Mercedes-Benz-ի «դիզելային սկանդալի» գործը փակվում է

Mercedes-Benz-ի «դիզելային սկանդալի» գործը փակվում է

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը փակում է Mercedes-Benz գերմանական ավտո-արտադրող ընկերության հետ կապված «դիզելային սկանդալի» գործի քննությունը։ Հիշեցնենք, որ ամերիկյան արդարադատությունը կասկածներ ուներ, որ գերմանական ավտոարտադրող ընկերությունը ծրագրային ապահովման հետ կապված մանիպուլյացիաներ է կատարել, որպեսզի իր արտադրած ավտոմեքենաների վնասակար արտանետումները նվազեցված ցույց տրվեն։ Mercedes-Benz-ն հաստատել է այս տեղեկությունը։

Ի տարբերություն գերմանական մեկ այլ ավտո արտադրող ընկերության՝ Volkswagen-ի, որը այսպես կոչված «դիզելգեյթի»  համար վճարեց մի քանի միլիարդ դոլարի հասնող փոխհատուցում, Mercedes-Benz-ը, ութ տարի տեւած հետաքննությունից հետո, ներկայացնելով ավելի քան 300 հազար միավոր փաստաթուղթ ամերիկյան իշխանություններին, կարողացավ անպարտ դուրս գալ այդ գործից։ Mercedes-Benz-ում նշում են, որ դեռ այս տարվա մարտ ամսին է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրենց, որ մեղադրանք Mercedes-Benz-ի դեմ չի ներկայացվի։