Թաթոյանը ՔՊ-ի ժամանակ է ՄԻՊ եղել, ինչո՞ւ են նրա անունը կապում Քոչարյանի հետ

Թաթոյանը ՔՊ-ի ժամանակ է ՄԻՊ եղել, ինչո՞ւ են նրա անունը կապում Քոչարյանի հետ

Իշխող քաղաքական ուժը` «Քաղաքացիական պայմանագիրը», արդեն հայտարարել է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում, մարզեր մեկնում, կուսակցական ժողովներ անում, որ՝ սկսեք աշխատել, որ ռեյտինգ բարձրացնենք: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան էջում հարցում է անցկացնում, թե ով կլինի ընդդիմության հաջորդ առաջնորդը, եւ փորձում է հայտ չներկայացրած պոտենցիալ թեկնածուներին «փչացնել»` նրանց բոլորին փորձելով կապել նախկինների, կաթողիկոսի եւ Ռուսաստանի հետ: Անգամ թիրախներ են արդեն որոշել, եւ ակնհայտ է, որ նրանցից վախ ունեն. Արման Թաթոյան, Լեւոն Քոչարյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թեւանյան, Արշակ Կարապետյան, Սամվել Շահրամանյան, Բագրատ Գալստանյան: Ի դեպ, որպես ընդդիմության հավանական թեկնածու` քվեարկության արդյունքում Արման Թաթոյանն ամենաշատ ձայներն է ստացել` 34 տոկոս, Լեւոն Քոչարյանն ու Հայկ Մարությանը գրեթե հավասար ձայներ ունեն` 12-13 տոկոս, Բագրատ Գալստանյանը՝ 6 տոկոս, Սամվել Շահրամանյանը՝ 5 տոկոս, ամենաքիչ ձայները ստացել է Անդրանիկ Թեւանյանը: Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունը վախեր ունի հատկապես Արման Թաթոյանից, բայցեւ նախկին ՄԻՊ-ն էլ ամենամեծ շանսերն ունի ժողովրդի համակրանքին արժանանալու, եւ դա երեւում է անգամ ՔՊ-ականների լսարանից: Թեմայի մասին զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ Սոֆյա Հովսեփյանի հետ:

- Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման հարցում անցկացնում, փաստացի նա բոլոր ընդդիմադիր ուժերին, անգամ Հայկ Մարությանին, ով մշտապես Ռոբերտ Քոչարյանին ու նախկիններին է քննադատել, եւ անգամ Բագրատ սրբազանի շարժման մասին ասել էր. «Թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ», ինչը նշանակում է, որ նախկինների հետ առնչություններ գոնե նա չունի, սակայն գործող իշխանությունը նրան եւս փորձում է կապել նախկին նախագահների հետ:

- Եթե Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ մեկի դեմքով հանդես գար, հենց Ալեն Սիմոնյանի դեմքով հանդես կգար: Ալեն Սիմոնյանը սրա-նրա ոտքի տակը փորելով, դարձավ Ազգային ժողովի նախագահ, հիմա էլ կարող է դառնալ վարչապետ, ի՞նչ կա որ: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ոտքի տակը կարող է փորել: Բագրատ սրբազանն ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ: Եթե այդպես լիներ, նույն սրբազանը 2021 թվականի ընտրություններին կմասնակցեր` Քոչարյանի փոխարեն, իսկ ՔՊ-ն արդյունքում խայտառակ պարտություն կկրեր: Քանի որ Բագրատ սրբազանն ազնիվ ուժ է, իրենք սարսափի մեջ են, Ալեն Սիմոնյանի հաջորդ նպատակը, վստահ եմ` վարչապետ դառնալն է: Այնպես որ, եթե պետք լինի, հենց ինքը սրա-նրա դեմքով հանդես կգա:

- Ընդհանուր առմամբ, ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել այս խոսույթը: Փաստացի բոլոր նրանց, ովքեր ակտիվանում են, կարող են պայքար առաջնորդել, իշխանության հավակնել, կապում են նախկին նախագահների հետ:

- Իրենց մոտ այս տարիներին մի աշխատանք է հաջողվել` վարկաբեկել Քոչարյանին: Ստեղծել հրեշի կերպար եւ մանիպուլացնել: Իբրեւ իրենք չեն թալանում, այս երկրի միակ թալանչին Քոչարյանն է եղել: Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը հրաշալի կատարում են այս աշխատանքը՝ վիժեցնելու այն բոլոր պրոցեսները, որոնք կլինեն իրենց դեմ: Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի եւ իրենց ժամանակ է ՄԻՊ եղել, բայց, չգիտես ինչու, անգամ նրա անունը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Մեր հասարակությունը շատ բեւեռացված է, չի կարողանում այս ստերը տարանջատել ճշմարտությունից: Քոչարյանի վերադարձի վախից մեր հանրությունը Նիկոլ է պաշտպանում: Ալեն Սիմոնյանն էլ հրահանգ է կատարում, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներն ավարտին հասցվեն: Ալեն Սիմոնյանը երեք տարի շարունակ աշխատում էր Արարատ Միրզոյանին չեզոքացնելու ուղղությամբ:

- Իսկ ինչո՞ւ են Հայկ Մարությանին փորձում կապել նախկին ղեկավարների հետ:

- Չեմ կարող Մարությանին գնահատական տալ, որովհետեւ իր գործունեությունն այդպես չեմ գնահատում, ամեն դեպքում, կա որոշակի ազնվություն` ի տարբերություն ալենսիմոնյանների: