Ինչով է զբաղվում կառավարության աշխատակազմը գործից ազատ ժամանակ

Ինչով է զբաղվում կառավարության աշխատակազմը գործից ազատ ժամանակ

Շատ անակնկալ պարզվեց, որ վարչապետի աշխատակազմ կոչվող հաստատությունը, բացի ընդդիմության դեմ ֆեյքային պայքար կազմակերպելը, այս կամ այն գործչին վարկաբեկելը, իշխանության ներկայացուցիչներին հրահանգավորելը, այլ գործով էլ է ժամանակ գտնում զբաղվել: Ճիշտ է՝ նույնքան անիմաստ եւ աննպատակ, բայց, համենայնդեպս, զբաղվում է: Խոսքն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին արված առաջարկության մասին է՝ «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ» ստեղծելու համար: Ադրբեջանի իշխանությունները, անկասկած, կանտեսեն այս առաջարկը եւս, ինչպես անտեսել են Փաշինյանի եւ նրա իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից արված բազմաթիվ այլ առաջարկներ: Հիշենք, որ Փաշինյանն առաջարկում էր փաստացի սահմանից զորքերի հայելային հետքաշում, որին Ադրբեջանն այդպես էլ չարձագանքեց, կամ վերջերս էլ առաջարկում էին մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Ադրբեջանը դրան եւս չարձագանքեց: 

Վարչապետի աշխատակազմի այս առաջարկությունը հնչել է ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունների, թե Հայաստանի զինված ուժերը կրակ են բացում սահմանի տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ պարտաճանաչորեն հերքում է այդ տեղեկությունները: Հայաստանի կառավարության աշխատակազմի տարածած տեքստում ասվում է. «…ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է՝ թույլ չտալ լարվածության առաջացում»: Ուզում են ասել, որ եթե դուք էլ եք ուզում, որ սահմանային լարվածություն չլինի, եկեք միասին մի մեխանիզմ ստեղծենք, որի միջոցով կհետաքննենք, թե կողմերից ով է ճիշտ, ով՝ սխալ, ով ում վրա է կրակ բացել կամ բացե՞լ է, թե՞ չի բացել, եւ դրանով կկանխենք լարվածության աճը, փոխադարձ մեղադրանքները: Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանի զինված ուժերը երբեք կրակ չեն բացի Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, անգամ եթե նրանք կրակեն: Հիշում եք՝ նախկինում Ադրբեջանի կողմից Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին ՊՆ հաղորդագրություններն ավարտվում էին «պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է» արտահայտությամբ, կամ գրում էին, որ իրավիճակը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, հիմա ընդամենը գրում են, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, որ հանկարծ չբարկացնեն Ադրբեջանի քաղաքացիական եւ ռազմական իշխանություններին։

Իսկապես, Հայաստանի վարչապետի աշխատակազմն այնքան կտրված է իրականությունից, որ չի կարդում անգամ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանի ԱԳՆ-ն Հայաստանի կառավարությունից անկախ գործող մարմին է: Այս առաջարկն Ադրբեջանին անելուց ընդամենը 3 օր առաջ՝ հունիսի 19-ին, Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության առիթով Ադրբեջանի կողմից արված սպառնալիքներին: ԱԳՆ հայտարարությունում ասված է. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, իրենց գնահատմամբ՝ COP 29 գագաթնաժողովից հետո: Ադրբեջանն ագրեսիայի դիմելուց առաջ միշտ նույն տեղեկատվական-քարոզչական հնարքին է դիմում` Հայաստանին է մեղադրում հրադադարի ռեժիմի խախտումների համար, որ հետո կարողանա արդարացնել իր գործողությունները, թե իբր Հայաստանին զսպելու համար ինքնապաշտպանության է դիմել: Եթե Ադրբեջանը գիտակցված է գնում նման քարոզչության, մեղադրելով հայկական կողմին՝ իր դիրքերի վրա կրակելու համար, ինչո՞ւ պետք է արձագանքի կառավարության աշխատակազմի առաջարկին: Չլինի՞ Իլհամ Ալիեւը կամ Զաքիր Հասանովը պետք է վախենան, որ եթե մերժեն կառավարության աշխատակազմի առաջարկը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կամ Տարոն Չախոյանն իրենց դեմ տեղեկատվական արշավ կկազմակերպեն, վարկաբեկիչ տեսանյութեր եւ/կամ ստատուսներ կտարածեն: 

Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ագրեսիայի դիմի մինչեւ այդ գագաթնաժողովը, չսպասի ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով այդ միջոցառման ավարտին: Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, միամտաբար ենթադրում են կամ ուղղակի ուզում են հավատալ, որ Ադրբեջանը մինչեւ այդ գագաթնաժողովը ագրեսիայի չի դիմի, քանի որ ագրեսիայի արդյունքում կարող է կորցնել իր միջազգային հեղինակությունը, եւ բազմաթիվ երկրներ ու դրանց ղեկավարներ, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, կբոյկոտեն գագաթնաժողովը: Ադրբեջանի համար իր շահերի առաջմղումը կարեւոր է ցանկացած գագաթնաժողովից եւ ցանկացած միջազգային արձագանքից, կբոյկոտեն՝ թող բոյկոտեն: Չնայած՝ քիչ հավանական է, որ ինչ-որ մի երկիր կամ դրա ղեկավարն այնքան կարեկցանք կունենա Հայաստանի նկատմամբ, որ մի հատ էլ հանուն Հայաստանի կփչացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Այնպես որ, վարչապետի աշխատակազմը թող անիմաստ ժամանակ չվատնի Ադրբեջանին առաջարկներ ներկայացնելով եւ ամբողջ էներգիան ու հնարավորությունները ներդնի իր բուն առաքելության իրականացմանը` ֆեյք լրատվամիջոցներ եւ էջեր բացելուն եւ ընդդիմության դեմ անողոք պայքար մղելուն: Այդ հարցում նրանց հաջողություններն ու հաղթանակներն անվիճելի են, աշխատանքի արդյունքը՝ ակնհայտ, իսկ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, կգրավի Հայաստանը, թե ոչ՝ իրենց ի՞նչ: Նույնիսկ Հայաստանի ամբողջական օկուպացիայի դեպքում իրենց ծառայությունները դեռ որոշ ժամանակ պահանջված կլինեն, ցանկացած օկուպացիոն ռեժիմ ներքին հենարանի կարիք է ունեցել:

Ավետիս Բաբաջանյան