Շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ է ձևավորվել․ Քրիստինե Վարդանյան 

Շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ է ձևավորվել․ Քրիստինե Վարդանյան 

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցող քաղաքական ուժերի գործողություններն ով է կոորդինացնում, համակարգում, թե դրանք ինքնաբուխ են եւ չեն համակարգվում։ 

- «Հայաստան» խմբակցությունը և Դաշնակցությունն իրենց գործունեությունը ծավալում են իրենց պատկերացումներին համապատասխան՝ իրավիճակի իրենց գնահատականից ելնելով։ Բնականաբար, քաղաքական դաշտի գործընկերների հետ կա խոսակցություն, բայց հիմա որևէ կոորդինացված բանի մասին չենք կարող խոսել։ Ամեն ուժ գործում է ելնելով իր պատկերացումներից և իրավիճակի իր գնահատականից։ 

- Այսինքն, նախապես չի քննարկվում, օրինակ, թե որ քաղաքական ուժը որտեղ է փորձելու ճանապարհ փակել կամ որևէ այլ ակցիա իրականացնել։ 

- Տավուշում սկսված շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժում է և տեղային առաջնորդություն կա այդ շարժման։ Մնացած ուժերը շարժմանն արձագանքում են ելնելով իրենց պատկերացումներից իրավիճակի վերաբերյալ։ Այստեղ որևէ քաղաքական ուժի պայքարը չէ, որ այդ քաղաքական ուժն էլ կոորդինացնի, պայմանավորի։ Ինչպես տեսնում ենք` այս օրերի ընթացքում, գործողությունները ծավալվում են ապակենտրոն սկզբունքով և միասնական կոորդինացված կենտրոնից ուղղորդվող կամ նման բան գոյություն ուղղակի չունի։ Դրա համար, եթե հատկապես տավուշյան շարժման մասին է խոսքը, այդտեղ քաղաքական ուժերը չէ որ պետք է իրար հետ պլանավորում անեն և իրականացնեն։ Շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ է ձևավորվել, քաղաքական ուժերը այդ առաջնորդմանն ու շարժմանն արձագանքում են ըստ իրավիճակի։ Ես կարող եմ Դաշնակցության անունից ասել, մենք փորձում ենք մեր բոլոր ռեսուրսներով օժանդակել շարժմանը, որովհետև կարծում ենք, որ այն մտահոգություններն ու պահանջները, որ հնչեցվում են, շատ տեղին են, դրանք օրակարգային հարցեր են և բնակչության պահանջն ամենաարդար պահանջն է, որ կարող է գոյություն ունենալ։ 

- Իսկ ինչ եք կարծում` ապակենտրոն գործողությունները ցանկալի արդյունք կտա՞ն, թե ավելի արդյունավետ կլիներ, եթե ինչ-որ կոորդինացնող խորհուրդ լիներ։ 

- Ես զերծ կմնամ շարժման մասին որևէ կանխատեսում անել կամ այս ֆորմատով խորհուրդներ տալ, եթե դրա առաջարկներն ունենամ, կկարողանամ նաև ուղղել հասցեատերերին։ Կարծում եմ, որ արդյունավետության առումով յուրաքանչյուր ուժ և անհատ, եթե համաձայն է այն պահանջներին, որոնք հնչում են, իր ուժերի ներածին չափով օժանդակի, որպեսզի այդ պահանջները և մնացյալ արդար ձայները լսելի լինեն։ Իսկ թե գործողությունները կամ մարտավարությունը որքանով է արդյունավետ, արդեն դա շարժման համակարգող խորհրդի տիրույթում է, որին հրապարակային անդրադառնալ չեմ ցանկանում։ 

- Ինչ խորհրդի մասին է խոսքը: Այսինքն, այնուամենայնիվ, եղել են քննարկումներ՝ նման կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին, որտեղ ներկայացված են լինելու շարժմանը մասնակից բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ։

- Ես այդ լուրերին ծանոթ չեմ, նկատի ունեմ Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։ 

- ՀՅԴ երիտասարդական թևն ինչ որ ակցիաներ իրականացնո՞ւմ է Տավուշում։ 

- Երիտասարդները երեկ այցելել էին Կիրանց՝ իրենց զորակցությունը հայտնելու Տավուշում ձևավորված հակազդեցությանը։ Այսօր նաև հայտարարություն են տարածել։ Ավելի վաղ բոլոր տեսակ ակցիաներին ներգրավված են եղել, ջահերով երթը կար, որտեղ այս թեմային անդրադարձ եղավ, այս օրերին տարբեր ակցիաներ և մշակութային վայրերում, և Օպերայի դահլիճում պաստառներով, և փողոցներում մակետների տեղադրումով և որևէ ձև անհազանդության դրսևորումներով։ Այսինքն, բոլոր հնարավոր մեթոդներով, օգտագործելով ամբողջ երիտասարդական կրեատիվը, այս օրերին մեր երիտասարդները փորձում են անդրադառնալ այդ հարցին՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում ձևավորված շարժմանը։ 

- Հնարավո՞ր է, որ շարժումը տեղափոխվի Երևան, որովհետև մարդկանց մի հոծ զանգված ասում է, որ խնդիրը Երևանում է նստած՝ Տավուշում պայքարելով այդ հարցը չես լուծի։ 

- Ես կարծում եմ, որ շարժման հետագա ընթացքի մասին ճիշտ կլինի, որ մեկնաբանություններ տա Տավուշում ձևավորված արդեն իսկ առաջնորդությունը, ճիշտ կլինի, որ այդ հարցին անդրադառնա Բագրատ Սրբազանը և կարծում եմ, որ այդ առումով ամենաճիշտ տարբերակը դա է։ 

- Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, շարժումը պոտենցիալ ունի՞ մինչև Երևան հասնելու։ 

- Ես կարծում եմ, որ այս փուլում ամենակարևոը իշխանության առաջարկած օրակարգին հակազդեցության ցուցաբերումն է։ Չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր հնարավոր մակարդակներում դրսևորվի, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգի նկատմամբ կա ընդվզում։ Բոլորը հասկանում են, որ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է, ու թե ինչ զարգացումներ կունենա, շարժումն ինչպե՞ս կորոշի այդ ընդվզմանը գնալ, դա կարծում եմ շարժման խորհրդի լիազորությունների և որոշումների տիրույթում է։ Այս փուլում տեսնում եմ մեր դերակատարությունը առողջ, արդար ընդվզմանը աջակցողի դերում։