթայի հռչակագրի հղումը` դրանով առկայացվել է փաշինյանական մեկնաբանությունը, ինչը և «արդարացրեց» հետագա ցեղասպան գործողությունները և նպաստեց Արցախի կործանմանը։ Նույն գործելաոճն այժմ շարունակվում է արդեն Հայաստանի տարածքի հանդեպ՝ և Ադրբեջանի ներխուժումը Փաշինյանի հայտարարությունների ներքո կարող է քողարկվել որպես «ռազմական օժանդակություն» գործընկերոջը` ընդդեմ խռովարարների։ Ուստի անհրաժեշտ է նորից ու նորից ցույց տալ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել խաղաղության հիմք, իսկ դրա փաշինյանական մեկնաբանությունն անհիմն է և կործանարար։

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ
 ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990 - 1995 թթ.)