«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։
- Բագրատ սրբազանի գլխավորած շարժման վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք՝ աճո՞ւմ է, թե՞ մարում։
- Իմ կարծիքով՝ մարտավարություն է փոխվել, գնահատական տալ՝ մարել է, թե ոչ, չեմ կարող ասել։ Ակտիվացման գործընթացներ չեմ տեսնում, բայց մարելու մասին էլ չեմ կարող ասել, ուղղակի մարտավարություն է փոխվել։
- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ մարտավարություն է փոխվել։
- Նախնական հաշվարկների սխալ լինելու պատճառով կամ նախնական հաշվարկների չիրականանալու պատճառով Բագրատ սրբազանը մարտավարություն է փոխել՝ անցնելով, այսպես կոչված, իմպիչմենթի օրակարգ առաջ բերելուն։
- Իմպիչմենթի օրակարգը հիմնվում է ձեր՝ պատգամավորներիդ գործողությունների վրա, այսինքն՝ դուք եք որոշում, թե ով դառնա վարչապետ՝ անվստահություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին․․․
- Նախ պետք է օրակարգ մտնի, ինչը, բնականաբար, հնարավոր չէ, հետո նոր քննարկումներ լինեն։ Իսկ օրակարգ չի մտնի, որովհետեւ անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները մեր ընդդիմադիր գործընկերները ոնց որ թե չունեն։
- 1 հոգի է պակասում, Իշխան Զաքարյանն էլ, սրբազանն ասաց, չի մերժել։
- Բայց չի էլ հաստատել։
- Բայց ինչո՞ւ ձեր խմբակցությունը չի ուզում, որ այդ հարցն օրակարգ մտնի, օրինակ, ի՞նչն է ձեզ խանգարում քննարկել այն, գուցե քննարկում եք ու հասկանում, որ Նիկոլ Փաշինյանին պետք է փոխել, ընտրել ընդդիմության թեկնածուին։ Ինչո՞ւ եք խուսափում քննարկումներից, ՔՊ-ականներից մեկը կարող է այդ պակասող ստորագրությունը տալ, հարցը մտցնել ԱԺ օրակարգ: Չէ՞ որ միշտ էլ կարող եք նախագծին դեմ քվեարկել։
- Չէ դե, հիմա գիտեք ոնց է․․․, պարտադիր չէ, ինչ-որ հարցի հետ կապված՝ տեսակետների, առաջարկությունների բախում լինի, քննարկում լինի, որպեսզի մենք ունենանք մեր կարծիքը։ Մենք մեր կարծիքն ունենք, խմբակցությունը միասնական է եւ միասնաբար կանգնած է վարչապետի կողքին, հետեւաբար, նպատակահարմար չենք գտնի անիմաստ տեղը ժամանակ կորցնելու։
- Ձեր խմբակցությունից ոմանք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նկարն էին տեղադրում, գրում, որ Փաշինյանի զինվորն են։ Դուք է՞լ եք նրա զինվորը Ձեզ համարում։
- Չէ, ես ինձ համարում եմ Փաշինյանի թիմի անդամ, ի՞նչ է նշանակում զինվոր։ Ես պայքարի զինվորն եմ, իհարկե, այն էլ՝ առաջամարտիկ զինվորներից, եթե այդ տեսանկյունից մոտենանք, որքանով որ այդ տերմինը տեղին է օգտագործելը։
- Շատերը վարչապետի թեկնածուի դերում տեսնում են Բագրատ սրբազանին, ով ունի անբիծ կենսագրություն եւ ուզում է հաշտություն հաստատել հանրության ներսում։
- Անբիծ կենսագրությամբ մարդ է, ինչը ես կասկածի տակ չեմ դնում, որովհետեւ չեմ ճանաչում, բայց հոգեւոր առաջնորդը չի կարա լավ բան անի վատ ճանապարհով, այսինքն՝ չի կարող օրինական ինչ-որ խնդիրներ լուծել անօրինական ճանապարհով․ ինքն այլ երկրի քաղաքացի է, իսկ մեր Սահմանադրությունն արգելում է այլ երկրի քաղաքացուն՝ լինել պատգամավոր, լինել վարչապետ եւ այլն։
- Դուք կարող եք Սահմանադրության այդ դրույթը փոխել, ինչպես արեցիք ՍԴ դատավորների պարագայում, երբ ձեր իշխանությանը պետք էր։ Ժողովուրդը կարող է շրջափակել ԱԺ-ն, հնարավոր է` 100 հազար մարդ հավաքվի եւ ձեզ ստիպի փոխել այդ դրույթը։
- Չէ, 100 հազարի պարագայում չէ, բայց եթե շատ ավելի մեծ թիվ հավաքվի ու պահանջի, որ Սահմանադրությունը փոխենք, գուցե մտածենք էդ ուղղությամբ։ Օրինակ՝ դա ինձ համար էնքան սկզբունքային հարց ա այդ քաղաքացիության հարցը, որ եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքների բերումով գնանք դրան, որ Սահմանադրություն փոխենք, անձամբ ես չեմ համաձայնի եւ կդիրքավորվեմ որպես անհատ, որպես քաղաքական գործիչ։ Ես 10 տարի ապրել եմ Ռուսաստանում՝ իմ ընտանիքով, ես ավարտել եմ Բաումանի ասպիրանտուրան, տեխնիկական գիտությունների թեկնածու եմ։ Կես ժամում կարող էի ՌԴ քաղաքացիություն ստանալ, ինչի համար շատ մարդիկ հազարավոր դոլար փող են ծախսել, իսկ ես քաղաքացիություն չեմ ստացել, որովհետեւ ես գտել եմ, որ կարող է պատահի օգտակար լինեմ իմ հայրենիքին։ Հիմա դա ինչքանով է արդարացված, ինչքանով` ոչ, բայց դա իմ պարագայում այդպես է, որովհետեւ ես դա շատ եմ կարեւորել, որովհետեւ «քաղաքացի» հասկացությունը շատ էական հասկացություն է, եւ այն թեթեւությամբ, որ Բագրատ սրբազանն ասում է՝ իսկ վարչապետը բարձրագույն կրթություն չունի․․․, նույնիսկ անհարմար է նման մարդու շուրթերից այդպիսի արտահայտություն լսելը։
- Ձեր քաղաքական ուժը 2018-ին իշխանության եկավ, որովհետեւ հրապարակում հարյուր հազար մարդ կար, հիմա եթե ԱԺ-ն 100, 150 կամ 200 հազար մարդ շրջափակի եւ ձեզ, որպես ժողովրդից մանդատ ստացած պատգամավորների ստիպի, որ Բագրատ սրբազանին ընտրեք, ի՞նչ պիտի անեք։
- Ես այդ դեպքում իմ թիմակիցներին կառաջարկեմ գնալ արտահերթ ընտրությունների, բայց ես Բագրատ սրբազանի համար չեմ քվեարկի։