Դաս առ Լուկաշենկոյից

Դաս առ Լուկաշենկոյից

Վերջին հինգ տարիների կտրվածքով ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը վերջապես մի ճշմարիտ խոսք ասաց: Անցյալ տարի ինքը հայտարարել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որպեսզի, ուշադրություն` կարողանա պահպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Առաջին հայացքից զարմանալի է, որ այդ ինքնաբացահայտումն ինքը չի կատարել վերջին շուրջ երեք տարվա ընթացքում: Չնայած դա այնքան էլ զարմանալի չի լինի, եթե դրա կապակցությամբ նրան տրվի համապատասխան հարցը՝ իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց: Չէ՞ որ զինադադար կնքելուց հետո 25 տարի շարունակ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարց երբեւէ չի առաջացել: Պատասխանեմ նրա փոխարեն, քանի որ ինքն այդ հարցին չի պատասխանի. որովհետեւ դա պատերազմում պարտություն կրած կողմի դաժան ճակատագիրն է: «Վա՜յ պարտվածներին»՝ ինչպես ասվել է գալերից պարտված Հին Հռոմի բնակիչներին:

Չէ, հասկանալի է, որ մեղավոր են (Նիկոլի կարծիքով) նախկինները: Բայց նույնիսկ «մեղավոր» նախկինների դեպքում 2016 թվականի ապրիլի քառօրյայի ընթացքում ադրբեջանական բանակը ծեծ կերավ ու Մոսկվայից զինադադար աղերսեց: Եվ եթե հենց այդ ժամանակ հանդես գար Դավիթ Տոնոյանը՝ իր հանրահայտ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» դատողությամբ, ապա, ինչ իմանաս, երեւի տեղի չունենար ո՛չ ՊՊԾ գնդի գրավումը եւ ո՛չ էլ 2018 թվականի համազգային մտավոր գարնանային խանգարումը: Բայց եթե նույնիսկ ընդունելի համարենք վերը նշված անձի դատողությունը, ապա հարց է առաջանում, թե ուղիղ մեկ տարի առաջվա 150 քառ․ կմ տարածքի կորուստը տեղավորվո՞ւմ է, արդյոք, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանության նրա պարադիգմի մեջ: Որովհետեւ, թեկուզ բանավոր, ինքն արդեն ճանաչել է թշնամու երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ այդ երկրի նախագահը դա չի կատարել: Եվ ոչ միայն չի կատարել, այլեւ ձեռ առնելով է հիշատակել 29 հազարի քառ․ կմ-ն՝ «մոռանալով» հիշատակել նաեւ 800-ը:

Եվ, ինչպես երեւում է, երբեք էլ չի կատարելու: Չի կատարելու, քանի որ մեր երկրի ողջ տարածքն ինքը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»: Ու այդ մտայնությամբ էլ առաջնորդվում է մեր երկրի ոչ բարով-խերով ղեկավարի հետ փոխհարաբերություններում: Ու առաջանում է արդարացի հարցը՝ եթե ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի ո՛չ տարածքային ամբողջականությունը եւ ո՛չ էլ ինքնիշխանությունը, ապա ի՞նչ իմաստ ունի ճանաչելու թշնամի երկրինը: Ինչ մնում է այն հանգամանքին, որ «Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը,- ինչպես ինքն է ասում,- ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում», ապա դրա մեղավորը կրկին ինքն է: Ինքն է, որ իշխանության գալով մեր երկրի ինքնիշխանությունը բարձրացնելու խոստումներով, մեր բարեկամներին դարձրեց համարյա թե թշնամի: Ու, բնականաբար, ինքնիշխանությունն իջեցրեց «պլինտուսից» ցածր մակարդակի՝ բախելով մեզ թշնամի երկրի (Ադրբեջան) բարեկամի (Թուրքիա) դուռը: 

Մեր երկրի ոչ բարով-խերով ղեկավարը նույնիսկ չփորձեց ուսումնասիրել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ շփվելու՝ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի (բելառուսական «բատկայի») փորձառությունը: Ով Վլ. Պուտինի նախորդի՝ Բորիս Ելցինի հետ 1999-ին կնքելով Միութենական պետության պայմանագիրը՝ իր երկրի համար լիուլի օգտագործեց դրա ընձեռած հնարավորությունները: Բայց միաժամանակ ոչ միայն պահպանեց Բելառուսի անկախությունը, այլեւ բարձրացրեց իր երկրի անվտանգության ու, ըստ այդմ՝ ինքնիշխանության մակարդակը: Ու այդ ամենը կատարեց համառ աշխատանքով՝ անընդհատ «քաղաքական առեւտրի» մեջ մտնելով Ելցինին փոխարինած Պուտինի հետ: Եվ ոչ թե գունավոր հեղափոխությունը դրոշ սարքելով ու ասելով, թե «նրանք պետք է հարմարվեն մեր երկրում կատարված փոփոխություններին»՝ արդյունքում փչացնելով հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ինչը մեզ համար արժեցավ թե՛ տարածքային, թե՛ մարդկային եւ թե՛ ինքնիշխանության կորուստներ: