Աճը գլխներիդ կպնի

Աճը գլխներիդ կպնի

Որքան մեծանում է ժողովրդի դժգոհությունն իշխանությունից, եւ ինչքան շատ են մարդիկ անիծում 2018-ը, երբ իշխանության եկավ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն այնքան ավելի բարձր է խոսում իրենց ձեռքբերումների մասին: Երեկ ՎԶԵԲ համաժողովում նա խոսել է տնտեսական հաջողությունների մասին, որ Հայաստանը գրանցել է 2018-ից հետո. բյուջեի եկամուտների աճ, աշխատատեղեր, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կրկնապատկում: «Նշված տնտեսական ցուցանիշներն արձանագրվել են հենց 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերած փոփոխությունների եւ ժողովրդական բարեփոխումների կուրսից կառավարության չշեղվելու շնորհիվ»:

Ոմանք կասեն` անբարոյականություն է 5 հազար երիտասարդի կյանքն ու բյուջեի հավաքագրումը, Արցախի կորուստն ու ՀՆԱ-ի կրկնապատկումը նույն նժարների վրա դնելը, եւ ոչ մեկն իշխանությանը չի ասելու` ոչինչ, որ թշնամին ամեն օր մի կտոր պոկում է Հայաստանից, փոխարենը` նոր աշխատատեղեր են բացվել, եւ տնտեսությունը թղթի վրա «աճել է 30 տոկոսով»: Բայց խնդիրը դա էլ չէ, այլ այն, որ Հայաստանին այսքան ավերածություններ բերելուց հետո էլ պետության ղեկավարը շարունակում է նախկին իշխանություններից բամբասել` առանց որեւէ ապացույց ներկայացնելու: Ասում է` մինչեւ հեղափոխությունը «ՀՀ տնտեսության շահութաբեր ճյուղերը քվոտավորվում էին ստվերային եղանակով»: Իսկ 2 օր առաջ Դանիայում լրագրողը հարցնում է. «Ռասմուսենը ձեր հարեւանին անվանել է ավտոկրատիա»։ Պատասխանում է. «Ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարեւան երկրների ներքին իրավիճակը»։ Ինչո՞ւ. միջազգային լսարանում քեզ հարց են տվել, օգտագործիր առիթն ու մի քանի բան ասա, գոնե գերիների մասին խոսիր, որակումներ տուր: Չէ՞ որ Ալիեւն իր մի ելույթում 9 անգամ մեզ կոչում է «թշնամի», «ատելի, բարբարոս թշնամի»: