Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը շղթայական տարածում կստանա՞

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը շղթայական տարածում կստանա՞

Օրերս Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էին ավելի քան 15 ոստիկան, մեկ քահանա և մեկ քաղաքացիական անձ: Տարբեր տեղեկությունների համաձայն ահաբեկիչների թվում եղել են նաև պաշտոնյաների որդիներ։ Ահաբեկչական ակտից հետո սկսել են քննարկել այն վարկածը, որ Ուկրաինայում պատերազմին զուգահեռ Արևմուտքը փորձում է այժմ Ռուսաստանը պայթեցնել ներսից՝ նման ահաբեկչական ակտերի միջոցով թեժ կետեր ստեղծել Ռուսաստանի Դաշնության ներսում: 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ոչ թե Արևմուտքն է անցել Ռուսաստանը ներսից պայթեցնելու տակտիկային, այլ ահաբեկչություն միշտ էլ եղել է՝ դա անվերահսկելի գործընթաց է: 

«Ինչքան էլ փորձես վերահսկել, այնուամենայնիվ, կան որոշակի իրավիճակներ, որոնք ծնում են այդ ահաբեկչությունը՝ սոցիալական անարդարություն, տնտեսական հետամնացություն: Որորվհետև ինչպես տեսնում եք բավականին հաճախ Դաղստանում է դա լինում, կրոնական ոչ ճիշտ դաստիարակությունն է պատճառ դառնում և այլն: Երբ որ դու նաև թույլ չես տալիս խոսքի ազատություն, այսինքն, բազմաթիվ հանգամանքներ կան, որ ծնում են այդ ահաբեկչությունը: Դա կարող է արևմտյան այս կամ այն ուժերի կողմից աջակցություն ստանալ կամ չստանալ»,-ասաց Բադալյանը:

Հարցին, արդյոք կարո՞ղ է դեր խաղացած լինել Էրդողանի կողմից ակտիվորեն պրոպագանդվող պանթուրքիզմը, որը փորձում են նաև ՌԴ-ի իսլամաբնակ հատվածներում քարոզել, ասաց, որ դա բացառվում է: «Էրդողանը չունի վարկանիշ, որովհետև Էրդողանի բոլոր կառույցները` թուրքական բոլոր կառույցները ռուսական, մահմեդական ռեգիոններում բոլորը վերացվել են»,-ասաց Բադալյան:
Քաղտեխնոլոգն ասաց, որ Արևմուտքին չի տեսնում այս ահաբեկչության հետևում՝ ռուսական և արևմտյան մի շարք լրատվամջիոցների հաղորդմամբ, այս ահաբեկչության հետևում ահաբեկչական «իսլամական պետության» ճյուղերից մեկն է եղել: 

«Միգուցե Արևմուտքը կցանկանար, որ Ռուսաստանը քանդվի, բայց ասել, որ Արևմուտքը աջակցում է այդ ահաբեկչությանը՝ իրական չի»,-ասաց Բադալյանը: Հնարավո՞ր է, որ այս ահաբեկչական ակտը շղթայական  ձևով տարածվի մյուս իսլամական հանրապետություններում, Բադալյանն ասաց, որ միշտ չէ, որ ահաբեկչությունները կարող են մեխանիկորեն տարածվել: Ինգուշեթիան, օրինակ, զարգացած երկիր չի, բայց զարգացման գործընթացում է և պետք է հաշվի առնել նաև մենթալիտետը:

«Իհարկե կրոնի դերը մեծ նշանակություն ունի և պայքարում են տվյալ երկրի աշխարհիկ իշխանությունները նմանատիպ դրսևորումների դեմ: Դաղստանում եթե եղավ այդ ահաբեկչությունը, մտածել, որ դա կտարածվի նաև մյուս իսլամական հանրապետությւոններում՝ այդպես չի: Այդ երկրներում ևս ջարդում են, այսպես կոչված, մուսուլմանական ահաբեկչությունը, մի տեղ` հաջողելով, մի տեղ` անհաջող: Ուզբեկստանում դրա դեմ բավականին հաջող են պայքարում, Դաղստանում` ոչ այդքան հաջող, Տաջիկստանում համեմատական է՝ որոշ տարածքներում հաջող, որոշ տարածքներում` ոչ այնքան: Այսինքն, տարբեր մոտեցումներ է պետք դրսևորել»,-եզրափակեց Արմեն Բադալյանը: