Եթե կարող եք՝ ներեցեք․․․

Եթե կարող եք՝ ներեցեք․․․

Ամենախոցելի մարդիկ են հանրային դեմքերը։ Հանրությունը նրանց համարում է իրենը, իրե՜նը, դրա համար է խոցվում նրա ամեն մի բառից, արտահայտությունից։ Հարազատից  խոցվում, օտարի խոսքը քամու՜ նման է, մի դռնով կմտնի, մյուսով դուրս կգա․․․Հարազատի խոսքը մարդ է սպանում։ Իսկ Լալան ժողովրդի համար հարազատ էր,  սիրելի։ Մարդիկ, չնայած չեն արտահայտվում, լռում են, բայց բոլորն իրենց մտքում պահած ունեն խորը վիրավորվածություն, հուզական տագնապային   վիճակ և յուրաքանչյուրը մի ձևով է դրսևորում։ Մեկը լռում է՝ հիմք ընդունելով, որ նա ընդունել է իր սխալը, մյուսը չի կարողանում մոռանալ, որովհետև խոսքը եղել է հայոց անգին քարի՝ Շուշիի մասին, որի գեղեցկությունից օրեր առաջ ցնցվել էր Լուկաշենկոն, ասելով՝ աշխարհում նման չքնաղ վայր  չեմ տեսել։ Իսկ դերասանուհին կպել էր հայոց ամենախոր վերքին՝ Շուշիին։

Չեմ ուզում հիշեցնել բառերը, դրանք ցավոտ են, շա՜տ ցավոտ․․․ Այո, մարդիկ կան, որոնք խո՜րը, շա՜տ խորը ցավ են զգում։ Այսօր Հայոց զարդը՝ Շուշին,  չկա։ Եթե լիներ Շուշին, միգուցե այդքան խորը չվիրավորվեին մարդիկ։ Ես մի բան եմ ուզում հիշեցնել։ Լալան այդ խոսքերը, որոնք խոցել են մեզ, ասել է, երբ կար չքնաղ Շուշին։ Նա նույնիսկ պատկերացնել չէր կարող , որ անառիկ Շուշին կարող էր հանձնվել։ Երևակայության մեջ անգամ չէր տեղավորվի, որ ,,խաբող բերանը,, մի օր կասի՝ Արցախը Ադրբեջանինն է, իսկ Շուշին նախքան հանձնելը կանվաներ Շոշա։ Շուշին հանձնելուց, Արցախը հայաթափելուց հետո Լալան եկավ իրական դաշտ ու սոսկաց՝ ինչպե՜ս եմ խաբվել։

Եթե մի մարդ կարողացավ խաբել մի ողջ ժողովրդի, ինչու՞ ժողովուրդը մասրենու նման կպավ Լալայի․․․ ու այլոց փեշերին։ Անուններ չեմ տալիս։  Հենց սկզբում ասացի, որ հանրային, ճանաչված դեմքերը խոցելի են, նրանք ժողովրդից մի քիչ առաջ պիտի տեսնեն, արտահայտությունների մեջ զգույշ պետք է լինեն։ Բայց ես այլ տեսանկյունից կմոտենամ հարցին։ Արդեն արձագանքներ են հնչում, որ անաստված գրառումներ են արվում  դերասանուհու հանդեպ․․․ Անաստված բառը  Շուշան Պետրոսյանն  է օգտագործում՝ ,, Անաստված գրառումներ եք անում․․․ Ականջումս զնգում է հայրենիք կորցրած մարդու ողբը, ով անգամ Աստծուն է մեղադրում․․․

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք․․․

Անաստված էր, երբ մենք կորցրինք Շուշին, Արցախը․․․ Բայց Լալան մեղք չուներ դրա մեջ։ Նա հավատում էր այն մարդուն, ով ժողովրդին խաբել էր․․․ Հետո եկավ իրական դաշտ ու սոսկաց։ Շուշին չկար, Արցախը չկար, իսկ այդ մարդը, ով ժողովրդին խաբելով եկավ,  այսօր էլ կա ու շարունակում է Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Շուշիի, Արցախի հետ վարվեց․․․ 

Եթե Լալան  լիներ, կասեր՝ եթե կարող եք՝ ներեցեք ինձ, ես սխալ եմ եղել․․․ Այս խոսքերը գրում եմ, որովհետև վերջին տարիների նրա գրառումները հենց այդպիսին էին, այդ բովանդակությունն ունեին։ Ես ընդհանրացնում եմ նրա գրառումները։ Գուցե իմ ընդհանրացրած խոսքը մեղմի մարդկանց զայրույթը և սթափ գնահատեն, թե    մի մարդ  ո՜նց կարողացավ բոլորին լարել բոլորի դեմ, իսկ ինքը շարունակել իր գործը։