«Մեր բակը» «դատարկվեց»

«Մեր բակը» «դատարկվեց»

Երեկ հանրությունը հրաժեշտ տվեց ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին: Դերասանուհին հանկարծամահ է եղել հունիսի 22-ի լուսադեմին: Նրան ժողովուրդը սիրեց հատկապես  «Մեր բակը» ֆիլմից, որտեղ կոլորիտային բնակչուհու տիպիկ կերպար էր մարմնավորում:

Hraparak.am-ն այսօր կանդրադառնա «Մեր բակը» նախագծին՝ փորձելով ընթերցողներին ներկայացնել ֆիլմի կորիզը համարվող այն կերպարներին, ովքեր, ցավոք, այլևս մեր կողքին չեն: Ցավալի է, որ շատերն արդեն մեզ հետ չեն`«Ինժեներ Բալա» Հայկը, գուսան Արամ Ասատրյանը, վաստակավոր դերասաններ Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը,  Մարկ Սաղաթելյանը, երգահան Արթուր Գրիգորյանը, դիջեյ Սեդրակ Դավիդյանը: 

«Մեր բակը»  նկարահանվում էր որպես 1997թ. ամանորյա հեռուստատեսային ծրագրի մի մաս, սակայն այնպիսի շլացուցիչ հաջողություն ունեցավ, որ առանձին ֆիլմ դարձավ:1996թ-ին  «Շարմ» ընկերությանը հանձնարարել էին պատրաստել Առաջին ալիքի Ամանորյա ծրագիրը: Հենց այդ ժամանակ ծնվեց «Մեր Բակ»-ի գաղափարը: Գործողության մի մասը պետք է անցներ բակի «բեսեդկայում», մյուս մասը` հեռուստաընկերությունում: Ծրագրի նկարահանումները սկսվեցին նոյեմբերին եւ մոտ մեկ ամիս տեւեցին: Ամանորյա գիշերը ֆիլմը ցուցադրվեց հենց այդ ձեւաչափով:
Ցանոթանալով ֆիլմի կերպարներին՝ մեզ համար հետաքրքիր բացահայտումներ արեցինք: 

«Մեր բակում» հեղինակի խոսքը Ռաֆայել Քոթանջյանին էր վստահված, որը հանրահայտ «Տղամարդիկ» կինոնկարի հետքերով էր: Քոթանջյանն ինքը մի  առիթով ասել է․ «Հեռուստատեսությամբ եւ թատրոնում մոտ 200 դեր խաղալով, հետաքրքրիր բան եմ նկատել` երբեք չգիտես, թե որ դերը ամենից տարածվածն ու հիշվածը կդառնա» :
Պարզվում է՝ ֆիլմում  Արամ Ասատրյանի մուտքը ամեից անսպասելին է եղել, քանի որ  այդ ոճում հանդես եկող երգիչները այդ  տարիներին հեռուստատեսությամբ այդքան էլ հանդես չէին գալիս: Բայց ինչպես ցույց տվեց իրականությունը, նա սիրվեց ֆիլմում թե երգով, թե դերով:

Երիտասարդ Մարկ Սաղաթելյանը ակտիվ մասնակցում էր ֆիլմի ստեղծման գործընթացին: Նա էր ֆիլմում ներառված փոքրիկ «մյուզիքլի» հեղինակը, որտեղ  Մարկն ու Արսենը հայտնվում են ֆիլմի միայն այդ հատվածում, բայց դա էլ էր բավարար, որ հիշվեն ու սիրվեն:

«Ինժեներ բալա»-ի կերպարը նախատեսված չի եղել  սցենարով, Հայկին այդպես կնքել է Աշոտ Ղազարյանը: Կանչելուց հանկարծ դիմել է՝  «Ինժեներ Բալա» եւ այդպես էլ կերպարն ստեղծվել է:

Արմեն Խոստիկյանի կերպարը պակաս սիրվածներից չէ․ մեծանուն հումորիստը հարուստ հարևանի կերպարում փայլում է:

Իսկ ահա Արմեն Ջիգարխանյանի միակ խնդիրն այն է եղել, որ զբաղվածության պատճառով չի կարողացել Երեւան գալ եւ ստեղծագործական խումբն է մեկնել Մոսկվա, որտեղ եւ նկարահանվել է նրա մասնակցությամբ դրվագը: