Ինչ արդյունք կունենա Հայաստանի համար Պաղեստինի ճանաչումը

Ինչ արդյունք կունենա Հայաստանի համար Պաղեստինի ճանաչումը

Ինչպես հայտնի է, հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստին պետությունը։ Պաշտոնական Երեւանի այս հայտարարությունը՝ Պաղեստինի միջազգային լեգիտիմացման ընդհանուր գործընթացի համատեքստում պետք է դիտարկել որպես հերթական հանգրվաններից մեկը։ Հիշեցնենք, որ այդ լեգիտիմացումը ներկայում հանդիսանում է միջազգային քաղաքական ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը։
Արդեն իսկ կատարված քայլից հետո, ըստ փորձագետների, կարեւոր է գնահատել, թե որքանով էր կարեւոր կովկասյան ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի համար այդ քայլը, եւ ապա՝ ինչ օգուտ կտա այն Հայաստանին՝ վերջինիս արտաքին քաղաքական բազմավեկտորայնության որոնումներում։ Շատ մասնագետներ կարծում են, որ ներկայում Հարավային Կովկասում բավականին աճել է Մերձավոր Արեւելքի ազդեցությունը։ Մի կողմից, Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի կարեւորագույն ռազմաքաղաքական գործընկերը։ Մյուս կողմից, ինչպես նկատում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, հայ-իրանական գործակցությունը շարունակում է մնալ չափազանց նյարդայնացնող գործոն Իսրայելի համար, որով էլ Ադրբեջանը Թել-Ավիվի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանում Թեհրանի ազդեցության աճը զսպող հանգամանք։

Պաղեստինի ճանաչմամբ, ըստ Մարկեդոնովի, Երեւանը նախ պատասխանում է Իսրայելին՝ վերջինիս ադրբեջանամետ կեցվածքի համար։ Կատարված է բավական համարձակ քայլ, որը պետք է որ Թեհրանն ու արաբական երկրները կամ, ընդհանրապես, մահմեդական աշխարհը գնահատեն ըստ արժանվույն։ Սակայն գնահատականներն արդյո՞ք հայտարարություններից այն կողմ կանցնեն։ Ի դեպ, Հայաստանի բոլոր հարեւանները ճանաչել են Պաղեստինը։ Ադրբեջանը շատ ավելի վաղ՝ դեռ 2012 թվականին, կողմ է քվեարկել, որպեսզի Պաղեստինը ՄԱԿ-ում ունենա դիտորդ երկրի կարգավիճակ։ Սա նշանակում է, որ, ամեն դեպքում, Երեւանը կարծես թե բացթողածն է լրացնում, քանի որ պաղեստինա-ադրբեջանական հարաբերություններն արդեն ունեն որոշակի ավանդույթներ եւ տարեգրություն։ Այլ է Անկարան, որն ակտիվորեն աջակցում է Պաղեստինին։

Թուրքիայի նախագահն արդեն դրական է արձագանքել Երեւանի կատարած քայլին։ Իսկ Թուրքիան, հայտնի է, Ադրբեջանի «ավագ եղբայրն» է։ 

Որոշ տեսակետների համաձայն, այն, որ Պաղեստինի ճանաչումը Երեւանի կողմից տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո, կարելի է համարել նշանային։ Ի վերջո, Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման Երեւանի բուռն ցանկությունը կարող է նաեւ դրական նախադրյալ լինել, որպեսզի, օրինակ, Հայաստանի ղեկավարությունն ականջալուր լիներ եւ Էրդողանի՝ Պաղեստինի ճանաչման ենթադրյալ հորդորին ընդառաջ գնար։ Այստեղ պետք է հուսալ, որ Երեւանը կկարողանա այս քայլը կապիտալիզացնել եւ փորձել օգտագործել Անկարա-Երեւան-Բաքու եռանկյունում՝ հօգուտ իրեն։