Ինքը շատ կոնկրետ արժեհամակարգ ու արժեքներ կրող անձնավորություն է եւ ունի իր ներքին Սահմանադրությունը

Ինքը շատ կոնկրետ արժեհամակարգ ու արժեքներ կրող անձնավորություն է եւ ունի իր ներքին Սահմանադրությունը

Բագրատ սրբազանը նախօրեին տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Մանուկյան հետ։ «Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել իրենց եւ առաջարկներն ենք ստացել, իրենց դիրքորոշումն են հայտնել»,- ասել էր սրբազանը։ Մեզ հետ զրույցում նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց, որ մինչեւ այս հանդիպումն էլ ինքն աջակցել է սրբազանի բոլոր նախաձեռնություններին եւ ունեցել իր պատկերացումները շարժման վերաբերյալ։ Հանդիպումը սրբազանի նախաձեռնությամբ է եղել։ Նրան հետաքրքրել է՝ ստեղծված իրավիճակից կա՞ն քայլեր, որոնք կարող են երաշխավորել արտաքին սպառնալիքների կանխումը։ Հիմնական քննարկումն այս հարցին է վերաբերել։ Անդրադարձել են կիրակնօրյա հանրահավաքում Դիվանագետների համահայկական խորհրդի ու սրբազանի հայտարարություններին, որոնք, ըստ Հարությունյանի, ոչ թե էմոցիոնալ էին, այլ՝ քաղաքական։ 

«Ես ողջունում եմ այդ հայտարարությունները, որովհետեւ այնտեղ տեսա քաղաքական կոնտենտ՝ միտք։ Դա շատ էական է, մենք լսեցինք ոչ թե էմոցիոնալ, հասարակության մոտ զգացմունքներ առաջացնող խոսքեր, որոնք շատ ենք լսել նախորդ շրջաններում եւ հատկապես 2018 թվականին, այլ լսեցինք քաղաքական միտք, եւ ես հուսով եմ, որ առաջիկայում այդ տենդենցը՝ հանրությանը ներկայացնելու ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերի ամբողջականությունը, կպահպանվի»,- ասաց Խ. Հարությունյանը։ Հետաքրքրվեցինք՝ քննարկե՞լ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացով պայմանավորված՝ նոր վարչապետի թեկնածուի հարցը։ Հարությունյանն ասաց, որ այդ հարցի շուրջ մանրամասն զրույց չի եղել, բայց ինքն անձամբ կարծում է, որ այդ թեկնածուն պետք է լինի հենց Բագրատ սրբազանը, ով անվերապահ հանրային աջակցություն ու վստահություն ունի, ինչը ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է։ Նկատենք՝ Բագրատ սրբազանը չի բացառել, որ պատրաստ է անձամբ ստանձնել այդ պատասխանատվությունը՝ իր երկքաղաքացիությամբ պայմանավորված իրավական խնդրի կարգավորումից հետո։ 
Հարությունյանի խոսքով, իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ թե՛ Հայաստանի պետականությունը, թե՛ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անվտանգությունը հայտնվել են թշնամու՝ անդառնալի թվացող ռազմական սպառնալիքի տակ։ Իսկ այս պայմաններում, մի կողմից արտաքին սպառնալիքներին դիմագրավելու, մյուս կողմից կարող ուժերը պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար առավելագույնս օգտագործելու նպատակով, լայն հանրային ներքին կոնսոլիդացիա է հարկավոր։ Հենց այս պատճառով, նրա կարծիքով, առանձնահատուկ կարեւորություն ունի առաջնորդի նկատմամբ վստահությունը, առանց որի հանրությունը չի կարող կոնսոլիդացվել։  

«Սա է իրողությունը, եւ այս պայմաններում, երբ փորձում ես վերլուծել իրավիճակը, թվում է, թե Բագրատ սրբազանն ամենաընդունելի թեկնածուն է։ Սա իմ կարծիքն է, բայց ես համոզված եմ, որ շատերն ինձ հետ կհամաձայնեն, առավել եւս, որ խոսքը գնում է ինչ-որ ժամանակահատվածում հանրային կարողությունները մեկտեղելու եւ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու մասին։ Նման խնդիրներ հասարակությունը կարող է լուծել, եթե կա առաջնորդի նկատմամբ լիակատար վստահություն։ Բագրատ սրբազանի վերջին շրջանի վարքն ու մոտեցումները խոսում են դրա մասին։ Մյուս կարեւոր առանձնահատկությունը նրանում է, որ վստահելի առաջնորդի պարագայում շատ էական է, որ ձեւավորվի մերիտոկրատական մի թիմ, այսինքն՝ լինեն մարդիկ, որոնք մի կողմից պրոֆեսիոնալ են, մյուս կողմից, առաջնորդվում են այն արժեքներով կամ սկզբունքներով, որոնք այսօր ներկայացնում է ինքը՝ Բագրատ սրբազանը»,- նշում է Խոսրով Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ սրբազանին կհաջողվի իր շուրջը համախմբել հանրության ինտելեկտուալ էլիտայի ամենատարբեր շերտերին, իսկ դա վստահություն կառաջացնի նոր իշխանության նկատմամբ ոչ միայն ներսում, այլեւ արտաքին խաղացողների շրջանում։ 

«Այդ իշխանությունը կարող է հավակնել բոլոր խաղացողների համար վստահելի գործընկերոջ դերակատարմանը»,- շեշտում է մեր զրուցակիցը։ Մտավախություն չունե՞ք, որ, ի դեմս Բագրատ սրբազանի, մեր հասարակությունը նոր կուռքեր կարող է ձեւավորել։ Նախկին վարչապետի խոսքով, սա կարեւոր հարց է, որովհետեւ բոլոր մահկանացուներն իրենց թուլություններն ունեն։ «Արդյո՞ք այս համազգային աջակցությունն առաջնորդի մոտ չի առաջացնի աստղային հիվանդություն, այսպես ասած, ամենա-ամենան լինելու սինդրոմ։ Մի դիպուկ ասույթ գոյություն ունի՝ ցանկացած ուժեղ անհատի մեջ փոքր շրիֆտով ինչ-որ բաներ կան, սա պետք է հաշվի առնել, բայց առաջին հերթին սա պետք է հաշվի առնի ինքը՝ Բագրատ սրբազանը։ Արդյոք նա կկարողանա՞ դիմանալ այն գայթակղությանը, որը ձեւավորվում է իր նկատմամբ հանրային անվերապահ համաձայնության պարագայում։ Ես կարծում եմ՝ այո, որովհետեւ, նախ, ինքը շատ կոնկրետ արժեհամակարգ ու արժեքներ կրող անձնավորություն է եւ ունի իր ներքին Սահմանադրությունը։ Համոզված եմ, որ էական դերակատարում կունենա նաեւ նրա մերձակա շրջապատը, ընդ որում, ոչ թե նոր ձեւավորվող քաղաքականը, այլ եկեղեցու գործոնը»,- նշում է Խոսրով Հարությունյանը, ով սեփական փորձով գիտի իշխանություն լինելու ծանր բեռն ու պատասխանատվությունը։

Նախկին վարչապետն ընդգծում է` հասարակությունն ավելին չպետք է պահանջի։ Չպետք է ձեւավորվեն այնպիսի սպասելիքներ, որոնք որեւէ մահկանացու չի կարող իրականացնել։