Ավինյանը մերժել է քաղաքացուն տրամադրել 600 հազար դրամ

Ավինյանը մերժել է քաղաքացուն տրամադրել 600 հազար դրամ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մերժել է քաղաքացի Պետիկ Պետրոսյանի ներկայացուցչի դիմումը՝ փոխհատուցման պահանջի վերաբերյալ։

Պետրոսյանի ներկայացուցիչը  դիմումի մեջ նկարագրել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին Ավանեսովի փողոցի թիվ 7 հասցեի շենքի բակում կայանված՝ Պետիկ Պետրոսյանին պատկանող «Nissan X-trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ճանապարհային լուսավորության սյուն և մեկ ծառ է ընկել, որի հետեւանքով առաջացել է վնաս, որը կազմում է մոտ 600.000 դրամ:

Պատահարի հետեւանքով վնասվել են «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի հետևի և դիմացի ձախակողմյան հատվածները, շարժիչի ծածկոցը, դիմացի լուսարձակը և այլ մասեր, իսկ վնասը կազմում է մոտ 600.000  դրամ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության կողմից էլ տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 7 հասցեում 2024 թվականի մայիսի 16-ին, 14։30 սահմաններում քաղաքացի Պետիկ Պետրոսյանին պատկանող «Nissan X trail» մակնիշի ավտոմեքենայի վրա ուժեղ քամուց կոտրվել և ընկել է կենսունակ բարդու կենսունակ ճյուղ։

Տիգրան Ավինյանը քաղաքացու դիմումը մերժել է, քանի որ, ըստ նրա, վարույթի լսումների ժամանակ չի ներկայացվել «Nissan X trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չիապացուցվել մոտ 600.000 դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը։
Պետիկ Պետրոսյանին այժմ մնում է կամ որոշումը բողոքարկել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։