«Եթե Նիկոլը չհեռանա, ապա մենք պետությունը կկորցնենք» ասելը քիչ է

«Եթե Նիկոլը չհեռանա, ապա մենք պետությունը կկորցնենք» ասելը քիչ է

Թեեւ ասում են, թե գնահատել պետք է միայն այն, ինչն արդեն եղել ավարտվել է, բայց երբեմն, երբ հարցը քաղաքական եւ ներազգային խնդիրներին է վերաբերում, գնահատման կարիք հենց գործընթացի ժամանակ էլ է զգացվում:
Այսօր, երբ հետեւում ենք Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման գնահատականներին, նկատում ենք, որ դրանցում ամենաակնհայտը դրանց սահմանափակված ու միակողմանի լինելն է: Այո, սահմանափակված ու միակողմանի լինելը, որը գալիս է նրանից, որ դրանցում շարժման հաջողվածությունը միայն «Նիկոլին տուն ուղարկելով» է չափվում:

Այս իմաստով, անկախ գնահատողների գիտական կոչումից, անկախ հասարակական կյանքում նրանց զբաղեցրած դիրքից, նրանք, ովքեր դեմ են Նիկոլի գնալուն, դա անում են ոչ թե այն պատճառով, որովհետեւ գոհ են Նիկոլից ու նրա կառավարությունից, այլ այն, որովհետեւ նրանց «Շարժման Հայաստանի» տեսլականը չի տրվել: Եվ հենց այդ պատճառով էլ «Նիկոլի գնալով պետությունը կփրկվի»-ի փոխարեն շարժումը պիտի ավելի շատ «Շարժման Հայաստանի» տեսլականը ձեւակերպելու ու այն մարդկանց փոխանցելու մասին մտածի:

Նույնը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր ուզում են, որ Նիկոլը գնա: Նրանք ուզում են, որ Նիկոլը գնա, որովհետեւ փոփոխություն են ուզում: Փոփոխություն, որը պաշտպանված հայրենիքի ու արժանապատիվ հայի մասին կլինի, ժողովրդի եւ երկրի կարողությունները համախմբելու ու կենտրոնացնելու մասին կլինի: Ավելին, նրանք փոփոխություն են ուզում, որը նաեւ չխաբելու մասին փոփոխություն կլինի: Ու ոչ թե այն բանի համար, որ Նիկոլն իրենց խաբել է, այլ այն, որ բոլորն են իրենց խաբել:

Նրանց խաբել են, երբ իրենց հաղթանակն են մսխել, երբ երկրի արտադրական հզորությունն են ոչնչացրել, երբ պետությունն օլիգարխների քմահաճույքին են հանձնել, երբ երկիրը սեւերի ու սպիտակների են բաժանել, երբ արտագաղթի դեմ չեն պայքարել, երբ պատերազմ են պարտվել եւ, վերջապես, երբ թույլ են տվել, որ Արցախն էթնիկ զտման ենթարկվի: Այլ խոսքով, Նիկոլին մերժելով, մարդիկ սուտն ու սուտը տարածող այս ռազմաքաղաքական համակարգից են ուզում ազատվել:

Ու թեեւ շատ առումներով այս շարժման իրական արդյունքն ու իրական բովանդակությունն այլ տեղում պետք է փնտրել, այնուամենայնիվ, այլեւս ակնհայտ է, որ մարդիկ նաեւ այս հարցերի պատասխանները չունենալու համար են փոփոխություն ուզում: Եվ շարժումն այս իմաստով նաեւ այս հարցերն ու նրանց պատասխանները ձեւակերպելու խնդիր ունի:

Նա՝ այլեւս համազգային դարձած այդ շարժումը մարդկանց հասկանալի լեզվով պիտի բացատրի, որ եթե շարժումն այսօր Նիկոլի հեռանալն է պահանջում, ապա նա դա չի անում այն պատճառով, որ պետությունը փրկվի: Պետությունը փրկվելու խնդիր չունի: Այս իմաստով շարժման կարիքն առաջացել է ոչ թե պետությունը փրկելու, այլ հզոր պետություն դառնալու մեր հերթական հնարավորությունը եւս մի 30 տարով չհետաձգելու համար: Հետեւաբար, շարժումը չի կարող չգիտակցել, որ իր խնդիրը ոչ թե «եթե Նիկոլը չհեռանա, ապա մենք պետությունը կկորցնենք» ասելն ու մի կողմ քաշվելն է, այլ Նիկոլի հեռացման կարեւորությունը մարդկանց բացատրելն ու այդ հեռացումը կազմակերպելն է:

Մյուս հանգամանքը, որին կուզեի անդրադառնալ, շարժման հռչակած հաշտության եւ ճշմարտության օրակարգին է վերաբերում: Իհարկե, հաշտության եւ ճշմարտության համար հեղափոխություն պիտի արվի, բայց հեղափոխությունը հաշտությամբ ու ճշմարտությամբ չի արվում: Հաշտությունն ու ճշմարտությունը, որպես կանոն, միայն հեղափոխության հաղթանակից հետո են գալիս եւ հեղափոխության արդյունքն ու նրա նվաճումն են լինում: Իսկ հեղափոխություն անելը ոչ թե կրոնական դոգմաների եւ եկեղեցական ճշմարտությունների, ոչ թե մաքուր ձեռքերի ու սպիտակ ձեռնոցների, այլ հաղթանակի ու հաղթանակների մասին պատմություն է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ