Փարաքարում իշխանափոխություն է

Փարաքարում իշխանափոխություն է

Փարաքար խոշորացված համայնքի կառավարման մարմիններում օրերս իրավիճակը կտրուկ լարվել է: Նախ տեղեկացանք, որ իշխող «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավար, Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն է վայր դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ միաժամանակ դադարեցնելով խմբակցությանն անդամակցությունը եւ դառնալով ավագանու անկախ անդամ: Երեկ էլ տեղեկացանք, որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն է հրաժարական ներկայացրել: Ընդ որում, «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում էր նրան անվստահություն հայտնել, եւ նա մի ոտ շուտ հրաժարական է տվել: Արդեն նախկին համայնքապետը հայտարարել է, որ «Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միացել է Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին, ինչի արդյունքում հրաժարական է ներկայացնում: Այսինքն՝ եթե հրաժարական չտար, իրեն անվստահություն հայտնողների ձայները բավարար էին, որ այդ նախագիծն անցներ, եւ Մինասյանը չի սպասել, որ քվեարկությամբ իրեն հեռացնեն:

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր անդամ Մեսրոպ Առաքելյանը տեղի ունեցածից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչը, փաստորեն, հաջողությամբ ավարտվել է: Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Փարաքարի ավագանու մեծամասնությունը՝ շուրջ 11 անդամ, ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, եւ երեք օրվա ընթացքում անվստահություն էին հայտնելու:

«Եթե Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել, ապա պետք է նոր ընտրություններ տեղի ունենան»,- նշում է Առաքելյանը: Դեռ 2021-ին ՔՊ-ի եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի միջեւ ստորագրվել էր հուշագիր, որի համաձայն՝ 2,5 տարի պետք է Դավիթ Մինասյանը պաշտոնավարեր, 2,5 տարի՝ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը: Այս երկու կուսակցությունները միացել էին եւ «Ապրելու երկրից» ավելի շատ ձայն ունենալով` համայնքային իշխանություն էին ձեւավորել: 

Այժմ ի՞նչ պրոցեսներ կարող են հաջորդել։ «Նոր համայնքապետի ընտրություններ` ավագանու կազմից է ընտրվելու, ավագանու ընտրության միջոցով: Եթե այս հրաժարականը հաստատվեց, հաջորդ շաբաթ ավագանին իր կազմից նոր թեկնածու կառաջադրի: Այս 2,5 տարվա ընթացքում համայնքի կառավարումն այնքան խնդիրներ է առաջացրել, մասնավորապես եթե նայենք, թե քանի նիստ է տարվա կտրվածքով եղել, այն դեպքում, երբ ավագանու մեծամասնությունն իրենցն էր, հազիվ մեկ-երկու նիստ: Սա նաեւ համայնքում է մեծ խնդիրներ առաջացրել, ու նաեւ դրանով է պայմանավորված եղել մեր այս նախաձեռնությունը»: 

Փարաքար համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես երկար չեմ կարող խոսել, սակայն կասեմ, որ մեր թեկնածուն լինելու է ՔՊ կուսակցության առաջին համարը` Լյուդվիգ Գլուլնազարյանը: Մեր խմբակցությունով ընտրելու ենք մեր թեկնածուին»: Այսինքն` ստացվում է, որ Էմին Երիցյանը ՔՊ-ական թեկնածուի համա՞ր է միացել Ձեզ անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, թե՞ նրան էլ դեմ կքվեարկի։ «Ինչո՞ւ եք մտածում, որ չի ընտրելու, ինչո՞ւ եք կասկածում»,- նշեց նա: Իսկ ինչո՞ւ է Փարաքարի ավագանին անվստահություն հայտնել Ձեզ։ «Չեմ կարող ասել, իրենց պետք է հարցնեք: Ես շատ զբաղված եմ հիմա, էլ չեմ կարող խոսել»: Մեսրոպ Առաքելյանի այն հայտարարությունների առնչությամբ էլ, թե տարվա ընթացքում մեկ-երկու ավագանու նիստ է տեղի ունեցել, Մինասյանը նշեց. «Ամեն ինչ կա մեր կայքէջում, այնպես որ, բոլորն էլ կարող են ստուգել»:
Արձանագրենք, որ Փարաքարում իշխանափոխություն է մոտենում, եւ ավագանու իշխանական խմբակցությունները, ըստ ամենայնի, համայնքային իշխանությունը կկորցնեն` այն զիջելով «Ապրելու երկիր» կուսակցությանը: Պարզ ասած` արդարությունը կվերականգնվի: