Հայաստանը կուղղի մեջքը ու կասի՝ ես կամ․․․

Հայաստանը կուղղի մեջքը ու կասի՝ ես կամ․․․

Երեկ Աննա եկեղեցում Սրբազանը մի հետաքրքիր ձևակերպում արեց՝ եթե շարժումը մարում է, ինչու՞ են ՔՊ-ականներն իրար խառնվել։ Իրար խառնվելը, ափերից դուրս գալը, սպառնալը, եկեղեցուն, առաջնորդներին վախեցնելը  բոլորս ենք տեսնում։ Մարած շարժման դեպքում նման իրարանցումը խիստ կասկածելի է։ Եթե կրակը մարել է, հրշեջների բրիգադը ի՞նչ է անում տարածքում։  Հայաստան պետության վրա  մատ է թափ տալիս Թուրքիան, Ադրբեջանը ու Հայաստանի իշխանությունը, ինչու՞․  շարժումը մարել է, դրա համա՞ր։

Ինչևէ, կարելի է նույնքան պարզ բացատրել, թե ինչու՞ են վախենում շարժումից։ Երբ այս խմբակը իշխանության է եկել, վեց տարի շարունակ զբաղված է այն բանով, որ հայ ժողովրդին իջեցնի զոհի կարգավիճակի։ Իր հանձնվողական, զիջողական խայտառակությունները փաթաթում է ժողովրդի վզով։ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, որ աշխարհը հայ ժողովրդին այլ կերպ է ճանաչում․ պայքարող, հաղթող, աշխատասեր, հայրենասեր, արժանապատիվ։ Եթե աշխարհի մեծերի գրառումները կարդացած լիներ, կհասկանար, որ մի հոգի՝ հանձինս իրեն, չի կարող հայ ազգից խլել իր հերոսական պատմությունը, մաքառման կարողությունը։ Շարժումից իրար են խառվել նրա համար, որ այն պարզ ի ցույց է դնում աշխարհին, որ Հայաստանը  Նիկոլ Փաշինյանը չէ, ինչպես նա փորձում է ներկայացնել։ Հայաստանը նա է, ինչ մինչ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է աշխարհը։ Եվ նա, տեղովը մի կրակ էլ դառնա, չի կարող աշխարհի երեսից ջնջել Հայաստանի բարձր  անունը։ Հայաստանն ուղղում է իր ջարդված մեջքը, լիզում է իր վերքերը ու ոտքի է կանգնում։ Դրանից է վախեցել Փաշինյանը։ Հայաստանը կուղղի մեջքը ու կասի՝ ես կամ։ Դա է սարսափեցնում Փաշինյանին։ Եթե ազգային, պետական մտածողությամբ իշխանություն լիներ, հանուն Հայաստանի գոյության՝ սուսիկ -փուսիկ հետ կկանգներ ու չէր թողնի,  որ իր աթոռի համար ոտքի կանգնող Հայաստանին թշնամին սպառնար։ Ինքը թշնամու հետ հավասար սպառնում է Հայաստանին։ Վիլյամ Սարոյանի մի փոքրիկ պատմությամբ կեզրափակեմ․  
«Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
- Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրո'յըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրո'յըն)...
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
- Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
Շատ ամնչցա»:
Նիկոլ Փաշինյանին թվում է, թե Հայաստանը ինքն է ու ինչ ուզի՝ կանի։ Եկել է մի շարժում, որը ներկայացնում է, թե որն  է իրական Հայաստանը։ Այն Հայաստանը, որին աշխարհը ճանաչում է։ Հենց դրա համար են  խառնվել Փաշինյանը, Թուրքիան ու Ադրբեջանը։