Բագրատ Սրբազանի մասին կեղծ տեղեկությունները քաղաքական պայքարի ոչ արժանապատիվ մեթոդ են

Բագրատ Սրբազանի մասին կեղծ տեղեկությունները քաղաքական պայքարի ոչ արժանապատիվ մեթոդ են

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անձի մասին աղաղակող հերհյուրանքների և սուտ տեղեկատվության տարածման ճղճիմ գործընթաց է սկսվել, որի նպատակը Սրբազանին անվանարկելն ու հանրության մոտ նրա բարձր հեղինակությունը սասանելն է։

Բագրատ Սրբազանի անցած ուղին, նրա հոգևոր ծառայությունը անկասկած արժանի է մեծ գնահատանքի, հարգանքի ու աջակցության, և հատկապես նրա ներկայիս ստանձնած դերակատարությունը՝ կապված Տավուշի մարզի մեր հայրենակիցների արդար ցասման և շահերի պաշտպանության հետ: Սրբազանը ոչ միայն դեմ է արտահայտվել իշխանության ապազգային և հակապետական գործողություններին, այլև հոգևոր ու կազմակերպչական առաջնորդություն է ստանձնել մի կարևոր ժողովրդական շարժման, որի մասնակիցները դատապարտում են ներկայիս իշխանությունների ապազգային ու դավաճանական կեցվածքը, վարքագիծն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն վնաս են հասցրել և դեռ հասցնելու են մեր Հայրենիքին։

Բագրատ Սրբազանի հեղինակությունը խարխլել փորձողների ցուցումներով տարածվող սուտ և կեղծ տեղեկությունները քաղաքական պայքարի անընդունելի և ոչ արժանապատիվ մեթոդ են։ Սա վկայում է ոչ միայն իշխանության որոշակի շրջանակների բարոյականության լիակատար կորստի մասին, այլև Հայ Առաքելական եկեղեցու և ժողովրդի միասնական ուժի նկատմամբ նրանց վախի մասին, քանի որ հոգևոր առաջնորդությամբ ժողովուրդը պատրաստ է կանգնել ոչ միայն ճշմարտության համար, այլև ցուցադրում է իր՝ իշխանափոխության օրակարգ ձևավորելու պատրաստակամությունը՝ գործադրելով ջանքեր դրա փաստացի իրագործման համար:

Մեր հողի, Հայրենիքի և արդարության պաշտպանության համար պայքարող բողոքի ցույցերի հոգևոր առաջնորդի հասցեին սուտ ու զրպարտություն տարածելը պետք է կտրականապես դատապարտվի յուրաքանչյուր հանրային գործչի և ազնիվ քաղաքացու կողմից։ Բագրատ Սրբազանին և նրա ստանձնած առաքելությանը պաշտպան կանգնելն ու աջակցելը ոչ միայն ճշմարտությանն աջակցել է նշանակում, այլ նաև երաշխիք է այն ընկալման, ըստ որի մենք դեռևս ունենք մեր արմատներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու կարողություն։ 

Մենք պետք է պայքարենք մանիպուլյացիայի և ստի ցանկացած դրսևորման դեմ, քանի որ դրանք են հասցրել մեզ այսօրվա ողորմելի և դառը իրականություն։