Այն պահին, երբ որ Փաշինյանը չկարողանա կիրառել ոստիկանական մահակը, նա զրկվելու է իշխանությունից

Այն պահին, երբ որ Փաշինյանը չկարողանա կիրառել ոստիկանական մահակը, նա զրկվելու է իշխանությունից

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ  Սուրեն Սուրենյանցը:

-Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը շարժվեց դեպի Երևան: Ճի՞շտ որոշում էր դեպի Երևան գալը:

-Ես առաջին օրվանից եմ ասել, որ քաղաքական լուծումները պետք է փնտրել Երևանում: Այո, Տավուշում կազմակերպվեց դիմադրության բավականին արժանապատիվ շարժում, որի խորհրդանիշն ի սկզբանե դարձավ Բագրատ սրբազանը. և ոգեկոչողը, և առաջնորդը: Ես Բագրատ սրբազանին անձնապես եմ ճանաչում, նրա հետ բազմաթիվ շփումներ եմ ունեցել և վստահ եմ, որ Բագրատ սրբազանը ունի ազնիվ մղումներ: Այս առումով, իհարկե, ես դրական եմ վերաբերվում երթին դեպի Երևան, այլ խնդիր է, որ երթին զուգահեռ պետք է փորձենք լուծել բովանդակության հետ կապված խնդիրները շարժման, որպեսզի հասարակական ավելի լայն խմբեր դրան մասնակից դառնան:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ շարժումն ավելի մասսայական դարձնելու համար:

-Ակնհայտորեն միայն եկեղեցին կամ նրա երևելի սրբազանները չեն կարող քաղաքական այնպիսի շարժում գեներացնել, որը լուծի մի քանի խնդիրներ, այսինքն՝ լուծի իշխանափոխության խնդիր, այդ ընթացքում երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի Ադրբեջանը ներխուժում չանի Հայաստան և այլն, և այլն: Այն, ինչ արել է Բագրատ սրբազանը, շատ շնորհակալ գործ է, և շարունակում է անել: Ես կարծում եմ, այս պահին համաժողովրդական բնույթ շարժմանը հաղորդելու համար պետք է գտնել այն մեխանիզմները, որոնք կհանգեցնեն եկեղեցուն, նրա երևելի հոգևորականների և դեմոկրատական քաղաքական ուժերի համախմբմանը, որովհետև այնուամենայնիվ որակական փոփոխություններ երկրում հնարավոր են, եթե առաջնորդվում ենք քաղաքական գործիքներով: Ի դեպ, այս փորձը կա, 1945 թվականին պարտված, կապիտուլացված Գերմանիայում հոգևորականների և առաջադիմական դեմոկրատական ուժերի դաշինքը բերեց քրիստոնեա-դեմոկրատական միության ստեղծմանը, որը դարձավ նոր Գերմանիայի վերածննդի հիմքը փաստորեն: Մենք պիտի կարողանանք այդպիսի մի բանաձև գտնել Հայաստանում և համոզված եմ, որ լավ մտածելու, ջանքեր թափելու դեպքում կարող ենք գտնել: Սա է հաջողության բանաձևը, հակառակ դեպքում իշխանությանը կհաջողվի լոկալացնել շարժումը:

-Շարժման առաջնորդությունը ինչի՞ց պետք է զգուշանա և խուսափի, որպեսզի շարժումը դրանից չտուժի:

-Ակնհայտորեն իշխանությունը փորձելու է այս շարժումը կասեցնել կամ դրա ծավալմանը խանգարել պրովոկացիաներով: Ենթադրում եմ, որ այդ պրովոկացիաները տեղի կունենան, թե ճանապարհին, թե Երևանում, ուրեմն պիտի կարողանանք այնպիսի դեմոկրատական վերահսկելի գործընթաց ծավալել՝ դեմոկրատական առաջադիմական ուժերի և եկեղեցու դաշինքով ու համագործակցությամբ, որ այդ սադրանքները կանխվեն: Խորհուրդը՝ չտրվել սադրանքների, միշտ հաշվարկել իշխանության քայլերը և փորձել մեկ քայլ առաջ անել:

-Սև բերետավորների անմարդկային պահվածքը խոսուն ցուցանիշ էր, թե ինչերի է պատրաստ գնալ Փաշինյանը՝ սեփական գիծը առաջ տանելու համար: Կգնա՞ Փաշինյանը քաղաքացիական պատերազմի:

-Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իշխանությունը պահի: Այսօր նրա միակ հենարանը մնացել է ոստիկանությունը, ուժային ստրուկտուրաները, որոնց միջոցով նա փորձում է պահել լիշխանությունը: Նա շատ լավ հասկանում է, որ իր իշխանությանը պահապան չեն ոչ խորհրդարանական մեծամասնությունը, ոչ ՔՊ կոչվող աղանդը և ճիշտ այն պահին, երբ որ ոստիկանական մահակը նա չկարողանա կիրառել՝ զրկվելու է իշխանությունից: Հիմա արձանագրենք պայմանական, որ իշխանության միակ և իրական հենարանը ոստիկանական մահակն է. հետևաբար ընդդիմության, այս շարժման խնդիրը պիտի լինի այնպիսի պրոցեսի գեներացիան, որ ոստիկանության ուժերը չկարողանան դիմակայել, այսինքն անզոր լինեն դիմակայել այդ պրոցեսին: Իհարկե Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար քաղաքացիական  բախումներ էլ կհրահրի՝ նա իր կենսագրությամբ դա մի քանի անգամ ապացուցել է:

-Ինչո՞ւ արևմտյան երկրների կազմակերպությունները, դեսպանությունները լռում, չեն բարձրաձայնում իրենց մտահոգությունները Փաշինյանի՝ ակնհայտ բռնապետական անարխիստական քաղաքականության մասին:

-Այն, ինչ հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ արևմտյան նեո-լիբերալ շահախմբերի մեծ ծրագրի մաս է: Ավելի պարզ ասեմ, ես դեռևս Բրյուսելի եռակողմ հանդիպման օրերին՝ ապրիլի հինգին, կարծիք էի հայտնել, որ այդ օրը Բրյուսելում «պրյանիկներ» ստանում է իրականում ոչ այնքան Հայաստանը, որքան Նիկոլ Փաշինյանը, որպեսզի միակողմանի զիջումների գնա Ադրբեջանի հետ հարաբերություններում, և ուժեղացնի հակառուսական հռետորաբանությունը: Իմ այս կանխատեսումը իրականություն է դարձել, հետևաբար պետք է ուղիղ կապ տեսնել, օրինակ ապրիլի հինգի եռակողմ հանդիպման և ապրիլի տասնիննի սահմանազատման հանձնաժողովների տարածած հայտարարության միջև, պետք է ուղղակի կապ տեսնել այն բանի հետ, որ այս հայտարարությունից անմիջապես հետո, գերազանցապես ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցները ողջունեցին գործընթացը, ուզում եմ հատուկ արձանագրել, որ եվրոպական ամբողջ համախմբից առանձնանում է Ֆրանսիան, որը դեռևս չի ողջունել այս գործընթացը, դա էլ ունի անշուշտ իր պատճառները, որի մասին այլ առիթով հանգամանալից կխոսենք, Իրանը ոչ թե ողջունել է, այլ ասել է, որ հարգանքով է վերաբերվում պրոցեսին, Ռուսաստանից ողջույնի տեքստեր չկան: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ սա տեղի է ունենում արևմտյան պատրոնաժով, այն, ինչ տեղի է ունենում Տավուշում և ընդհանրապես հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Եվ շատ բնական է, որ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Արևմուտքը աչք է փակում այն այլանդակությունների վրա, որոնց հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: 

-Ովքե՞ր չպետք է գոնե հրապարակային հանդես գան նախաձեռնության օգտին կամ անունից, որպեսզի չվնասեն դրա մասսայականացմանը:

-Հիմա անուններ չեմ հնչեցնի, որպեսզի ներընդդիմադիր հակասությունների, լարվածության պատճառ չդառնամ, բայց ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր 2020-2023 թվականներին ձախողել են նախորդ ընդդիմադիր շարժումները, ճիշտ կլինի, որ այս անգամ գոնե հարթակում քիչ երևան՝ շարժմանը չվնասելու համար: Ի վերջո, բոլորիս առաջնորդող գաղափարը, միտքն այն է, որ օր առաջ ազատվենք այս լուզեր իշխանությունից և կարողանանք այնպիսի իշխանություն ստեղծել, որը կկարողանա կառավարել Հայաստանի շուրջ առկա մեծ ռիսկերը:

-Իշխանական քարոզիչները, իշխանությունն ու իշխանական քաղաքագետները կոչ են անում  սրբազաններին աղոթք անել և ոչ թե քաղաքականությամբ զբաղվել: Բագրատ սրբազանը հիմա քաղաքականությա՞մբ է զբաղվում, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու ուսերին դրված պարտքն է կատարում։

-Այս թեզը շատ պարզունակ թեզ է: Նախ եկեք արձանագրենք, որ Հայաստանը հայտնվել է մի այնպիսի մի իրավիճակում, որ շատ դժվար է տարանջատել ազգայինն ու քաղաքականը։ Օրինակ, Բագրատ սրբազանին հարցրեք, նա քաղաքական պայքարի է դուրս եկել, թե ազգային պայքարի կամ մի գործընթացի մեջ է մտել, որը հասարակությանն է հուզում՝ համոզված եմ երկրորդը կպատասխանի երևելի սրբազանը, որովհետև քաղաքականության տեղ Նիկոլ Փաշինյանը չի թողել երկրում։ Այլևս այնպիսի խնդիրներ են ստեղծվել, որոնք գոյաբանական վտանգ են յուրաքանչյուրիս համար, նրա համար, ով ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում և նրա համար, ով հետևում է իրադարձություններին: Բոլորիս միավորում է հայրենիքի առջև ծառացած այն գոյաբանական վտանգը, որ կա՝ սա մեկ: Երկրորդը, հոգևորականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և ոչ մի օրենք չի արգելում հոգևորական հանդիսացող ՀՀ քաղաքացուն իր քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը հայտնել: Եվ երրորդը, նախորդ պատասխաններից մեկում ես նշեցի, որ եկեղեցի իր դեմքով  չի կարող իշխանափոխության հայտ ներկայացնել, բայց եկեղեցին կամ նրա հոգևորականները , Սրբազանները կարող են համագործակցել դեմոկրատական ուժերի հետ և դեմոկրատական ուժերի դեմքով հասնել երկրում քաղաքական փոփոխությունների: Կարծում եմ պատասխանս շատ հստակ է: Բագրատ սրբազանը չի էլ հայտարարել, որ հավակնում է վարչապետի կամ նախագահի պաշտոնին, նա ազգային օրակարգի շուրջ գեներացրել է քաղաքական մի գործընթաց, որը ես մեծ հույսեր ունեմ,որ բերելու է հայրենասեր սրբազանների և դեմոկրատական ուժերի դաշինքի և մենք փոփոխություններ կիրականացնենք հենց քաղաքական կազմակերպությունների ու քաղաքական գործիքների միջոցով՝ իհարկե հոգևորականության ներգրավմամբ: