Հայաստանը վերածվում է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հիբրիդային պատերազմի հարթակի

Հայաստանը վերածվում է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հիբրիդային պատերազմի հարթակի

Ռուս սահմանապահները դուրս են գալիս հայ-ադրբեջանական սահմանից: Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզի տարբեր հատվածներում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալներն ու հենակետերը, որ ստեղծվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, վերացվում են: Իշխանությունը սա փորձում է ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հաղթարշավի հերթական խոսուն ապացույց. այլեւս ոչ թե ռուսներն են ապահովելու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, այլ հայ սահմանապահները: Մինչդեռ ռուսների հեռանալով փորձելու են ցույց տալ, որ հենց իրենք էին Հայաստանի սահմանների անվտանգության երաշխավորը, իսկ իրենց հեռացնելով՝ Հայաստանի իշխանությունն էլ ավելի մեծ վտանգի է ենթարկում երկիրն ու նրա տարածքային ամբողջականությունը:

Ռուսները, հեռանալով հայ-ադրբեջանական սահմանից, դրա վերահսկողությունը փաստացիորեն հանձնում են ոչ թե հայ սահմանապահներին, որոնք, այսպես թե այնպես, ծառայություն էին իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Երբ Ներքին Հանդում ադրբեջանցիները սպանեցին չորս հայ դիրքապահների, ԵՄ դիտորդական առաքելությունը բողոքեց, որ իրենք չեն կարողանում հասանելիություն ունենալ այդ տարածքին, քանի որ այնտեղ գտնվում են ռուս սահմանապահներ, ովքեր արգելում են իրենց մուտքը տվյալ տարածք: Հիմա ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդից, եւ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները կատարյալ հասանելիություն ունեն ոչ միայն Ներքին Հանդ, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատված: 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ռուս սահմանապահների հեռանալու ընթացքում հարցազրույց է տալիս եւ անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ այն անվանում է հիբրիդային պատերազմի գործիք`ուղղված առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Ըստ Գալուզինի, այդ առաքելությունն ունի ինչպես հակառուսական, այնպես էլ հակաիրանական, հակաադրբեջանական բնույթ: «Առաքելությունը վարում է բացահայտ սադրիչ գործունեություն, զբաղվում հակառուսական քարոզչությամբ, Եվրամիության՝ որպես «Հայաստանի անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի» մասին հայ հասարակությունում կեղծ պատկերացումների սերմանմամբ»,- բառացիորեն ասում է Գալուզինը:

Ռուսների` հայ-ադրբեջանական սահմանից հեռանալուց հետո այդ սահմանի արտաքին պատասխանատվությունն ընկնում է ԵՄ դիտորդական առաքելության վրա: Ռուսները պատասխանատու են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պահպանության համար, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հայ-ադրբեջանական: Այս համեմատությունը կարող են այնքան էլ համարժեք չհամարել, քանի որ ռուսները հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պահպանությունն իրականացնում են զինված սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով, իսկ ԵՄ դիտորդներն ընդամենը վերահսկում են, թե ինչպես է պահպանվում հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Բայց հանրային ընկալման առումով, ԵՄ-ն փաստացի պատասխանատվություն է ստանձնել՝ զսպելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ունեցած տարածքային նկրտումները, եւ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է՝ թույլ չտալու այդ հավակնությունների իրականացումը: Թե չէ ո՞ւմ է հետաքրքիր մի առաքելություն, որը ոչ մի գործնական ֆունկցիա չունի, բացի նրանից, որ արձանագրի, թե որ կողմը խախտեց հրադադարը, կամ որոշի՝ ով էր ագրեսորը եւ ով` զոհը:

Պաշտոնապես հեռանալով հայ-ադրբեջանական սահմանից, Ռուսաստանը դադարում է այդ սահմանի վրա տեղի ունեցողի համար պատասխանատվություն կրելուց: Եթե վաղը կամ ինչ-որ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպեր տեղի ունենան, Հայաստանը չի կարողանա ակնկալել Ռուսաստանի աջակցությունը, քանի որ Փաշինյանն է պաշտոնապես խնդրել, որ Ռուսաստանը հեռացնի իր սահմանապահ զորքերը: Ռուսաստանը հնարավոր սահմանային միջադեպերի, սահմանային բախումների պատասխանատվությունը թողնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վրա: Ավելին` Ռուսաստանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրելով հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական գործունեություն ծավալելու մեջ, ստեղծում է այդ երկրներից կազմված կոալիցիա` ընդդեմ ԵՄ դիտորդական առաքելության: Ռուսաստանը փաստացի հայտարարում է, որ Ադրբեջանն իր դաշնակիցն է՝ ընդդեմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության:

Հիմա Ռուսաստանն առավել, քան երբեւէ, կարող է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարցում, քանի որ դրանով նա ի ցույց կդնի ԵՄ դիտորդական առաքելության անընդունակությունը կատարելու իր առջեւ դրված խնդիրը, ապահովել սահմանային անվտանգությունը: Այն դեպքում, երբ ռուս սահմանապահները լիարժեքորեն կատարում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պահպանությունը՝ համեմատությունը եւ հետագա հետեւությունները թողնելով հայ հասարակությանը: Ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն օգտագործում է «Հայաստանի անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի մասին հայ հասարակությունում կեղծ պատկերացումների սերմանում» արտահայտությունը: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ հայ հասարակությունը համոզվի, որ ԵՄ-ն չի կարող լինել Հայաստանի անվտանգության եւ բարգավաճման աղբյուր:

Ավետիս Բաբաջանյան