Թասիբով, ընկերասեր տղա էր Դավիթը, խելացի, շնորհքով․ հանկարծամահ եղած զինվորի մասին

Թասիբով, ընկերասեր տղա էր Դավիթը, խելացի, շնորհքով․ հանկարծամահ եղած զինվորի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի զորամասերից մեկում երեկ առավոտյան հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Դավիթ Ներսիսյանը։ Դավիթը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից էր։ Սգում ու անասելի ցավ են զգում Կարմիրգյուղի համար 1 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Դավիթը։ Դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանն արցունքները կոկորդում խեղդելով, Դավիթի մասին հուշեր է պատմում․ «Արտակարգ համեստ տղա էր, խելացի, շնորհքով։ Սիրում էին բոլորը Դավիթին։ Ռուսաստան էր մեկնել, հետո վերադարձավ մի տարի ցածր դասարանում ուսումը շարունակեց։ Երբ դարձավ չափահաս, ուզում էր իր ընկերների հետ գնալ բանակ։ Հակառակվելով ծնողների կամքին՝ կամավորագրվեց, գնաց ծառայության։ Ասում էր՝ ուզում եմ շուտ գնամ, շուտ վերադառնամ, որ ընկերներիս հետ ծառայեմ»,-պատմեց դպրոցի տնօրենը։ Դավիթը բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ չի ունեցել։ Դա փաստում է նաեւ Կարինե Շահբազյանը․ «Առողջական խնդիրներ չուներ, շատ լավ առողջական վիճակում էր»։

Տնօրենն ասում է՝ թասիբով, ընկերասեր տղա էր Դավիթը, ուսուցիչների հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, բոլորը նրան սիրել ու հարգել են։ «Դպրոցում շատ մռայլ է, տխուր ենք բոլորս, միջոցառում ունեինք՝ չեղարկեցինք։ Շատ վատ վիճակ է, բոլորը ծանր են տանում»,-ասաց նա։ Կարմիրգյուղի համար 1 միջնակարգ դպրոցում 3 դասասենյակ կա` նվիրված զոհված տղերքի հիշատակին։ Շահբազյանը վստահեցնում է՝ Դավիթն էլ կունենա իր հիշատակի անկյունը։ 
«Մենք 3 զոհ ենք ունեցել, բոլորի անունով էլ դասասենյակ ունենք՝ կահավորված, վերանորոգված։ Դավիթն էլ կունենա իր անկյունը դպրոցում»,-ասում է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որում ասում էր, որ ավիթ Ներսիսյանը հանկարծամահ է եղել զորամասում։ «Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդման՝ զորամասում, շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։