Մինչ քաղաքը քնած է, փողոցները` դատարկ, Նիկոլ Փաշինյանն արդեն 4-րդ անգամն է առավոտ ծեգին դուրս գալիս հեծանվային զբոսանքի։ Նախորդ հոդվածներից մեկում գրել էինք, որ նրա հետ զբոսնում են ոչ թե սովորական քաղաքացիներ, այլ ՔՊ-ականներ, ՔՊ աջակիցներ, պետական պաշտոն զբաղեցնողներ, ՊՊԾ աշխատակիցներ։ 4 օր առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հեծանվային զբոսանքի հերթական լուսանկարն էր հրապարակել։ Այդ լուսանկարում Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի մի քանի տասնյակ անդամներ կային, այդ թվում էր նաեւ ֆեդերացիայի հիմնադիր անդամ Արման Անտոնյանը, ով մինչեւ 2021 թվականը եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հեծանվային զբոսանքից։
- Դուք եղել եք Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, վայելում եք իշխող ուժի վստահությունը, պարզ է, որ ամեն պատահական քաղաքացու հետ Փաշինյանը հեծանիվ չէր վարի: Թեեւ հայտարարվել է, որ ցանկացած մեկը, ով լուսանկար կուղարկի եւ հայտ կներկայացնի, կարող է Փաշինյանի հետ հեծանիվ վարել, պարզ է, որ մասնակիցները ֆիլտրվում են: Ինձ հետաքրքրում է՝ ձեր ֆեդերացիայից քանի՞ հոգի է գալիս հեծանիվ վարելու։
- Նախ ասեմ, որ եկել էին մարդիկ, ովքեր վերջին անգամ հեծանիվ էին վարել շատ փոքր ժամանակ։ Գուցե եկել էին վարչապետի հետ նկարվելու, բայց սա ինձ համար ուրախալի փաստ է, որ այդ առիթը կարող է հեծանիվ վարելու «վարակը» տարածել։
- Ինչո՞ւ որոշեցիք Փաշինյանի հետ հեծանիվ վարել։
- Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հեծանվային միջոցառմանը կա՛մ մեզ հրավիրում են, կա՛մ մենք ենք գնում, քանի որ մենք ենք հեծանվային մշակույթի լոկոմոտիվը։ Հեծանվային մշակույթը տարածելու մի նախաձեռնություն էլ սա է, ուստի ես մեծ ցանկություն եմ ունեցել մասնակցելու։ Վարչապետի կողմից առաջին պայմանը եղել է զրո քաղաքականություն։ Ասեմ ավելին՝ մի քանի հոգի պայմանը խախտելու պատճառով նկատողություն են ստացել։
- Ի՞նչ են արել, որ պայման են խախտել։
- Հանդիպման ժամանակ խոսել են քաղաքականությունից, որը կանխվել է։
- Ձեզ հրավիրե՞լ են, թե՞ Դուք եք որոշել մասնակցել։
- Ո՞րն է տարբերությունը։
- Ինձ համար կարեւոր է։
- Երկուստեք է եղել։
- Այդպես չի լինում։
- Վարչապետի կողմից եղել է հայտարարություն, ես միացել եմ, որովհետեւ կարծում եմ, որ այն պետք է կազմակերպել մասնագիտական ճիշտ ձեւով։
- Ձեզնից բացի, ֆեդերացիայի անդամներից քանի՞ հոգի են մասնակցում առավոտյան հեծանվավազքին։
- Անուն-ազգանուններով չեմ կարող ասել, մոտ 50-70 հոգի։ Ես բոլորին ճանաչում եմ։
- Վերջին լուսանկարում տարիքով մեծ կին կար, անչափահաս երեխաներ, ովքե՞ր են նրանք։
- Գուցե իրավունք չունեմ ասելու, բայց կպատմեմ։ Այդ կինը երեխաների հետ սպասում էր հեծանվարշավի մասնակիցների մուտք գործելուն, վարչապետը հրահանգեց, որ իրեն էլ ներս թողնեն, հյուրասիրեն։ Սելֆիի ժամանակ այդ կինը նկարվեց ու գնաց։ Այդ կինն իր ընտանիքի հետ էր եկել։
- Դուք վարչապետին հեծանիվ վարելիս խորհուրդներ տալի՞ս եք, օրինակ՝ իր ֆիզիկական տեսքի, քաշի վերաբերյալ։
- Միայն վարչապետին չէ, հեծանիվ վարող ցանկացածին, որը սխալ է վարում, խորհուրդներ եմ տալիս։ Այո, վարչապետին էլ եմ խորհուրդներ տալիս։ Մեր ֆեդերացիայում սիրողական մակարդակի հեծանվորդներն են, եւ նպատակ ունենք ցանկացածին վարակել հեծանիվով։
- Իսկ Դուք երբվանի՞ց եք ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիան ինչպե՞ս է ֆինանսավորվում, որտեղի՞ց։
- Հեծանվորդների ֆեդերացիան հիմնադրվել է 2012-ին։ Անկախ քաղաքական իշխանություններից, այն գործել եւ գործելու է։ Որպես ֆեդերացիայի ղեկավար՝ ինձ համար զրո քաղաքականության սկզբունքն է։ Պետությունից ֆինանսավորում երբեք չի ունեցել եւ չունի։
- «Վարչապետի գավաթ» մրցաշարին մասնակցե՞լ եք։
- 2021-ին իմ նկատմամբ մահափորձ եղավ, հենց այդ ժամանակ տեղի ունեցավ վարչապետի գավաթը, եւ ես չկարողացա մասնակցել, կազմակերպչական հարցերով զբաղվել, այդքան էլ լավ չէր անցել։ Մեծ դժգոհություններ կային։ Հաշվի առնելով առաջին տարվա թերությունները՝ առաջարկեցի որոշակի շտկումներ անել։ Հաջորդ մի քանի տարիները մենք կազմակերպեցինք միջոցառումը։ Մեր ֆեդերացիան եղել է տեխնիկական վերահսկողության խմբում։