Պուտինն իսկապես խնդիր չունի Փաշինյանի հետ, նրա կռիվն Արեւմուտքի դեմ է
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանին ներկայացնել որպես Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիք, իրավիճակը ներկայացնել այնպես, որ ոչ թե Ադրբեջանն է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստվում, այլ Ռուսաստանն է սահմանային լարվածություն ստեղծում, Ադրբեջանին հրահրում՝ զորք կուտակել Հայաստանի սահմանին եւ սպառնալ պատերազմով: Հանրային կոչվող հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, խեղաթյուրելով հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանի հարցը, ասում է. «Դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները եւ նույնիսկ իմ կնոջ այցն Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ, եւ Ձեր հարցում կոնտեքստն այն է՝ արդյոք այս գործընթացները չե՞ն բերի սահմանային սրացումների»: Փաշինյանի ասածն այն է, որ Հայաստանի իշխանության հակառուսական քայլերը կամ դրանք Ռուսաստանի կողմից որպես այդպիսին ընկալելն են բերել սահմանային լարվածության, Ռուսաստանն այդ քայլերին արձագանքել է սահմանային լարվածություն հրահրելով, մինչդեռ Պ․ Ղազարյանը Փաշինյանին շատ տրամաբանական հարց էր տալիս, թե Ադրբեջանի կողմից կազմակերպված սահմանային լարվածության պայմաններում, երբ էականորեն մեծացել է Հայաստանի դեմ հարձակման վտանգը, ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նախաձեռնելով բազմաթիվ հակառուսական քայլեր:
Փաշինյանն ասում է, որ ինքը Ռուսաստանի նախագահին չի զանգահարել, բայց զանգահարել է այլ երկրների ղեկավարների՝ նրանց իրավիճակը ներկայացնելու համար, եւ ավելացնում է. «Մենք ունենք սահմանային որոշ խնդիրներ, որոնք մենք պետք է հասցեագրենք կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձենք լրացնել»: Այսպիսով Փաշինյանը եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն իր անվտանգության ապահովման կամ անվտանգության երաշխիքների հարցում այլեւս որեւէ ակնկալիք չունի Ռուսաստանից, ակնկալիքներն այն երկրներից են, որոնց ինքը զանգահարել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլց, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, նաեւ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան: Փաշինյանն այլեւս տեւական ժամանակ քարոզում է այն դրույթը, որ Հայաստանի անվտանգության լրացուցիչ գործիքակազմի առանցքային դերակատարը Թուրքիան է: Եթե Հայաստանին հաջողվի պայմանավորվել Թուրքիայի հետ, Թուրքիան դադարի Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնել, ինչպիսին շրջափակումն է, եւ, որպես դրա դրսեւորում, բացի հայ-թուրքական սահմանը, ապա այլեւս անհրաժեշտություն չի առաջանա, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ անգամ Արեւմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրեն:
Առաջին հայացքից տրամաբանական է թվում․ եթե Թուրքիան, որը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հովանավորը, հրաժարվի Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն վարելուց, կզսպի նաեւ Ադրբեջանին, այդ դեպքում հնարավոր կլինի ապրել կատարյալ խաղաղության եւ անվտանգության պայմաններում: Փաշինյանը որպես այդպիսի օրինակ է տեսնում Վրաստանը, որն ինտեգրվել է Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, դրա շնորհիվ ազատվել ոչ միայն ռուսական ազդեցությունից, այլեւ այդ երկրների միջեւ տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքային միջնորդի դեր կատարելով՝ կարողանում է հսկայական տնտեսական շահ ստանալ: Մինչդեռ Փաշինյանը հաշվի չի առնում մի հանգամանք. Վրաստանի եւ վրաց ժողովրդի պատմությունը ծանրաբեռնված չէ ո՛չ Թուրքիայի կողմից իրականացված եւ արդեն հարյուր տարի ժխտվող Ցեղասպանությամբ, ո՛չ միլիոնավոր վրացիների հայրենազրկմամբ: Բացի այդ, Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են Հայաստանի տարածքն օկուպացնելու հաշվին իրար հետ ցամաքային կապ հաստատել, եւ եթե դա նրանց հաջողվի իրագործել, դրանով կթուլանա նաեւ Վրաստանի դերը՝ որպես Ադրբեջանին եւ Թուրքիային կապող երկիր, Ադրբեջանը, օրինակ, կարիք չի ունենա իր նավթն ու գազը Վրաստանի տարածքով տարանցելու Թուրքիա կամ երբեք Վրաստանին գազի սուբսիդիա չի տրամադրի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային կապի վերականգնմանը խոչընդոտելու եւ Հայաստանը տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ պահելու համար: Այնպես որ՝ անկախ այն բանից, թե Փաշինյանը որքան կխոնարհվի թուրքական սուլթանի առաջ եւ հավատարմության ինչ երդումներ կտա նրան, Թուրքիան երբեք չի հրաժարվի Հայաստանի ներկա թույլ եւ անօգնական վիճակն օգտագործելուց եւ Հայաստանի հաշվին Ադրբեջանի հետ ընդհանուր սահման բացելու ռազմավարական նպատակից:
Չնայած Փաշինյանն ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնում, բայց նաեւ հայտարարում է, որ ինքը որեւէ խնդիր չունի Ռուսաստանի եւ նրա ղեկավարի հետ: Ավելին՝ նա Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կապում է ոչ թե Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշման հետ, այլ որպեսզի կարողանա այդ դատարանում քննության առարկա դարձնել 2021 եւ 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի դեմ ուղղված հարձակումները՝ դրանով ապահովելով Հայաստանի անվտանգությունը: Իհարկե, որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում Փաշինյանի այս արդարացումներին, որովհետեւ որեւէ մեկը լուրջ չի կարող համարել, որ Միջազգային քրեական դատարանի որոշումներով հնարավոր է ապահովել որեւէ երկրի անվտանգություն, հնարավոր է Ադրբեջանին հետ պահել նոր հարձակումներից: Բայց Փաշինյանը դա ասում է՝ մտածելով, որ այդպես ֆռռացնում է Ռուսաստանին եւ նրա ղեկավարությանը: ՌԴ ղեկավարն էլ իր ասուլիսում նույն վարքագիծն է դրսեւորում. ասում է, որ որեւէ խնդիր չունի Հայաստանի եւ նրա իշխանության ղեկավարի հետ, ամեն ինչ կարգին է: Վլադիմիր Պուտինը, իհարկե, գիտի, որ ոչ մի բան էլ կարգին չէ, եւ Փաշինյանն էլ բացահայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնում, բայց չի ուզում Մարիա Զախարովայի կամ նրա ղեկավար՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նման լեզվակռվի բռնվել Հայաստանի իշխանությունների հետ: Նա իսկապես որեւէ խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ, նրա խնդիրը եւ կռիվն Արեւմուտքի հետ է, իսկ Փաշինյանին համարում է ընդամենը Արեւմուտքի դրածո, չլինի Փաշինյանը՝ կլինի մեկ ուրիշը:
ՌԴ-ն պատերազմում է Արեւմուտքի դեմ եւ եթե այդ պատերազմում հաղթի, կլուծվեն մյուս հարակից հարցերը, եթե պարտվի, կվերանա կորցրածը վերադարձնելու հնարավորությունը: Պուտինը գիտի, որ պատժում են ոչ թե խոսքով, այլ՝ գործով, գործողություններով, իսկ քանի դեռ ուժ եւ հնարավորություն չունես գործելու, ավելորդ բառերն ու սպառնալիքները մատնում են սեփական թուլությունդ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ