Պուտինը փորձում է թուլացնել Շոյգուին․ FT

Պուտինը փորձում է թուլացնել Շոյգուին․ FT

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի կալանավորումն օգտագործել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի դիրքերը թուլացնելու համար, որոնք ամրապնդվել են «Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահից հետո։
Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած զրուցակցի խոսքով՝ կաշառակերության գործով Իվանովի կալանավորումը կրկին ակտուալ է դարձրել ՊՆ-ում կոռուպցիայի հարցը, որը նախկինում բարձրաձայնել էր անցյալ տարվա օգոստոսին մահացած Պրիգոժինը։

Մասնավորապես, վարձկան բանակի առաջնորդը կոչ էր արել «գործ ունենալ թիկունքում գտնվող այս առնետների հետ, որոնք գողանում են», - հիշեցնում է FT-ի աղբյուրը ռուսական վերնախավից: 
Նրա խոսքով, Պուտինը կարծում է, որ Պրիգոժինը «շատ հեռուն գնաց, բայց նաև կարծում է, որ նա ճիշտ էր, քանի որ ՊՆ ղեկավարությանը պետք է նվաստացնել», որովհետև նախագահը վախենում է, որ իր էլիտայի ցանկացած խմբակցություն չափազանց մեծ ազդեցություն ձեռք կբերի:

Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ գերատեսչությանը «նվաստացնելու» ցանկության մասին վկայում է Իվանովի կալանավորման ձևը։

«Նրան [Իվանովին] կարող էին նախ ազատել աշխատանքից: Սա ցույց կտար, որ նրանք ազատվել են կոռուպցիայից։ Փոխարենը, նա ձերբակալվել է իր աշխատավայրում, համազգեստով, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստից անմիջապես հետո, որտեղ նա նստած էր Շոյգուից մեկ տեղ այն կողմ։ Այդ ամենը թատրոն է: Ի՞նչ իմաստ ուներ դա, եթե չի խաթարվելու Շոյգուի ազդեցությունը», - նշել է FT-ի զրուցակիցը։