Դատարաննե՞րն են վատը, թե՞ ձեր իրավաբանները

Դատարաննե՞րն են վատը, թե՞ ձեր իրավաբանները

Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը հաղթել է դատարանում։ Դատարանը պարտավորեցրել է առողջապահության նախարարին՝ նրան  վերականգնել կենտրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նախատեսված ողջ աշխատավարձը։ Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողի հարցին՝ նախարարության պարտությունների վերաբերյալ, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է, թե նախարարությունը գործել է օրենքի շրջանակներում, սակայն դատարանն «այլ բան է գտել»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Ավանեսյանն աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, իսկ 2023 թվականի ապրիլին՝ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին։ 2023 թ․ օգոստոսին բոլոր երեք ատյաններում հաղթեց Ծաղիկ Վարդանյանը, ով վերականգնվեց իր պաշտոնում, ապա դիմում գրեց՝ ազատվեց։ Իսկ տարեսկզբին Անահիտ Ավանեսյանը մամուլիս ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, կարծիք էր հայտնել, որ դատական բարեփոխումների կարիք կա՝ ակնարկելով, որ դատարաններում իրենց պարտությունների պատճառը դատարանների, դատավորների «վատը» լինելն է։

Եւ սա առաջին դեպքը չէ՝ նա նախկինում էլ է դատարանների մասին բացասական կարծիք հայտնել։ Սակայն առաջին հերթին պետք էր պարզել, թե նախարարության իրավաբանական բաժինն ինչպես է աշխատում եւ ինչու են առանց հիմքերի մարդկանց ազատում աշխատանքից, որի հետեւանքները ծանր են նստում պետության վրա։ Չէ որ դատական վճիռների արդյունքում միլիոնների հասնող փոխհատուցումներ են վճարվում աշխատանքում վերականգնված անձանց՝ պետական բյուջեից, հարկադիր եւ անօրինական պարապուրդի դիմաց։