Թուրքիային կարելի է, Վրաստանին՝ ո՞չ․ Կոբախիձեն վրդովված է

Թուրքիային կարելի է, Վրաստանին՝ ո՞չ․ Կոբախիձեն վրդովված է

Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն այդքան մեծ ուշադրության է արժանացել արևմտյան աշխարհում, միայն պատճառ է Ռուսաստանի հետ «երկրորդ ճակատ» բացելու՝ Վրաստանից պահանջների համար։

Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«2022 թվականի սկզբից Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու լուրջ շահագրգռվածություն կա, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը։ Այդպիսի հետաքրքրությունն այսօր էլ առկա է»,- ասել է Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ ժամանակակից աշխարհում կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը բացարձակապես չի հետաքրքրվում Վրաստանի ճակատագրով, նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։
«Կրկին թափանցիկության մասին օրենքի հետ կապված. Թուրքիան այսօր ընդունում է ճիշտ նույն օրենքը, նույնիսկ ավելի կոշտ, քան մերը, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ ոչ ոք մեկնաբանություն չունի։ Տրամաբանությունը պարզ է. Թուրքիային, ի տարբերություն Վրաստանի, չի կարելի ստիպել բացել «երկրորդ ճակատը», - ասել է Կոբախիձեն:
Վարչապետը չի հստակեցրել, թե ով է կանգնած «գլոբալ պատերազմի կուսակցության» հետևում, սակայն ընդգծել է, որ այդ ուժերը «առանցքային ազդեցություն ունեն» Եվրամիության և Միացյալ Նահանգների վրա։

Նրա խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունները կարող են զիջել ու հրաժարական տալ, բայց հետո իշխանությունը կանցնի այն քաղաքական ուժի ձեռքը, որը կառավարել է մինչեւ 2012 թվականը. «Այս քաղաքական ուժի երաշխավորված արդյունքը կլինի Վրաստանի ուկրաինացումը, «երկրորդ ճակատի» բացումը շատ կարճ ժամանակում, ուստի մենք դա թույլ չենք տա»,- ասել է Կոբախիձեն։