Մեր ժողովուրդն արդեն իրեն Արեւմուտքի մաս է զգում

Մեր ժողովուրդն արդեն իրեն Արեւմուտքի մաս է զգում

Ապրիլի 19-ից սկսած՝ իշխանություններն արդեն անթաքույց հայտարարում են, որ, պաշտոնապես, Տավուշի մարզից են սկսում «սահմանազատման եւ սահմանագծման» աշխատանքները եւ առաջինն Ադրբեջանին կհանձնեն Տավուշից տարածքներ` փաստացի հանձնելով Տավուշի պաշտպանական գիծն ամբողջությամբ: Այս պահին Տավուշի գյուղերի բնակիչների անհամաձայնությունն էլ իշխանությունները որակում են որպես թատերական ներկայացում, քանի որ Տավուշ տարված ոստիկանական բանակն այն կարող է 5 րոպեում ցրել, քանզի ուժերը խիստ անհամաչափ են: Անգամ այն դեպքում, երբ փողոց ելնող, պայքարող մարդկանց քանակը հասնում է տասնյակ հազարների, բոլորովին չի ազդում այս իշխանությունների վրա, եւ դիմադրության շարժումն էլ աստիճանաբար մարում է, որովհետեւ մարդկանց եռանդն անսպառ չէ: Եթե 2018 թվականին էլ պայքարը մի քիչ երկարեր, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական չտար, այլ ուժ կիրառեր, այն մարելու էր, անցներ գնար:

Թեեւ հիմա մենք լուրջ ենք վերաբերվում այն իրողությանը, որ այդ գյուղերի բնակիչները ոտքի են կանգնել` իրենց անհամաձայնությունն են հայտնում այս տարածքներն Ադրբեջանին հանձնելու հետ կապված, եւ Երեւանից էլ շարունակ մարդիկ են միանում նրանց, բայց եթե 30, 40, 50 հազար մարդը Երեւանի կենտրոնում չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, ապա այդ ի՞նչ հրաշքով են այդ մի քանի հարյուր մարդն իշխանափոխության հասնելու: Մանավանդ՝ այս իշխանությունը շատ լավ յուրացրել է իր դեմ պայքարողներին ձերբակալելու, կալանավորելու գործը: Եթե անգամ խոսքի համար են մարդկանց կալանավորում եւ բանտ ուղարկում, ապա այդ ակցիաների բոլոր մասնակիցներին կարող են տասնյակ հոդվածներ կպցնել` «առերեւույթ խուլիգանությունը» հո կա ու կա: Եվ Հայաստանի պոռոտախոս, անթասիբ ու վախկոտ ժողովուրդն այդ մարդկանց կթողնի մենակ... Ինչպես մենակ թողեցին արցախցիներին, անգամ չփորձեցին բացել Լաչինի փակված միջանցքը: Մի քանի տասնյակ ադրբեջանցի եւ ռուս զինվորականների ներկայությունից վախեցանք, դրանով արդարացրինք բոլորիս անճարակությունը: Ինչպե՞ս կարող է նորմալ հայ մարդու ուղեղում տեղավորվել այն, որ իշխանությունն արդեն հանձնում է Տավուշի հողերը, իսկ Հայաստանի ողջ բնակչությունն ապրում է իր առօրյա կյանքով, կարծես ոչինչ տեղի չի ունենում... 

Նրանց թվում է, որ իրենց գյուղերն ու քաղաքները լրիվ ապահովագրված են դրանից, եւ իրենց հերթը երբեւէ չի հասնելու: Անհասկանալի է, թե իրականում որն է նման հանգստության, համոզվածության պատճառը: Մի՞թե կույր ենք եւ չենք հասկանում, որ հաջողության միակ գրավականը մեր միասնական պայքարի մեջ է։

Ի՞նչն է ձեզ այսքան հանգստացրել, հայ ժողովուրդ, որ այս ճակատագրական պահին այդքան անտարբեր եք հայրենիքի քայքայման, հանձնման նկատմամբ, երբ սա դեռ սկիզբն է, եւ միմիայն միասնական վճռականությամբ կարելի է փրկել վիճակը, որպեսզի նույնը չհասնի ձեզ, մնացած տարածքներին, ու ամբողջապես չկորցնենք Հայաստան երկիրը ...
Հա, հասկացա` դուք ձեզ համարում եք եվրոպացիներ ու ձեզ դեմոկրատ եք ներկայացնում, խաղաղություն եք ուզում եւ հավատում եք, որ Արեւմուտքն ու Եվրոպան ձեր մեջքին կանգնած են (չէ՞ որ նրանք բառերի անկրկնելի մասնագետներ են): Եվ չնայած 2020-ից սկսած, նրանք շատ անգամներ ճիշտ հակառակն են ապացուցել, բայց դատարկ բառերով հանդես են եկել ի պաշտպանություն հայերի եւ Հայաստանի, իրականում տակից միշտ պաշտպանել ու օգնել են Ադրբեջանին: Մեր ժողովուրդն էլ է հմուտ դերասան դարձել` խոսքով ամեն մեկն ասում է, որ անհանգստանում է Արցախի, Տավուշի եւ, առհասարակ` Հայաստանի համար, ու երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը փոքրանա, իսկ գործնականում` անտարբեր են եւ թքած ունեն Հայաստանի ճակատագրի վրա: Մի քիչ էլ վատացավ վիճակը` կգնան այլ երկրներում ապրելու... 

Եվ հայ ժողովուրդը որոշել է հասնել բաղձալի նպատակին` մաս կազմել «դեմոկրատական» Արեւմուտքին ու Եվրոպային, կարեւոր չէ, թե իր տարածքի որ մասը կմնա, եւ որ երկրի հպատակության տակ դա կլինի:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ