Գալու են ուրիշ Հայաստանի եւ ուրիշներով ներկայացող Հայաստանի ժամանակները

Գալու են ուրիշ Հայաստանի եւ ուրիշներով ներկայացող Հայաստանի ժամանակները

Ինչպես երեկ, այսօր ու նաեւ վաղը, այս իշխանությունները փորձել են ու կփորձեն այս անարդար սահմանազատումն ու այս խեղված սահմանը որպես պատերազմից խուսափելու միակ միջոց ներկայացնել: Կփորձեն այդպես ներկայացնել ու կշարունակեն չհասկանալ, որ այսքան անարդար սահմանազատման ու այս խեղված սահմանի այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ ավելի լավ բանակցելն ու սեփական ժողովրդին պատերազմով չվախեցնելը, որ թշնամու ողորմածությունից այսքան կախված լինելու այլընտրանքը, ոչ թե զիջելը, այլ համազգային համերաշխություն հաստատելն ու սեփական բանակ ունենալն է:

Ի վերջո, Հայաստանի օրվա իշխանությունները պետք է հասկանան, որ եթե անգամ Ադրբեջանն այսօր Հայաստանի վրա չի հարձակվում, ապա նա դա չի անում ոչ թե «սյուներով լեգիտիմացված սահմանի» պատճառով, այլ «անպատիժ չմնալու» վախից: Այո, միայն պատժվելու վախն է, որ կկանգնեցնի Ադրբեջանին, որովհետեւ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Ադրբեջանը, եթե հանկարծ ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ապա այդ դեպքում նրան ավելի շատ ինչը` «հարձակվելու լեգիտիմությո՞ւնը», թե՞ «հաղթելու երաշխավորվածությունն» է պետք գալու:
Անշուշտ, չպետք է այսպիսի սահմանազատման ու այս սահմանի հետ հայ ժողովրդի ու այս երկրի ունեցած անհամաձայնությունը «սահմանազատում չանելու ու սահման չունենալու»` մեր ժողովրդի ու Հայաստանի ցանկության հետ շփոթել: Այն, որ «Հանրապետության հրապարակը» դեմ է այս ձեւով արվող սահմանազատմանն ու այսպես գծվող սահմանին, դա ամենեւին էլ «սահմանազատում չանելու եւ սահման չունենալու» հայ ժողովրդի ու այս երկրի ցանկությունների վկայությունը չէ:

Երբ որ «Հանրապետության հրապարակը» դեմ է արտահայտվում այս ձեւով արվող սահմանազատմանն ու այսպես գծվող սահմանին, դրանով նա շեշտում է ոչ թե սահմանազատմանն ու «սահման ունենալուն» իր դեմ լինելը, այլ դրսեւորում է «խաղաղություն բերող» եւ «խաղաղության համար արվող» սահմանազատմանն ու սահմանին իր հավատարմությունը:

Եվ որքան էլ Հայաստանի օրվա իշխանություններն ու ներհայաստանյան որոշակի շրջանակներ փորձեն իրողություններն այնպես ներկայացնել, թե իբր Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելն այսօրվա Ադրբեջանի համար խաղուպարի պես մի բան է, թե Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու կամ նրան պատերազմով սպառնալու հարցում Ադրբեջանը կարող է իրեն «կարմիր գծեր չունենալու» իրավունք վերապահել, դա այդպես չէ: Միեւնույն է, դրանից չի փոխվում այն իրականությունը, որ ինչքան չզիջելու հարցում Հայաստանն իր կարմիր գծերն ունենա, այնքան էլ իր պահանջներ ներկայացնելու եւ պատերազմով Հայաստանին սպառնալու հարցում Ադրբեջանը պետք է իր չափն ու սահմանը գիտենա:

Պետք է գիտենա, որովհետեւ, անկախ այն հանգամանքից, որ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի կարմիր գծերը թեեւ ամբողջությամբ այսօրվա Հայաստանից, ավելի ճիշտ, Նիկոլով ներկայացող Հայաստանից չէ, որ կախված են, բայց, միեւնույն է, դրանք՝ այդ կարմիր գծերը, կան եւ գոյություն ունեն: Իսկ այսօրվա Հայաստանի համար կարեւորն էլ հենց այդ կարմիր գծերի գոյությունն ու «դրանց տեղն իմանալու» փաստն է: Այո, կարեւորն այդ փաստն է, որովհետեւ, ինչպես մեզ մոտ, Ադրբեջանում էլ են լավ հասկանում, որ «երեքից հետո էլ թվեր կան», որ միշտ չի լինի այնպես, որ Հայաստանը «Նիկոլով կամ նիկոլներով» ներկայանա, որ գալու են նաեւ «ուրիշ Հայաստանի» եւ «ուրիշներով ներկայացող Հայաստանի» ժամանակները:

Ժամանակներ, երբ հայությունն ու Հայաստանը կհամարեն, որ հայության եւ Հայաստանի համար իրականությունն ամենեւին էլ այնքան մռայլ չէ, որքան որ փորձում են ներկայացնել այսօրվա Հայաստանում, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտադիրն ամենեւին էլ Հայաստանի պարտությունը չէ, որ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «կարմիր գծերը», եթե անգամ այսօր ամբողջությամբ կախված չեն Հայաստանից, ապա դա դեռ չի նշանակում, թե դրանք չկան, գոյություն չունեն: Իհարկե, դրանք կան եւ եթե անգամ այսօր ավելի շատ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վտանգներով են պայմանավորված, ապա բացառված չէ, որ վաղը Հայաստանից ու հայկական բանակից կախված լինեն:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ