Հռոմի Պապը կոչ է արել հաղթահարել անհասկացողությունը կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ 

Հռոմի Պապը կոչ է արել հաղթահարել անհասկացողությունը կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ 

Vatican News-ը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել հաղթահարել անհասկացողությունը կաթոլիկ եւ ուղղափառ քրիստոնյաների միջեւ։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետն այս հայտարարությունն արել է Հելլադայի Ուղղափառ եկեղեցու միսիոներական ընկերության ղեկավար, միտրոպոլիտ Ագաթանգեղոսի եւ Աթենական աստվածաբանական կոլեգիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Սրբազան Քահանայապետը հանդիպման ընթացքում իր ողջույններն է փոխանցել Աթենքի եւ համայն Հելլադայի արքեպիսկոպոս Հերոնիմոսին՝ նրան անվանելով «խորը հավատքի տեր եւ իմաստուն հովիվ»։

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը բարձր է գնահատել համատեղ ծրագրերը եւ ուրախություն է հայտնել, որ ընտրություն է կատարվել հօգուտ նոր սերունդների մշակութային, աստվածաբանական եւ էկումենիկ կրթության։ Նա հույս է հայտնել, որ նման ոգով կրթված եւ դաստիարակված երիտասարդները կկարողանան հաղթահարել եղած անհասկացողությունն ու նախապաշարումները, որոնք դարեր շարունակ արգելակող հանգամանք են եղել ուղղափառների եւ կաթոլիկների համար։ Դա իր հերթին ներկայիս խառնակ եւ կոնֆլիկտային աշխարհում կապահովի Քրիստոսի քարոզած սիրո հաստատումը։