Այսօր Հայկ Մարությանն է, վաղն ուրիշը կլինի նախկին կամ ապառնի

Այսօր Հայկ Մարությանն է, վաղն ուրիշը կլինի նախկին կամ ապառնի

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի ավագանու՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանն է:

- Ալեն Սիմոնյանը մի հարցում է տեղադրել Տելեգրամի իր էջում. «Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ եւ «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ո՞ւմ դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը». Արման Թաթոյան, Լեւոն Քոչարյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թեւանյան, Արշակ Կարապետյան, Սամվել Շահրամանյան, Բագրատ Գալստանյան»: Մարդիկ փորձում են կանխել ցանկացած ընդդիմադիր ուժի եւ լիդերի կայացումը: Մեզ ուշագրավ թվաց հատկապես Հայկ Մարությանի անունը, ով 2018-ին իրենց ակտիվ զինակիցն էր, իրենց սրտի քաղաքապետը, հիմա հայտնվել է թշնամու կարգավիճակում, եւ նրա նախկին ընկեր Ալենը «քոչարյանասերժական» պիտակն է նրան կպցնում: Ի՞նչ կապ ունի Մարությանը նախկին նախագահների հետ առհասարակ:

- Եկեք միանգամից հասկանանք, թե ովքեր են քոչարյանականներն ու սերժականները, բայց եթե ավելի հետ գնանք, կտեսնենք ներկայիս իշխանության այսօրվա որոշ անդամների, որոնք եղել են տվյալ ժամանակվա իշխանության մի մասը: Սա, իմ կարծիքով, ժամանակ ու հնարավորություն շահելու միջոց է: Փորձում են նախկին իշխանությունների արատավոր բարքերը մատնանշելով` վստահություն շահել, այնինչ իրենք այդ բոլոր բարքերն այսօր շարունակում են, ոչ մի դրական տարբերություն չկա նրանց միջեւ: Պարտադիր չէ ունենալ ակտիվ քաղաքական պայքարի ծրագիր, բավական է լինել ակտիվ քաղաքացի ու վերջ, զրպարտությունների եւ հերյուրանքների շարքը պատրաստ է: Սրբազան շարժման մասին ստերը եթե մինչ այս պահը զվարճալի էին, ապա արդեն անգամ զվարճանալ էլ հնարավոր չէ՝ այդքան տափակ ու վտիտ մանիպուլյացիաների, ստերի վրա: Փորձում են մարդկանց կապել նախկին ուժերի հետ, սակայն ակնհայտ է, որ այդ մարդիկ ո՛չ նախկինների, ո՛չ էլ ապառնիների հետ որեւէ կապ չունեն: Օրինակ` Բագրատ սրբազանն ի՞նչ կապ կարող է ունենալ նրանց հետ, ոչ մի կապ…. ներկայիս դեմքը կորցրած, ժողովրդավարությանը հակադրվող իշխանությունները փորձում են ցեխ շպրտել` իրենց վրայի ցեխից, բոլոր այն ուժերի վրա, որոնք ազնիվ պայքար են տանում, այսօր Հայկ Մարությանն է, վաղն այլ մեկը կարող է լինել, նախկին, դրանից նախկին, ապառնի եւ այլն: Մարդկանց մոտ տպավորություն են ստեղծում, որ պարտադիր բոլորի ետեւում ինչ-որ ուժեր կան կանգնած: Ես այսօր չեմ տեսնում նախկինների ականջները, շորշոփը` շարժման ետեւում: Ես կարծում եմ, որ ընդդիմության մեջ էլ կարող են չկողմնորոշված մարդիկ լինել, որոնց ներկայությունը ձեռնտու է այսօրվա ապազգային իրավիճակի շարունակմանը:

- Իսկ Հայկ Մարությանն ինչո՞ւ այսօր ասպարեզում չէ, երբ մարդիկ պայքարում են:

- Ես անկուսակցական եմ: Բացարձակապես Մարությանի գործողություններից տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ տարբեր ուղղություններով աշխատանքները շարունակվում են: Չգիտեմ նաեւ, թե առաջիկայում ով ինչ դիրքորոշում է հայտնելու: Պետք է Մարությանն ինքը ասի իր առաջիկա գործողությունների մասին: Կարծում եմ` նա եւ իր կուսակիցները, որոնց մենք համակրում ենք, չեն դադարելու պայքարել:

- Այս իշխանությունները, որոնք նախկինների վերադարձով են անվերջ սպառնում, շաբաթներ առաջ լուսաձայնային նռնակներ նետեցին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Ինչ-որ բանով իրենք ավելի՞ լավն են նախկին իշխանություններից:

- Որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք այն մասին, որ մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ բան է իշխանությունը, չգիտեն, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն, անպատճառ ավարտում են իրենց իշխանությունն այնպես, ինչպես մեղադրում էին նրանց, ում դեմ պայքարում էին հենց իրենք: Այսօր «հին ու բարի» ավանդույթները ոչ միայն շարունակվում են, այլեւ կատարելագործվում են: Բոլոր ջանքերով այս իշխանությունները մեզ տանում են դեպի ոստիկանապետություն: Ինձ թվում է՝ ոստիկանապետություն դառնալու հիմնական քայլերն արդեն իսկ ավարտին են մոտեցրել: Նռնակներ են նետում քաղաքացիների վրա, եւ միայն նրանց արհամարհական վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, արդեն իսկ շատ բաների մասին է վկայում: Նման պայմաններում մենք անգամ չենք կարող երազել ժողովրդավարության մասին, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ժողովրդավարական արժեքները ոտնատակ տալով, մարդու իրավունքները խախտելով, ստեղծում են ներխմբային շահերը սպասարկող պետություն: Եթե նախկին իշխանությունների դեմ պայքարում էինք՝ հույս ունենալով, որ ժողովրդավարական ինստիտուտները մի օր վերջապես կկայանան, որ մի օր ոստիկանությունն իրոք կդառնա ոստիկանություն եւ կանի այն, ինչ պահանջվում է, ապա այսօր չկա ոչ մի նման հույս: Իշխանությունների համար նման բարեփոխումները շատ խորթ են հիմա: