Վաղը որ լսեն՝ թուրքը մտել է կողքի գյուղը, էլի շարունակելու են խաղը

Վաղը որ լսեն՝ թուրքը մտել է կողքի գյուղը, էլի շարունակելու են խաղը

Ավտոմեքենայով երկար ճանապարհ գնալիս հաճախ եմ զրուցում՝ շոշափում ավտովարորդների տրամադրությունը։ Այս անգամ խոսելու տրամադրություն չունեի, պատուհանից անտարբեր նայում էի հեռացող տներին ու ծառերին։
- Էս անասունները մեզ ո՞ւր են քշում,- հանկարծ լսեցի վարորդի ձայնը, բայց դեռ չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին է խոսքը։
- Ո՞ր անասունները,- հարցրի,- անասունները շատ են, ո՞ւմ նկատի ունեք։
- Մի՞թե պարզ չէ՝ մեր թուրք ղեկավարներին,- նեղացած պատասխանեց վարորդը՝ զարմանալով, որ իր պարզ միտքը չեմ հասկացել։
- Հա՜... Ինչ-որ նոր բա՞ն են արել,- հարցրի։
- Էլ ի՞նչ պիտի անեն, երկիրը ծախում են, թուրքացնում են։ Արցախը տվին, թե բա` մեզ խանգարում է, որ լավ ապրենք։ Ախմախ զոմբլախներն էլ, ուրախ-ուրախ խրխնջալով, գնացին էդ յանը տարածին վերընտրեցին։ Թե բա՝ մեր հզոր վարչապետը գիտի, թե ինչ է անում, ինքը մեղք չունի, սաղ նախկիններն են ծախել։
- Արդեն Արցախը տվեցին, պրծան։ Հիմա պիտի մտածել գոնե Հայաստանը փրկելեւ մասին։ Ժողովուրդը...
- Տո, ի՞նչ ժողովուրդ,- բորբոքվեց զրուցակիցս,- ո՞ւր է ժողովուրդը։ Ժողովուրդ կա՞…
- Չկար, բայց հիմա ոնց որ աստիճանաբար զարթնում է... Ավելի ճիշտ` Բագրատ սրբազանն արթնացրեց մարդկանց մի մասին,- պատասխանեցի։
- Հա, սրբազանի ցավը տանեմ։ Էդ մարդը մենմենակ իրենն արեց։ Էն Վեհափառը վաղուց պիտի դա աներ, բայց խոր քնած է կամ, ինչպես միշտ, չի ուզում իշխանությունների քեֆին դիպչել, որ հանկարծ աթոռը տակից չհանեն։ Բագրատ սրբազանը մեծ գործ արեց, բայց էդ մարդը պոլիտիկ չի, ծանոթ չի մեր քաղաքական դաշտի կեղտոտ բարքերին, ստորություններին, շանտղություններին։
- Քո կարծիքով՝ մեր քաղաքական դաշտում նորմալ մեկը չկա՞,- փորձեցի պարզել վարորդի կարծիքը՝ նեխած քաղաքական ճահճի մասին։
- Որտեղի՞ց։ Մեկի անունը տվեք, որ կեղտոտված չի։
- Ընդդիմադիր...
- Տո, ի՞նչ ընդդիմադիր, դրանց սաղի...- հայհոյեց ու ներողություն խնդրեց վարորդը՝ ասելով, որ դրանց անունն ամեն անգամ լսելով, ափերից դուրս է գալիս։ Ու ավելացրեց, որ նրանք բոլորը` թե՛ նախկին, թե՛ ներկա, արժանի են պարանի։
Տրամադրությունս փոխվեց, որոշեցի նոր թեմա բացել վարորդիս հետ...
- Ոստիկանները... Դեռ բառը լրիվ չարտաբերած, զրուցակիցս անմիջապես բորբոքվեց.
- Տո, ոստիկանների...,- այս անգամ ավելի երկար ու պատկերավոր «հիշեց» վերջիններիս «մեր ու մանուկն» ու «յոթ պորտը»,- դրանք ո՛չ հայ են, ո՛չ մարդ են, ո՛չ էլ վարժեցնելու ընդունակ կենդանի են, որ մի բան հասկացնես, մի բան սովորեցնես։ Լափամանը դիր առաջներն ու քսի տուր։ Հարազատ բարեկամին էլ կգզեն, երբ խմբով են՝ մենակ չեն, ոհմակով են։ Իսկ մենակ եղած ժամանակ կուռկուռի ձագ են, խեղճ ու վախկոտ են։ Դրանց...

Հասկանալով, որ զրուցակիցս շատ է բորբոքվում, որոշեցի թեման շեղել դեպի առավել հանգիստ հանգրվան.
- Դե, հիմա կարճ` քո կարծիքով, այս ամենի վերջն ի՞նչ է լինելու,- հարցրի։
- Ի՞նչ պիտի լինի։ Եթե էս անգամ էլ չկարողացանք սրանց սրբել, թուրքի հետ ձեռք-ձեռքի տված՝ սրանք են մեզ սրբելու եւ թուրքի երախը նետելու...
Երբ տեղ հասանք, վարորդը ցույց տվեց «բեսեդկայի» տակ նստած, թուղթ խաղացող միջին տարիքի տղամարդկանց ու ասաց. «Սա էլ Ձեր ասած ժողովուրդը։ Վաղը որ լսեն, թե թուրքը մտել է մոտիկ գյուղը, իրենք էլի հանգիստ շարունակելու են իրենց խաղը»։
Ոչինչ չկարողացա պատասխանել։

Գարեգին Վարդանյան