Այդ տրամաբանությամբ` ռեփ երաժիշտների մեծ մասը պետք է գտնվեին «Արմավիր» ՔԿՀ-ում

Այդ տրամաբանությամբ` ռեփ երաժիշտների մեծ մասը պետք է գտնվեին «Արմավիր» ՔԿՀ-ում

Մայիսի 21-ին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոխվեց։ Դատարանը հիմնավորեց, որ տեսանյութն առգրավված է, այն փոփոխել հնարավոր չէ, հետևաբար վկաների վրա ազդեցություն գործելու վտանգ չկա, չկա մտավախություն տեսագրությունները թաքցնելու առումով։ «Միակ վտանգը, որ դատարանը տեսնում է, ենթադրյալ նոր «հանցանքի» կատարումը կարող է լինել, ուստի խափանման միջոց վարչական վերահսկողությանը զուգահեռ դատարանը 3 ամսով Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին արգելեց հեղինակային փոդքասթ վարել»: Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը կալանավորվել էին իրենց հեղինակային փոդքասթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար:

Զրուցել ենք նախօրեին կալանավայրից ազատ արձակված Վազգեն Սաղաթելյանի հետ:

- Շուրջ երկու ամիս կալանավորված էիք, որպեսզի մյուսիներին դաս լինի` չքննադատել, չհայհոյել «ժողովրդավար» իշխանություններին: Դաս եղա՞վ, հաջողվե՞ց իրավապահներին վախեցնել քեզ:

- Իհարկե, չի հաջողվել ոչ վախեցնել, ոչ էլ ինչ-որ կերպ մեզ ահաբեկել: Իրենց ուզածն այն է, որ նման խտրական մոտեցմամբ ստեղծեն մի նախադեպ, որը իսկապես կվախեցնի ընդդիմադիրներին, էն քաղաքացիներին, ովքեր երկրի համար մտահոգ են: Միայն մեր դեպքը չէ, դաշտում ակտիվ մի շարք մարդիկ են այսօր նման խայտառակ փաստի առաջ կանգնած: Օրինակ` Սամվել Վարդանյանի դեպքը: Իմ ընկալմամբ` սա փորձ է վախի նախադեպ ստեղծելու, որպեսզի մտահոգ մարդն իր խոսքն արտաբերելիս` մտաբերի, որ այն կարող է ունենալ նման հետևանքներ, ինչպես եղավ մեր և մեր քաղբանտարկյալ ընկերների հետ: Որ կարող են շատ հեշտությամբ հայտնվել անազատության մեջ ու կարող է ավելի վատ բաներ էլ լինել: Այս երևույթն առհասարակ աշխարհում միշտ եղել է, սակայն եթե որոշ մարդկանց պարագայում այն կարող է աշխատել, իմ և Նարեկի պարագայում միանշանակ կարող եմ ասել, որ սա աշխատող տարբերակ չէ: Դատարանն այս որոշումը կայացրել է մեծ ճնշումների ներքո, ավելի քան վստահ եմ: Մենք տեսանք, թե մեղադրող դատախազներն ինչ ցնդաբանությունների հասնող գործողություններ էին անում, վկաներ էին ներգրավել, որոնք ասում էին, թե իբրև հաճելի չէ մեր կողմից նման լեքսիկոն լսելը և այլն…. Դե ինչ արած` մեզ էլ հաճելի չէ, բայց 2018 թվականից սկսած իրենք բերեցին այդ լեքսիկոնը դաշտ և դա փաստ է, նախքան 2018 թվականը չկար նման երևույթ:

- Բայց իրենց արբանյակներն ավելի սարսափելի բառեր են եթերում օգտագործում, ընդ որում, եթե դու ու Նարեկը հայհոյում եք յութուբյան ալիքում, ՔՊ-ի համախոհները հայհոյում են տարբեր հեռուստաընկերությունների եթերում, սակայն ոչ ՀՌՀ-ն, ոչ էլ իրավապահ համակարգը անգամ նկատողություն չեն անում այդ մարդկանց:

- Այո, դե հենց խտրական մոտեցումը դա է: Իրենք կարող են արցախցիների մասին ինչ ասես ասել և մնալ ազատության մեջ, իսկ եթե մեկն իրենց է քննադատում, կարող են դատարան տանել, անգամ կալանավորել: Արդեն պարզ է, թե ինչու է դատարանն արգելում մեր հաղորդումը, անպայման դատարանի որոշումը բողոքարկելու ենք, կարող է պարզապես մնալ նորմատիվ լեքսիկոնի պահանջը, բայց այստեղ այլ խնդիր կա, ոչ նորմատիվ լեքսիկոնն արդյո՞ք հանցագործություն է, դատարանը սա պետք է հստակեցնի: Նույնիսկ դատարանում փորձագետն է բացատրում, թե ոչ նորմատիվ լեքսիկան ինչ բացատրություն ունի, բայց դատարանը պնդում է, որ դա հանցագործություն է, ինչը պարզապես ցնդաբանություն է: Թե արվեստում, թե երաժշտության մեջ նորմալ է, երբ կա նման խոսք: Մարդը պարզապես պետք է ինքը հստակեցնի, ինչ է ցանկանում լսել, նայել: Եթե մարդուն այն աստիճան տհաճ է այդ խոսքը` անկախ բովանդակությունից, որ այն լսել չի ուզում, ապա պարզապես չի լսում: Մարդուն հաճելի չէ լսել ռեպ երաժշտություն, ուրեմն պարզապես չի լսում: Դուր չե՞ն գալիս 18+ ֆիլմեր, չի դիտում դրանք: Բայց պատկերացնո՞ւմ եք նորմալ, դեմոկրատ երկրում ինչ-որ մեկին դրա համար բանտ տանեն: Օրինակ, ռեփերին դատեն` ստանդարտից դուրս ինչ-որ բան կարդալու համար: Ռեփ երաժիշտների մեծ մասն այս տրամաբանության մեջ` բոլորը պետք է գտնվեն «Արմավիր» քրեակատարողականում:

- Գիտեք ի՞նչ հիշեցի, հեղափոխությունից հետո այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ Նոր Հայաստանում մշակույթը չպետք է ունենա ցենզուրա: Խոսքն էլ չէ՞ մշակույթ է: Փաստորեն երկակի ստանդարտներն ամենուր են:

- Շատ լավ հիշեցրիր: Դահլիճում մարդիկ ուղղակի ծիծաղում էին, երբ խոսքը դիտարկում էին հանցագործություն: Երբ ծանր վիրավորանքը քրեականացրել էին, գործերի 97 տոկոսը վերաբերում էր բացառապես Նիկոլ Փաշինյանին: Իրենց ընկալումն այդ տրամաբանության մեջ է: Ալեն Սիմոնյանը կարող է թքել քաղաքացու երեսին ու դա չդիտարկվի հանցագործություն, սակայն ինչ-որ մեկը կարող է քննադատել, վիրավորել իրենց իշխանությանը ու դրա համար հայտնվի կալանավայրում, սա պարզապես աբսուրդ է: Այս ամենը խոսում է հենց իրենց վախերի մասին: Մենք տեսնում ենք, որ այս ամենը ստանում է նաև միջազգային արձագանք, թեպետ իրենք արդեն միջազգային հեղինակավոր կազմակերպություններին են կասկածի տակ դնում, ասելով, թե նրանք չեն որոշողը: Իմ խորին համոզմամբ սա կլասիկ բռնապետական ռեժիմ է, պարզապես Նիկոլ Փաշինյանի փնթի, ճղճիմ տեսակը հաշվի առնելով` մենք նրան չենք համարում բռնապետ, որովհետև բռնապետը նախ և առաջ լինում է ուժեղ: Բայց գործիքակազմն ակնհայտ բռնապետական գործիքակազմ է:

- Այսինքն` դուք երեք ամիս առանձին-առանձի՞ն էլ հաղորդումներ չեք կարող վարել:

- Երեկ նոր ստացել ենք դատարանի գրավոր որոշումն ու դրա պարզաբանումները: Բանավոր խոսքից հասկացա, որ կոնկրետ մենք չենք կարող վարել այս փոդքասթը, ոչ էլ կարող ենք դրա հյուրը լինել և ոչ էլ նմանատիպ այլ հաղորդում կարող ենք ստեղծել և վարել: Փորձում են կանխել, որ հանկարծ այլ անվանումով նոր հաղորդում չստեղծենք, թեպետ նման մտադրություն չկար էլ: Մենք մեր գործունեությունը կարող ենք ծավալել այլ եղանակներով` լայվերով, այլ հաղորդումների մասնակցելով: Այսօր Նարեկի հետ կհանդիպենք, կգտնենք ձևաչափ, որպեսզի շարունակենք մեր գործունեությունն, առանց դատարանի որոշումը խախտելու, մինչև հաջորդ նիստին դատարանը գուցե վերանայի իր որոշումը: Գուցե միայն պահպանվի նորմատիվ լեքսիկայի պահանջը, սակայն հաղորդումը շարունակվի: Ես վստահ եմ, որ դատարանը վճռելու է, որ մեր արարքը հանցագործություն չէ, ես նման տպավորություն եմ ստացել դատավորի ադեկվատությունից: Պարտադիր ուզում եմ նշել, որ մեր լեքսիկան ինքնանպատակ չէ, դա էմոցիոնալ գնահատականն է այն իրավիճակի, որի մեջ մենք բոլորս ենք հայտնվել, մեզ էլ դա հաճելի չէ, պարտադիր էլ չէ, բայց այլընտրանք երբեմն չի լինում, չենք կարողանում նորմատիվ լեքսիկայով որակել որոշ երևույթներ: Ինչպե՞ս որակենք Գռզոյի երեկվա հայտարարությունները, հնարավո՞ր է առանց որոշ արտահայտությունների դրանք մեկնաբանել: Ես վստահ եմ, որ այս աբսուրդը մի օր ավարտվելու է: Վերջը մի օր տրաքելու է, իրենք առաջին հերթին իրենց են վատություն անում, մեզ փոքր անհարմարություններ պատճառելով: Վստահ եմ, որ իրենց սպասվող անհարմարությունները մերի համեմատ շատ ավելի ուժեղ են լինելու:

- Նոր շարժո՞ւմն եք ակնարկում:

- Ոչ միայն: Ես դեռ նոր եմ վերադարձել, դեռ շարժմանը չեմ կարող հստակ գնահատականներ տալ, ամեն դեպքում գիտեմ, որ Բագրատ սրբազանը 2018 թվականից հետո ամենաշատ առաջխաղացում ունեցող կերպարն է, թե իր տեսակով, թե ցույցերով: Հույս ունեմ, որ նա արդյունքի է հասնելու: Այս մարդը, այս թիմը այլևս չի կարող ղեկավարել երկիրը: