Որ դեպքում արեւապաշտպան քսուք օգտագործելն անհրաժեշտ չէ
Ուլտրամանուշակագույն ցածր ինդեքսի առկայության պայմաններում ամեն օր կարիք չկա օգտագործել արեւապաշտպան քսուքներ։ Արեւապաշտպան քսուքների եւ սփրեյների չափազանց շատ օգտագործումը վտանգավոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ խանգարում է վիտամին D-ի բնական մշակմանը, գրում է Daily Mail պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ բաց գույնի մաշկ ունեցողներն ավելի շատ են ենթակա արեւային այրվածքներ եւ մաշկի քաղցկեղ ունենալու ռիսկին։ Սակայն այդ ռիսկերի չեզոքացումը պետք է լինի գրագետ կերպով։ Արեւապաշտպան միջոցները՝ քսուքներ, սփրեյներ եւ այլն, կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ բարձր է ուլտրամանուշակագույն ինդեքսը։ Ավելի կոնկրետ, երբ այն 3 բալը գերազանցում է։ Բացի այդ, ամենեւին կարիք չկա ամբողջ տարվա ընթացքում ամենօրյա ռեժիմով նման միջոցներ կիրառել։
Հյուսիսային ցուրտ երկրների բնակիչներն, օրինակ, կարող են երբեմն-երբեմն էլ առանց այդ միջոցների կիրառման դուրս գալ փողոց, քանի որ իրենց մոտ արդեն իսկ ուլտրամանուշակագույն ինդեքսը ցածր է։ Մյուս կողմից, 3 բալից ցածր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի առկայության դեպքում եթե մարդը արեւապաշտպան միջոցներ է կիրառում, օրինակ, կրեմ կամ սփրեյ, ապա խանգարում է օրգանիզմին բնական ճանապարհով վիտամին D սինթեզելուն, որը կենսական կարեւորություն ունեցող վիտամին է մարդու համար։ Նման դեպքերում սովորաբար անհրաժեշտություն է առաջանում այդ վիտամինի օրական անհրաժեշտ քանակությունն ընդունել դեղահաբի տեսքով։
Կարծիքներ