«Հրապարակ». ՔՊ-ականները տժժացել են Հանքավանում, Փաշինյանը հորդորել է ընդդիմադիր շարժումներից չվախենալ
Շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, իշխանական էլիտան` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հանքավանում էր, որտեղ կայացել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովը, չնայած ավելի վաղ լուրեր կային, որ Ջերմուկում են անելու: Ի տարբերություն նախորդների, այս անգամ եւս ժողովն անցել է ընդլայնված ֆորմատով։ Փաշինյանը շեղվել է կուսակցական կանոնակարգից եւ հանձնարարել, որ մասնակցեն ոչ միայն կանոնակարգով նախատեսված՝ կառավարության կուսակցական անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, կուսակցության տարածքային խորհրդի ղեկավար կազմը, մարզպետները, այլեւ ՔՊ ֆրակցիան ամբողջությամբ։ Ժողովի առիթով մի ամբողջ օր Հանքավանի անդորրը կաթվածահար է եղել, հատուկ հսկողություն է սահմանվել քաղաք մուտք գործող ավտոմեքենաների նկատմամբ։ Պատմում են, որ ամեն քայլափոխին ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել, ընդ որում, սա՝ այն դեպքում, երբ իշխանականները, նախորդ անգամների պես, մի քանի օր չեն ձգել ժողովը, անգամ չեն գիշերել Հանքավանում:
Ժողովն արել են «Նաիրի» հյուրանոցում, որտեղ կայացել է թե՛ ժողովը, թե՛ խնջույքը, որից հետո ցրվել են։ Որքան էլ Փաշինյանն ու թիմը հայտարարեն, թե Հայաստանում հակաիշխանական շարժումը մարել է, եւ ժողովուրդն «իրական ու պատմական Հայաստանի միջեւ» հօգուտ առաջինի ընտրություն է կատարել, այսինքն՝ ընտրել է այն, ինչն առաջարկում է գործող իշխանությունը, միեւնույն է՝ ներքին վախերը չեն փարատվում, եւ դա է պատճառը, որ ՔՊ-ականները մեկ օր են ժողով արել` վախենալով ընդդիմադիր շրջանակների հետապնդումներից։
Օրվա առաջին կեսի ընթացքում տեղի է ունեցել ժողովը․ օրակարգում երկու թեմա են քննարկել` «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» եւ մարզերում ու Երեւանում կուսակցության մարմինների աշխատանքը:
Առաջին թեմայի քննարկումը Փաշինյանը սկսել է հետեւյալ հարցադրմամբ. «Մենք միասին պետք է գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը Հայաստանի Հանրապետությունում ձախողվեց»: Տպավորություն է, թե նա խիստ վշտացած է այդ տապալումից եւ տապալում է համարում այն, որ իրեն չկարողացան հեռացնել պաշտոնից: Ապա Փաշինյանը բացատրել է, թե ինչու է կարեւոր այդ հարցը․ «Սա կարեւոր է, որպեսզի մենք գնահատենք ընթացիկ իրավիճակը, նաեւ՝ նախորդող շրջանը եւ խոսենք ապագայի մեր անելիքների մասին»: Ապա, մոռանալով, որ իրենք ոստիկանով, նռնակներով ու քրգործերով ճնշել են պայքարողներին, ինքը հրաժարականի դիմում չի գրել, եւ իր ՔՊ-ն հրաժարվել է անգամ ԱԺ նիստին մասնակցել, ասել է, թե ժողովուրդն ընտրեց իրական Հայաստանը։ Ի դեպ, այս թեմայի վերաբերյալ ՔՊ-ն Փաշինյանի ելույթից պատառիկներ է հրապարակել․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա մեզ եւ բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, չենք ուզում գոյատեւել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնությանը, հետեւյալն է. կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»։ Սա ուտել-խմել-քեֆ անելու քարոզն է` կռվել-պայքարելու, հայրենիքը պաշտպանելու փոխարեն:
Փաշինյանի ելույթի տրամաբանության համաձայն ստացվում է՝ մեր ժողովուրդը դուրս չի գալիս իշխանության դեմ պայքարի, քանի որ իր համար նորմալ են Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, արցախցիների բռնի տեղահանությունն ու Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելը, կարեւորը պարզապես ուրախ ապրելն է: Ի դեպ, ՔՊ որոշ շրջանակներ անգամ սարսափած էին Փաշինյանի այս արձանագրումից, նրանք կարծում են, որ Փաշինյանն այդ հայտարարություններով փորձում է հող նախապատրաստել նոր զիջումների համար, բայց հոգու խորքում մտահոգություն ունեն, որ ժողովուրդը կարող է ընդվզել, չներել իրենց այս ապազգային քաղաքականության համար, իրենց մանկուրտ ներկայացնելու, որը պատրաստ է ցանկացած ողբերգություն մոռանալ, քանի որ միայն ֆիզիկական գոյությունն է իր համար կարեւոր։
Երկրորդ թեմայի շուրջ Փաշինյանն ավելի է ծավալվել, քանի որ խոսքը կուսակցության կազմակերպչական հարցերին է վերաբերել։ Նա դժգոհություն է հայտնել տարածքային կառույցներում կուսակցականների գործունեությունից՝ ասելով, որ իրար երես չեն ուզում տեսնել, ներքին մրցակցությունը, պառակտվածությունը թույլ չեն տալիս միասնական եւ իշխանության օգտին աշխատել։ Արձանագրել է, որ մարզերում տիրող այդ վիճակն ուղիղ հետեւանքն է այն բանի, որ երկու տարի առաջ ներկուսակցական մակարդակում կեղծվեցին վարչության ընտրությունները։ Ասել է, որ չնայած իշխանությանը հաջողվել է համապետական մաքուր ընտրություններ կազմակերպել, բայց նույնը չկարողացան անել կուսակցության ղեկավար մարմնի ընտրության ժամանակ, ուստի սպասելի էր, որ մարզերում էլ է նման վիճակ լինելու, քանի որ դրանք բնականոն ընթացքով չեն ձեւավորվել։ Եվ որպեսզի հերթական համապետական ընտրություններին ընդառաջ վերահսկելի դարձնի ներկուսակցական «բարդակը», ասել է, որ մարզային խորհրդատվական մարմիններ են ձեւավորելու: Բայց կուսակցության կանոնադրությունում դրա համար փոփոխությունների չեն գնա, եւ դրանք կգործեն դե ֆակտո։ Այդ խորհրդատվական մարմինները կղեկավարեն մարզպետները, դրանցում ընդգրկված կլինեն տարածքային մարմինների ղեկավարները, մարզից ընտրված պատգամավորները, որոնք պատասխանատվություն կստանձնեն՝ վերահսկելու մարզային բոլոր օղակների աշխատանքը, անկարգապահ կուսակցականների հեռացման հարցերը կներկայացնեն վարչությանը եւ այլն։ Հանձնարարել է, որ հատկապես սահմանամերձ մարզերի ղեկավարները, ՔՊ-ականները ժողովրդին պատրաստեն սահմանազատման գործընթացին, առաջ տանեն այն գաղափարը, որ ինչքան արագ ավարտվի սահմանազատումը, այնքան կյանքն անվտանգ կլինի։ ՔՊ պաշտոնյաների համար հատուկ շեշտել է՝ որեւէ դիմում առանց ընթացքի, բավարարման չթողնել, եթե բնակիչը մի բան է խնդրում, քարի տակից էլ լինի` կատարել։ Հանգստացրել է իր ուսապարկերին, թե ընդդիմադիր շարժումներից չվախենաք, ամեն երկու ամիսը մեկ փորձելու են ինչ-որ մեկի դեմքով փողոց զավթել, բայց պետք է մարդկանց հասկացնել, որ իրենց ապագան ՔՊ-ն է, ՔՊ-ից լավը չկա։
Իսկ երեկոյան ՔՊ-ն ողջ կազմով կերուխում է կազմակերպել, ուշագրավ է, որ անգամ նեղ ներկուսակցական ֆորմատում Փաշինյանը չի կարողանում հաղթահարել վախերը, եւ խնջույքի սրահ մտնելիս ՔՊ-ականներն անցել են սկաներ սարքերի եւ մետաղորսիչի միջով, անվտանգության աշխատակիցներին ի պահ են տվել բջջային հեռախոսները։ Այդուհանդերձ, պատմում են, որ Փաշինյանը բարձր տրամադրություն է ունեցել, կերել-խմել է, անգամ՝ պարել։
Կարծիքներ