Նստած ենք Պուշկինի փողոցի վրայի բացօթյա սրճարաններից մեկում: Վերջին 1-2 տարում այս փողոցը շատ է նմանվել Սարյանին` դարձել է բացօթյա սրճարանների, ժամանակ անցկացնելու վայր, որտեղ, որպես կանոն, ազատ սեղան էլ չի լինում, որ նստես` զրուցես, սուրճ խմես: Բայց մեր բախտը բերեց` սեղան էլ գտանք, լավ սուրճ էլ պատվիրեցինք ու պատրաստվեցինք երկար ու հիմնավոր զրույցի, որը ոմանք բամբասանք են անվանում:
Փողոցը նեղ է, մարդիկ շատ, աղմուկը խլացնում է մեր զրույցը, բայց դե դիմանալու է` դեռ լսում ենք իրար, մինչ այն պահը, երբ կողքից` մի քանի մետրի վրա հերթական մեքենան է անցնում` երաժշտությունը զլած: Ընդ որում` շատ բարձր ձայնով, փողոցը դղրդացնելով ու դանդաղ ընթացքով:
Ինչ որ պահի արձանագրեցինք, որ «երաժշտական ուղեկցումով» մեքենաները որոշակի պարբերականությամբ են երթեւեկում` մոտ 10-15 րոպեն մեկ եւ սկսեցինք հետեւել դրանց: Եւ ով զարմանք` հայտնաբերեցինք, որ «երաժշտական մեքենաները» նույն ավտոմեքենաներն են, թվով` երեւի 3-4 մեքենա, դրանք պտտվում են` երեւի Թումանյանով ու հետ վերադառնում Պուշկին:
Քանի որ Պուշկինը միակողմանի փողոց է եւ, որպես կանոն, ծանրաբեռնված երթեւեկությամբ, մեքենաներն էլ շարժվում են հազիվ 20 մ/ ժամ արագությամբ: Հասցրեցինք ֆիքսել, որ այդ մեքենաները Նիվա, Օպել ու Մազդա մակնիշի են, այսինքն` էկոնոմ դասի մեքենաներ են: Վարորդները մենակ են մեքենաների մեջ:
Սրճարանի մատուցողին կանչեցինք: Հարցնում եմ` ինչո՞ւ չեք դիմում ոստիկանություն, չէ որ ձեր հաճախորդների անդորրն են խանգարում, խլացնում մարդկանց, վերջապես` վնասում բիզնեսին: Ասում է` ի՞նչ դիմենք, եղել է դեպք` ոստիկանները կանգնած են եղել, կողքից անցել են սենց երաժշտությունը զլած, ոչ մի ձեւով չեն արձագանքել:
Հետո խորամանկ ժպտում է. «Գիտեք, ասում են` սրանց փող են տալիս, որ սենց բարձր երաժշտություն միացրած քաղաքով դես-դեն քշեն, որ ցույց տան` իբր ապահով երկիր է, ոչ մի սահմանազատում, հող հանձնել, պատերազմի վտանգ էլ չկա: Այ սենց ուրախ ժողովուրդն ապրում ա ու գոհ ա իր կյանքից: Ասում են` իշխանությունն ա անում` քարոզչության ձեւ են գտել»:
Ապշեցինք այս պատասխանից, բայց հիացանք իշխանությունների հնարամտության վրա:
Արեգ Մարգարյան